կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-14 14:23
Տնտեսական

ԵՏՄ-ն հայացքը հառում է դեպի Վիետնամ, Չինաստան և Իրան

ԵՏՄ-ն հայացքը հառում է դեպի Վիետնամ, Չինաստան և Իրան

Այսօր լրագրողների հետ հանդիպման էին եկել ԵԱՏՀ կոլեգիայի անդամներ` նախարարներ Վլադիմիր Գոշինը, Տիմուր Սուլեյմենովը, Անդրեյ Սլեպնյովը , ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրացման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը, ԵԱՏՀ կոլեգիայի անդամ Արա Նռանյանը և ԵԱՏՀ կոլեգիայի անդամ Ռոբերտ Հարությունյանը:

 

Սուրեն Կարայանը նշեց, որ մայիսի 13-15-ը Հայաստան են այցելել ԵԱՏՄ կոլեգիայի անդամներ նախարարները` հանդիպելու Հայաստանի գործարար աշխարհի, կառավարության ներկայացուցիչների հետ և խորհրդատվություն տալու տարբեր ոլորտների վերաբերյալ, որտեղ առաջանում են խնդիրներ՝ ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված ինտեգրման գործընթացում:

 

Ըստ նրա` ԵՏՄ-ի կողմից մշակվում է նոր մաքսային օրենսգիրք, այդ նպատակով հրավիրվել է Վլադիմիր Գոշինը: ԵՏՄ անդամակցությունից հետո հարցեր ծագեցին հարկային ոլորտին առնչվող, այդ նպատակով Հայաստան է եկել Տիմուր Սուլեյմենովը, և վերջապես, ԵՏՄ-ն նախապատրաստում է մայիսի վերջին ազատ առևտրի համաձայնագիր ստորագրել Վիետնամի հետ, և այդ կապակցությամբ Հայաստան է այցելել Անդրեյ Սլեպնյովը:

 

Անդրեյ Սլեպնյովը նշեց, որ այսօր հանդիպել են Հայաստանի բիզնես միջավայրի, կառավարության ներկայացուցիչների հետ, քննարկումները շատ բուռն են ընթացել: Նրա խոսքով՝ մայիսի 8-ին ԵՏՄ բարձր հանդիպման ժամանակ ԵՏՄ երկրների նախագահները քննարկել են Վիետնամի հետ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու մասին հարցը, ներկա պահին ավարտվում են համաձայնագիրի հետ կապված ներպետական գործընթացները: Սլեպնյովը հույս հայտնեց, որ այն առաջիկայում կստորագրվի:

 

«Սա ազատ առևտրի առաջին համաձայնագիրն է, որը ԵՏՄ-ն պատրաստվում է ստորագրել: Դիտարկել ենք այդ համաձայնագրի բոլոր մանրամասները, որոնք ներառում են թե' գյուղատնտեսության, թե' արդյունաբերության ոլորտները: Իհարկե, այսօր Հայաստանի ու Վիետնամի միջև առեւտուրը զրոյական է, բայց Վիետնամը մեծ երկիր է և կարող է Հայաստանի համար ծառայել որպես մուտք դեպի մեծ շուկաներ»,- ասաց Սլեպնյովը՝ հավելելով, որ համաձայնագիրը պետք քննարկվի Հայաստանի խորհրդարանում: Հունիսին արդեն հանդես կգան զեկույցով և մանրամասն կներկայացնեն, թե ինչ հնարավորութուններ կարող է բերել այդ համաձայնագիրը:

 

Նա նաև նշեց, որ քննարկվել են Չինաստանի հետ համագործակցության հարցերը, քանի որ Չինաստանը մեծ գործընկեր է ԵՏՄ երկրների համար, և կան հնարավորություններ` ինտեգրվելու դեպի Չինաստան` հնարավորություն տալով Չինաստանին գործել նոր Մետաքսի ճանապարհի շրջանակներում:

 

«Մենք քննարկեցինք նոր առևտրային համաձայնագրի հնարավորությունը Իրանի հետ: Իրանը ցուցաբերել է նախաձեռնություն, փորձագիտական մակարդակում գաղափարն արժանացել է ԵՏՄ բոլոր երկրների հավանությանը: Հույս ուննեք, որ շուտով կսկսվեն Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրման բանակցությունները»,- ասաց Սլեպնյովը: