Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առավոտյան արթնանում եմ, արթնանում եմ` ինչպես բոլորը, ում բախտ է վիճակվել այդ առավոտ, առհասարակ, արթնանալ… Արթնանում եմ ու հագնվում` ինչպես բոլորը` «տակից» հագնում եմ նախորդ օրերից մնացած ու չմարսված մտքերը, իսկ որպես վերնազգեստ` հագնում եմ մտքերը, որոնք դեռ նոր պետք է մտածեմ: Մեկ-մեկ մտածում եմ` ե՞ս, թե՞ միտքս է շուտ արթնանում ու ինձ արթնացնում:
Արթնանում եմ, հագնվում ու տնից դուրս գալիս: Դրսում որքանո՞վ ես քեզ ներսում զգում` չեմ էլ հասցնում մտածել` ներս ու դրսի խնդիրը միանգամից լուծվում է, երբ ծեր հարևանս ժպտալով բարևում է ու սկսում բողոքել «էս կյանիքց»` թաղելով թե՛ ներսում, թե՛ դրսում գտնվողների բոյը: Մեկ-մեկ մտածում եմ` այդ պահին, երբ Անուշ տատը բոյեր է թաղում, երևի աչքին ես ավելի սլացիկ եմ երևում:
Արթնանում եմ, հագնվում, տնից դուրս գալիս ու գնում: Գնում եմ` տնից դուրս գալուց հետո ուղղակի ուրիշ շարժում չպատկերացնելով: Գնում եմ` երբեմն հաճույքով, մեծ մասամբ` սովորության համաձայն: Գնում եմ, բայց տեղ հասնելու մասին չեմ մտածում` կարևորը շարժն է` վերջում մի կետում կկանգնեցնի` միգուցե իմ տեղն էլ դա լինի: Մեկ-մեկ մտածում եմ` երևի գնում եմ, որ հետո չմտածեմ` գնալու տեղ չունեմ:
Ուրեմն այսպես` արթնանում եմ, հագնվում, տնից դուրս գալիս, գնում ու նստում Կասկադի բարձունքում: Ներքևում քաղաքն է, վերևում` ագռավները. հաճելի զգացողություն է մեջտեղում լինելը: Նստում եմ ու սկսում ոտքերս ճոճել` հենց այնպես, վերևում նստած` ուրիշ անելիք չունենալու պատճառով: Երբեք չեմ մտածել ցած նետվելու մասին` քաղաքն ափսոս է: Մեկ-մեկ մտածում եմ` որ չգնամ ու քաղաքին չբարևեմ, ի՞նձ էլ արտագաղթածների ցուցակում կավելացնի:
Արթնանում եմ, հագնվում, տնից դուրս գալիս, գնում, նստում Կասկադի բարձունքում ու հետո նոր միայն աշխատանքի վազում: Փոքր ժամանակ պապիս հարցնում էի, որ եթե աշխատանքը գեղեցկացնում է մարդուն, ինչո՞ւ է մեր կոշկակարի քիթն այդքան մեծ: Պապս էլ լուրջ-լուրջ պատասխանում էր.«Ինքը միայն մեծերի կոշիկներ է սարքում, դրա համար էլ քիթը մեծ է, բայց` սիրուն»: Վազում եմ աշխատանքի` օրվա վերջում հոգնած լինելու հաճույքը վայելելու համար: Մեկ-մեկ մտածում եմ` աշխատելիս, առհասարակ, մեկ-մեկ մտածում եմ:
Արթնանում եմ, հագնվում, տնից դուրս գալիս, գնում, նստում Կասկադի բարձունքում, վազում աշխատանքի ու հետո զբոսնում` երեկո` իբրև թե մաքուր մտնելու համար: Քայլում եմ, որ տեսնեմ, ամեն ինչ իր տեղո՞ւմ է` խոտերի վրա թավալվող շները, նույն դալանում ամեն օր թաքուն միզող հարբեցողը, սիրահարներին անհուսորեն ծաղիկ գնել առաջարկող գեր տղան, մուրացիկը, ով հազար ու մի երգ գիտի, բայց բոլորն էլ նույն տոնայնությամբ է նվագում ու երգում…
Արթնանում եմ, հագնվում, տնից դուրս գալիս, գնում, նստում Կասկադի բարձունքում, վազում աշխատանքի, հետո քայլում ու մեկ էլ հոպ` մութն ընկավ. երբեք չեմ հասցնում լույսով տուն վերադառնալ: Օրվա վերջում միակ ճիշտ շարժումը վերադառնալն է, որ հաջորդ օրվա սկզբին գնալու տեղ ունենամ: Վերադարձը, կարծում եմ, չարժե վաղվան թողնել: Ամենահաճելի զգացողությունն այն է, որ տանը գիտեն`վերադառնալու եմ, գիտեն, բայց սպասում են:
Արթնանում եմ, հագնվում, տնից դուրս գալիս, գնում, նստում Կասկադի բարձունքում, վազում աշխատանքի, հետո քայլում, մթով հասնում տուն ու մերոնց սպասումը թեյով լցնում և հասկանում` կարևորը հասցնելն է «Բարի լույսի» ու «Բարի գիշերի» մեջտեղում ինչ-որ բան անել:
Կարինե Հարությունյան