կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-30 11:50
Առանց Կատեգորիա

Երիտասարդության ″Հայացքը″` կինոյի միջոցով

Երիտասարդության ″Հայացքը″` կինոյի միջոցով

Մայիսի 1-5-ը Երեւանում` Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում, առաջին անգամ կանցկացվի «Հայացք» երիտասարդական կինոփառատոնը: Նախաձեռնությունը Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդինն է: Փառատոնի համակարգողն է Վարդգես Բարսեղյանը, ֆիլմերի պատասխանատուն` Ռուբեն Գեւորգյանց-կրտսերը, դիզայները` Լիանա Կրճացյանը, կազմակերպիչը` Արտակ Ավետիսյանը: Yerkir.am-ի զրուցակիցն է փառատոնի հեղինակ, պրոդյուսեր Սերգեյ Սանոյանը:

 

- Ինչո՞ւ «Հայացք»:

- Մեր թիմն ամբողջովին երիտասարդական է` հեղինակը, ֆիլմերի պատասխանատուն, նկարիչը, մի խոսքով`ամբողջ թիմը: Երիտասարդները միշտ առանձնացել են իրենց ըմբոստությամբ ու խոսքով: Բոլորս ունենք մեր հայացքները կյանքի տարբեր երեւույթների վերաբերյալ, եւ այս դեպքում կինոյի միջոցով յուրաքանչյուրը հնարավորություն ունի իր տեսակետը ներկայացնելու մյուսներին:

 

- Քանի՞ ֆիլմ է մասնակցելու փառատոնին, եւ ինչո՞վ է պայմանավորված եղել ընտրությունը:

- Մենք ստացել էինք 70-ից ավելի հայտ, ընտրել` 25-ը: Կարեւորն այն էր, որ ֆիլմի գաղափարները վերցված չլինեն օտարերկրյա ֆիլմերից, քանի որ կային ֆիլմեր, որ սկզբնական հատվածը գրեթե արտատպված էր, ինչն անթույլատրելի է: Փառատոնի բացումը լինելու է արտամրցութային կարճամետրաժ ֆիլմով` «Միասին աշխարհում», որը նվիրված է Ցեղասպանության հիշատակին: Այն նկարահանվել է Ուրուգվայում` որպես Ցեղասպանությունը ճանաչած առաջին պետություն: Ֆիլմն առաջին անգամ կցուցադրվի: Ունենք 4 անվանակարգ` «Հանդիսատեսի համակրանք», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն խաղարկային ֆիլմ» , «Լավագույն վավերագրական ֆիլմ»: «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթողին կորոշի հանդիսատեսը՝ փառատոնի կայքէջում քվեարկելու միջոցով:

 

- Ովքե՞ր են ժյուրիի անդամները:

- Ժյուրիի  կազմում են թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դասախոսներ, արվեստի վաստակավոր գործիչներ, որոնք ներկա են գտնվելու կինոդիտումներին: Նրանք մեծ պատասխանատվությամբ են մոտենում իրենց գործին, քանի որ ֆիլմերն առանձնանում են իրենց բազմազանությամբ: Ժյուրին պրոֆեսիոնալ է: Մենք ոչ մի սահմանափակում չենք դրել երիտասարդների առջեւ, որ յուրաքանչյուրն իրեն ազատ զգա ստեղծագործելիս:

 

- Ֆիլմի ռեժիսորները հիմնականում սկսնա՞կ են:

- Այո: Սակայն Թատերական ինստիտուտում ավագ տարիքի գործընկերները միանգամից նկատում են շնորհալիներին եւ սկսում նրանց հետ աշխատել: Ակտիվ երիտասարդների մասին շատերը տեղյակ են լինում, եւ ֆիլմերի ռեժիսորների մի մասն արդեն ունեն լավ անուն եւ սկզբնական բազա: Կան ֆիլմեր, որոնցում հետաքրքիր նկարչական աշխատանք է արվել, ինչը շատ քիչ է հանդիպում մեր օրերում:

 

- Ի՞նչ մրցանակ է շնորհվելու հաղթողներին:

- Լավագույնները կստանան դիպլոմներ եւ արձանիկները, որոնք մեր բուհի լավագույն նկարիչներից մեկի` Լիանա Կրճացյանի աշխատանքներն են:

 

- Յուրաքանչյուր փառատոն, մրցույթ մի շարք քննարկումների տեղիք է տալիս: Վա՞խ չկա, որ փառատոնից հետո քննադատության թիրախ կդառնաք:

- Միայն ուրախալի կլինի լսել թե՛ բացասական եւ թե՛ դրական խոսքեր, քանի որ դա պետք է յուրաքանչյուր երիտասարդի, ով առաջին քայլն է անում:

 

- Կուզեի` նաեւ խոսեիք ֆիլմերի տեխնիկական որակի մասին:

- Իմ կարծիքով` երիտասարդները պետք է հասկանան, որ լավ տեխնիկային մոտենալու համար անհրաժեշտ է ստեղծագործական ճանապարհ անցնել: Այնպես որ` եթե կան ֆիլմեր, որոնք նկարահանված չեն միջազգային չափանիշներին համապատասխան, ես խնդիր չեմ տեսնում: Հիմնական շեշտադրումը մենք պետք է դնենք գաղափարի, մատուցման ձեւի, ռեժիսուրայի, նկարչական աշխատանքի, թեմայի ընտրման վրա, իսկ տեխնիկական հատվածն այս դեպքում առաջին պլանում չի գտնվում: Մուտքն ազատ է լինելու, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Նարինե Մալյանին` թատրոնի դահլիճը մեզ տրամադրելու համար:

 

Զրուցեց Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ