Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հարավային Կորեայում քաղաքական սկանդալի պատճառ են դարձել «բարի օր» և «բարի գիշեր» արտահայտությունները: Այս մասին տեղեկացնում է The Korea Times-ը`հավելելով, որ երկրի արտգործնախարարը ստիպված է եղել ներողություն խնդրել խորհրդարանի առջև:
Պարբերականը նշում է, որ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը մարտի սկզբին այցելել էր Մալայզիա: Վարչապետ Մահաթհիր Մոհամադին նա ողջունել էր «selamat sore» արտահայտությամբ: Այս բառերն ավելի հաճախ օգտագործվում են Ինդոնեզիայում: Պետք է նշել, որ հարևան երկրների լեզուներն այնքան նման են, որ, որպես կանոն, դրանք հասկանալի են երկու ժողովուրդներին:
Մուն Չժե Ինի արտահայտությունը ստիպել էր Մալայզիայի վարչապետին ժպտալ, մինչդեռ նախարարները փռթկացել էին: Պարզվել է, որ Հարավային Կորեայի նախագահը «բարի օր» ասելու փոխարեն «բարի գիշեր» արտահայտությամբ էր ողջունել: Առաջին հայացքից սա մանրուք է թվում, բայց Հարավային Կորեայում մալայզիական լեզվի չիմացությունը «դիվանագիտական աղետ» են որակել:
The Korea Times-ը դատապարտել է նախագահի թիմին «անիրազեկության» համար: «Ընդունող կողմի բողոքի բացակայությունը չի արդարացնում անհավանական անփութությունը: Սա միջադեպերի շարքից մեկն էր, որը ցուցադրում է նախագահի աշխատակազմում`Կապույտ տանը, պրոֆեսիոնալիզմի և էթիկայի լուրջ բացակայությունը»,- գրում է թերթը:
Միջադեպից հետո երկրի արտգործնախարար Կանգ Կյոնգվան ներողություն է խնդրել խորհրդարանից՝ ընդունելով` իր նախարարությունը լուրջ սխալ է թույլ տվել:
Այնուամենայնիվ, Մալայզիայում դեպքը ոչ թե վիրավորական, այլ զվարճալի են համարել: