կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-22 17:55
Քաղաքական

Ռուբինյանի բարի հայացքը և դրական ազդակները չեն խանգարելու Թուրքիային՝ գրավել Սյունիքը. Մենուա Սողոմոնյան

Ռուբինյանի բարի հայացքը և դրական ազդակները չեն խանգարելու Թուրքիային՝ գրավել Սյունիքը. Մենուա Սողոմոնյան

Ռուսաստան-Արևմուտք լարվածությունը գնալով մեծանում է: Ըստ քաղաքագիտական շրջանակների՝ եթե Ռուսաստա-Արևմուտք լարվածությունը վերածվի լայնածավալ պատերազմի, ապա չի բացառվում, որ Արևմուտքը կօգտագործի Թուրքիային, որպեսզի մեր տարածաշրջանից երկրորդ ճակատ բացի: Ռուսաստան-Արևմուտք լարվածության ֆոնին՝ ադրբեջանական իշխանությունները գրեթե ամեն օր Արցախում սադրանքներ են հրահրում, մյուս կողմից էլ՝ անընդհատ ապատեղեկատվություն տարածում, թե հայկական կողմն ակտիվ գնդակոծում է իրենց դիրքերը:

Միջազգայնագետ, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշում է՝ Թուրքիային և մեր տարածաշրջանում Թուրքիայի կցորդ Ադրբեջանին ձեռնտու է, որ Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունները գերլարվեն, տեղի ունենա պատերազմ, որպեսզի Ռուսաստանն Այսրկովկասում դարձյալ գնա զիջումների:

«Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է: Հիմա Ռուսաստանին ձեռնտու է, որ այս տարածաշրջանում լինի կայունություն, քանի որ իրենց ռեսուրսները անսպառ չեն: Ռուսաստանը չի կարող մի քանի ճակատներով դիմադրություն ցույց տալ: Ռուսաստանը որքան թուլանա ուկրաինական ճակատում, այնքան Այսրկովկասում շատ բան կկորցնի, իսկ սա նշանակում է, որ Թուրքիան կշահի: Հայաստանի շահերից է բխում, որ ուկրաինական ճակատում իրավիճակը կայունանա, որպեսզի հանկարծ Այսրկովկասի (ՀՀ-ի) շահերի հաշվին Ռուսաստանը զիջումների չգնա: Մենք ոչ թե պետք է ասենք՝ իրավիճակն այսպիսին է, ուրեմն պետք է հաշտվենք իրավիճակի հետ: Արդեն բավականին ժամանակ ենք կորցրել՝ չզինվելով։ Այս ամենի ֆոնին՝ լսում ենք Գուրգեն Արսենյանին, որն ասում է, թե հայկական ընտանիքներում սթրեսով են սպասում արու զավակների բանակ գնալուն, իսկ մենք այն իշխանությունն ենք, որ եկել ենք այս խնդիրը լուծելու: Այս տարածաշրջանում մենք ամեն ինչը պետք է դնենք ռազմական ռելսերի վրա, պետք է համախմբվենք, որ, եթե Ռուսաստանի գործերը մի ուրիշ տարածաշրջանում վատ գնան, և այստեղ պրովոկացիաներ լինեն,  կարողանանք դրանց պատրաստ լինել: Այդ ամենի փոխարեն մենք, ցավոք, «խաղաղության դարաշրջան» ենք բացում: Ես համոզված եմ՝ եթե Թուրքիայի համար  Հայաստան ներխուժելու պատեհ առիթ լինի, ապա Թուրքիան չի նայելու Ռ. Ռուբինյանի բարի հայացքին կամ իշխանությունների բարի ազդակներին, չի նայելու նրան, որ այս իշխանությունները ցեղասպանությունից հրաժարվում են, Արցախն են մոռացել և այլն, Թուրքիան իր անելիքն անելու է․ իրենց կարևորագույն թիրախը Սյունիքն է»,- ասաց Մենուա Սողոմոնյանը:

Հարցին՝ Ն. Փաշինյանը հայտարարեց, թե կառավարությունը վերաձևակերպել է  Հյուսիս-հարավ նախագիծը դարձնելով այն  Հյուսիս-հարավ- արևելք- արևմուտք կամ «հայկական խաչմերուկ», ինչո՞ւ ենք դարձել «հայկական խաչմերուկ», եթե բազմաթիվ թուրքագետներ, քաղաքագետներ, պատմաբաններ ահազանգում են՝ դա պանթուրքիզմին ձեռնտու ճանապարհ է, Մենուա Սողոմոնյանը պատասխանեց՝ Հայաստանի ներկայիս իշխանությունների վարած անհեռատեսական քաղաքականությունը նպաստում է պանթուրքիստական աշխարհի միավորմանը:

«Ո՞վ է ստիպում Հայաստանին՝ գնալ նման զիջումների՝ առանց այդ որոշումներում հստակ վերլուծություն ունենալու: Փաշինյանը հայտարարում է, թե կան վերլուծություններ, բայց մեզ որևէ վերլուծություն հայտնի չէ: Նախիջևա՛նն է դառնալու խոշոր աշխարհատնտեսական հանգույց, այլ ՛չ թե Հայաստանը: Սրա փոխարեն՝ Հայաստանի վրայով թուրքական աշխարհն է միավորվելու, և ցանկացած պահի Թուրքիան լեգիտիմ հիմքեր է առաջ բերելու՝ Հայաստան ներխուժելու համար: Հիմա այդ կապն անցնում է Իրանի տարածքով, Իրանն էլ բավականին հզոր երկիր է՝ ինչ-որ բաներ վերահսկելու համար: Իսկ եթե մեր տարածքով անցնի այդ կապը, և տեղի ունենան աշխարհաքաղաքական փոփոխություններ, ապա Թուրքիան բոլոր հիմքերը կունենա՝ ներխուժում իրականացնելու համար: Այն, ինչ ասում է Փաշինյանը, դա արտահայտում է նրա, նրա մերձավորների շահերը, քաղաքական դիվիդենդներ է տալիս այն առումով, որ կարճաժամկետ հեռանկարում ամեն ինչ էժան կլինի և այլն, և այլն: Եթե հարցին ավելի լուրջ նայենք, ապա Փաշինյանն ակտիվորեն նպաստում է Ռուսաստանին այս տարածաշրջանից դուրս մղելու գործընթացին»,- ասաց Մենուա Սողոմոնյանը:

Ի՞նչ նպատակ է հետապնդում Արևմուտքը՝ հանձին ԱՄՆ-ի, հայ-թուրքական սահմանի բացման հարցում։ Ըստ Մ. Սողոմոնյանի՝ ժամանակ առ ժամանակ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև կարող են  տեղի ունենալ հակասություններ, և Էրդողանը, որպես սուլթան, Բայդենի հասցեին անում է ոչ հարիր արտահայտություններ, բայց խորքային պետության մակարդակով ԱՄՆ-ն ու Թուրքիան դաշնակիցներ են:

«Կարծում եմ, որ Այսրկովկասը և Կենտրոնական Ասիան հանգիստ կարող են հանձնել Թուրքիայի տնօրինմանը՝ ապահովելով թուրքական ազդեցությունը այդ տարածաշրջաններում: Իսկ թուրքական ազդեցության՝ այստեղ լինելը նշանակում է, որ Ռուսաստանի ազդեցությունը այստեղից կորչում է: Կենտրոնական Ասիան Թուրքիայի կուռացիային հանձնելը կթուլացնի ԱՄՆ-ի մյուս մրցակցի՝ Չինաստանի ազդեցությունն այդ տարածաշրջանում: Եթե Թուրքիայի ազդեցությունը մեծացավ այս տարածաշրջանում, ապա Ռուսաստանը կկորցնի այս տարածաշրջանը: Իսկ ԱՄՆ-ին իրականում ոչ թե համաշխարհային խաղաղության օրակարգն է հետաքրքրում, այլ Ռուսաստանին  այս տարածաշրջանից դուրս մղելը»,- եզրափակեց Մենուա Սողոմոնյանը: 

                                                                                                       

                                                                                                       Լենա Կարապետյան