Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Yerkir.am-ը ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմիածին» պաշտոնական ամսագրի` 1965 թվականի Բ-Դ համարում տպագրված` Գրիգոր Զոհրապի ընկեր Վարդգես Սերինկյուլյանի կնոջ` Հռիփսիմե Սերինկյուլյանի հուշերը: Նա մոտ է եղել Զոհրապի ընտանիքին, ականատես է եղել նրանց նիստուկացին, Զոհրապի ձերբակալությանը և աքսորելուն, ընտանիքի տառապանքներին:
Գրիգոր Զոհրապի պես մեծ մտքի տեր և հանճարեղ անձնավորության մասին գրելու համար պետք է գրիչ ունենալ և ոսկի գրիչ, իսկ իմս մատիտ է անգույն, բայց որովհետև իրարու շատ մոտ մարդիկ ենք եղած և ամեն օր հանդիպած, մանավանդ որ տղայիս կնքահայրն էր, փորձեմ հուշերես բան մը թողուլ սա թուղթին, որ մնա անկորուստ։
Զոհրապ միջահասակ, բավական լեցուն կազմվածքով, կլոր դիմագծերով, ուշագրավ տեսքով, շարժուձևերով աշխույժ մեկն էր, զննող, նկատող հայացքով, այնպես կդիտեր շուրջը, որ կարծես գրելու նյութ կհավաքեր։ Արտաքնապես միշտ շատ ճաշակավոր, անգլիական ամենաազնիվ բրդեղեն կտորներով կոստյումներու մեջ և ամեն ինչ հագվածին համապատասխան, բաճկոն, փողկապ, թաշկինակ և այլն, և այս բոլորը շատ անփույթ ձևով, կարծես ինքնիրենը եղած ըլլար։
Պերճաբան էր Զոհրապ, բառի ամենալայն իմաստով, ճիշտ այնպես կխոսեր, ինչպես որ կգրեր։ Ուր որ ալ ըլլար` խորհրդարան, ազգային երեսփոխանական ժողով, որևէ ընկերական հավաքույթ, գրական երեկո, իրենց տունը, մեր տունը, երբ Զոհրապն էր խոսողը, բոլորը կլռեին և բերանաբաց կլսեին։ Ան կնկարեր, կքանդակեր կարծես իր պատմածը։
Ամեն նորության, ըլլա գրական, գիտական, գեղարվեստական, քաղաքական, անմիջապես կտեղեկանար, ոչ միայն իր ապրած երկրին մեջ, այլև ամբողջ աշխարհի մեջ և իր հեղինակավոր կարծիքը կհայտներ այդ մասին։
Բնակարանը, Բերա թաղամասի Այազ- փաշա փողոցի ծովահայաց մեծ տան մը մեջ, վերևի 4-րդ հարկը, սքանչելի տեսարան ուներ։ Ննջարանի պատշգամեն, պատուհաններեն ցույց կուտար շոգենավերու, նավակներու, մակույկներու անընդհատ լողալ-երթևեկը` կյանքին հետ համեմատելով։
Աշխատասենյակը կգտնվեր մուտքի դռան ճիշտ դիմացը, ոչ շատ մեծ, պատերը մինչև առաստաղը գրապահարաններ` փառակազմ գրքերով։ Գրասեղանը նույնպես ոչ մեծ, ամենաազնիվ փայտեղենով շինված, վրան ամեն ինչ գեղարվեստական` թանաքաման, գրիչ, մատիտ, թերթահատ, արձանիկներ և այլն։ Կսիրեր առհասարակ դուռը բաց աշխատիլ, գրասեղանին առջև, կքած թուղթերուն վրա, պենսնեն քթին։ Իրենց այցելելու ժամերուն, երբ կտեսնեինք զինքը այդ դիրքում, արագ մը կանցնեինք և կմտնեինք հյուրասենյակ։ Մեր գալեն քանի մը րոպե անց, կուգար եռանդով բարևելու մեզ։ Ներողություն կխնդրեինք իրմե, որ զինքը խանգարեցինք։ «Մինչև ետքը թուղթերուս հետ միայնակս մնալու չեմ վերջապես» ,- կպատասխաներ։ Կսկսեր պատմել, կատակել։ Առհասարակ խոսակցությունը միշտ համեմած էր սրամիտ կատակներով։ Ամենասովորական դեպքը կպատմեր գունագեղ։ Մեծ հաճույքով կլսեինք զինքր, կամ, ավելի ճիշտ, կտեսնեինք պատմածները։
Բրյուսելի ցուցահանդեսեն վերաղարձին, եթե չեմ սխալիր` 1914 թվականին, արձան մր բերած էր` սպիտակավարդագույն մարմարի վրա քանդակված ոչխարներու հոտը, հովիվը` միասին։ Արձանը տեղավորեր էին պատուհանին մեջ, ժանյակավոր վարագույրին հետև, ելեկտրական լույսին տակ, ուր ավելի ցայտուն, ավելի գեղեցիկ կերևար ան։ Զհրապը մեզի ցույց կուտար արձանը ըսելով.«Ի՜նչ ճիշտ մտահղացում և մատներու ի՜նչ նուրբ ճարպիկություն պետք է, սա անխոս մարմարին այս կյանքը տալու համար։ Ոչխարներու գեղմը կշոշափես ափիդ մեջ, հովիվը տիրական կանգնած, խուզարկու հայացքը նետած հեռուն, պահապան գամփռը ոտքերուն առջևը։ Քանդակագործին ձեռքին ավելի նուրբ ու համառ աշխատանքն է գնահատելի»։ Զոհրապ առհասարակ ամեն բանի վրա թափված աշխատանքն էր որ կգնահատեր։
Ամբողջ բնակարանը նման էր գեղարվեստի թանգարանի մը։ Ընտանիքով բոլորը կինը` Կլարան, աղջիկները` Դոլորես և Հերմինե, տղաները` Լևոն և Արամ, վերին աստիճանի նուրբ և գեղեցիկ ճաշակի տեր մարդիկ էին։ Ներս մտնողր չէր գիտեր ո՛ր նկարին, ո՛ր արձանին, ո՛ր գեղեցիկ ծաղկամանին առջև կանգներ ու դիտեր հիացումով։ Ճաշարանի պատերը ծածկված էին Էդգար Շահինի ձեռակերտ նկարներով։ «Որչա՜փ շարժուն կյանք կա բոլորին մեջ և համառ, տոկուն աշխատանք»,- կըսեր Զոհրապ։
Որևէ անճաշակ բան կամ ոչ ճիշտ երևույթ տեսնելով կավելցներ. «Բարբարոս ձևով մը եղած է»։ Մեծ մտածողը կարո՞ղ էր գուշակել, որ այդ «բարբարոս» ձևը իր վրա պիտի գործադրվեր և ինք պիտի նահատակվեր բարբարոսաբար։
Տան մեջ մանուկի մը պես կխնամեին զինքը, ամեն ինչ նախապես մտածված` սնունդ, հանգիստ, հագուստ և ամեն բան։ Երբեմն կբողոքեր. «Ձգեցեք անգամ մըն ալ ուզածիս պես շարժիմ, ուզածս ընեմ»,- կկատակեր հաճախ այդ մասին, և մենք րոլորս կծիծաղեինք:
Կիրակի օրերը կսիրեր ոտքով երկար պտույտներ ընել մեծ աղջկան` Դոլորեսի հետ։ Բավական հեռու կապրեինք մենք։ Սովորականեն տարբեր, ուժեղ զանգահարումով մը ներս կմտներ և դեռ միջանցքին մեջ «սատե մը» կպատվիրեր («սատե», թուրքերեն, կնշանակե «միայն, զուտ», այսինքն սուրճ առանց շաքարի)։ Հազիվ նստած, կպատմեր իր տպավորություններեն կամ նոր պատահած դեպքե մը։
Իրավաբանական ասպարեզին մեջ առաջինն էր. ինչ դատ որ ստանձներ, անպայման պետք է շահեր։ Փաշայի մը շատ խճճված դատը ստանձնեց, շահեցավ, փաշան շնորհակալ եղավ մեծ վարձատրությամբ։ Ինքն ալ նույն առատաձեռնությամբ կծախսեր ամենուն վրա, ամեն բանի համար։
Իբրև իրավաբան կցված էր ռուսական դեսպանատան հետ։ Կսիրեր ռուսերը: «Անոնք շիտակ մարդիկ են, մեզի պես չեն»,- կըսեր։ Դեսպանատան զինվորական կցորդը շատ մոտ էր Դոլորեսին, զոր կսիրեր, բայց որովհետև դիվանագիտական ասպարեզին մեջ աշխատողը իրավունք չուներ ամուսնանալու օտարահպատակ աղջկան հետ, խոստացած էր երթալ, ձգել պաշտոնը, վերադառնալ և կապվիլ ամուսնությամբ։ Գնաց և ուշացավ։ Ազդված էին ընտանիքով, հայր ու աղջիկ մանավանդ, իսկ հետո պատերազմն սկսավ և ամեն ինչ այլ ձև ստացավ արդեն։
Զոհրապ լիովին վստահ էր ռուսերուն հաղթանակին։ «Արևելյան սահմանագլուխին վրա ռազմական ուժ չունինք»,- կըսեր։ Այդպես ալ եղավ։ Կռիվն սկսելեն քիչ վերջ, ռուսական բանակը մտավ Տաճկաստան, բայց, ափսո՜ս, նահանջեց, գրեթե իսկույն, որմե հետո ոճրագործ իթթիհադականները (օսմանյան կառավարության ղեկավար կուսակցությունը) սկսան իրագործել նախապես ծրագրված հայերու բնաջնջումը, աննախընթաց բռնագաղթով։ Զոհրապի տրամադրությունը փոխվեցավ բոլորովին. մտախոհ, ծանր տեսք ուներ։ Իսկ երբ 1915 թվականի ապրիլ 24-ի գիշերը ձերբակալություններ եղան Պոլսի մեջ, մտավորականներու մեծ մասը ձերբակալվեցավ և հաջորդ օրն իսկ աքսորվեցավ, Զոհրապ ամեն օր ամուսնուս` Վարդգեսին հետ կդիմեր «նեզարեթ»-ները (մինիստրություն), ինչպես և գլխավոր ոստիկանապետ Բեդրի բեյին ու բացատրություն կպահանջեր անմեղ մարդոց հանդեպ կատարված հալածանքներուն համար։ Մինչև որ... զիրենք ևս ձերբակալեցին մայիս 20-ի երեկոյան, ազատվելու համար բողոքներեն, և հաջորդ օրը, առավոտ կանուխ, աքսորեցին սևածիր ճամբաներով…
Զոհրապի գրական գործունեության մասին չեմ համարձակիր բան մը ավելցնել, քանի որ Մինաս Հյուսյանը և ուրիշներ այնքան ձեռնհասորեն ուսումնասիրած են անոր գրական ժառանգությունը։ Ըսեմ միայն, որ ինքը` մեծ Զոհրապը, ոչ մեկ կարևորություն կուտար իր գրվածքներուն։ «Կյանքեն պզտիկ նոթեր, պզտիկ պատկերներ են անոնք,- կըսեր, - ես ամատյոր մըն եմ միայն գրական ասպարեզին մեջ»։ Ականջիս մեջ կհնչե դեռ իր համեստ արտահայտությունը։
Զոհրապը ճանչցեր եմ 1911 թվականին, երբ ամուսնությանս առթիվ փոխադրվեցա Պոլիս։ Քանի մը օր էր որ հասած էինք Պոլիս, դեռ ոչ բոլորովին տեղավորված։ Զոհրապ հրավիրեց մեզ ճաշի, թեև կինը բացա կա էր, Եվրոպա գացած ըլլալով։ Ինքը Զոհրապ, տղան և փոքր աղջիկը ընդունեցին մեզի։ Առաջին պահին այնպես ջերմ սիրալիրությամբ դիմավորեց մեզի, կարծես հինեն մոտ բարեկամներ եղած ըլլայինք, և այդպես մնացինք մինչև վերջին օրը։ Հիսուն տարեկան էր այն ժամանակ, թեև մազերը բոլորովին սպիտակած, բայց երիտասարդի աշխույժ և ավյուն կար բոլոր ձևերուն մեջ։ Հետաքրքրությամբ հարցեր կուտար, պատմել կուտար գավառի` Էրզրումի կյանքեն, դպրոցներու մասին և այլն։ Ես ալ կպատասխանեի տեսակ մը քաշվելով, երևի երիտասարդ տարիքիս պատճառով։
Շարժապատկերի պաստառին պես տեսողությանս առջև կսահի վերջին պահը, երբ առավոտ կանուխ գացի Սիրքեջիի կայարան ճանապարհելու զիրենք։ Ամուսինս հաջողեր էր բացառիկ թույլտվություն ձեռք բերել, որ ճանապարհելու երթամ։ Ոստիկաններով շրջապատված, փոքր սենյակի մը մեջ, նստած էին Զոհրապն ու Վարդգեսը տախտակե բազմոցին վրա, անհայտին առջև հուսաբեկ արտահայտությամբ։ Կոշիկներուն կոճակները կոճկված չէին, մազակալս տվի, որ կոճկե։ «Այդպես ալ մնա նե, ի՞նչ հոգ»,- ըսավ։ Հրամայեցին, որ թուրքերեն խոսի։ Քանի մը խոսք ըսավ տիկնոջ հաղորդելու։ Հազիվ կես ժամ անցած, տարին, նույնպես ոստիկաններով։
Տարին... անանուն ճանապարհներով, ոչնչացնելու համար հայ մտքի, գրչի, գաղափարի այլ տիտաններու հետ։
Ձերբակալության հաջորդ օրը Զոհրապի կինը, գլուխը կորսնցուցած, կդիմեր աջ ու ձախ պաշտպան գտնելու, ամուսինը ազատելու և վերադարձնելու համար։ Գերմանական դեսպանատուն, խորհրդարանի նախագահին, վարչապետին և ուրիշ ծանոթներու կատարված դիմումները անցան իզուր, ոչ ոք օգնեց, ոչ մեկ բան ընել ուզեցին։
Օսմանյան խորհրդարանի այն ժամանակվա նախագահ Խալիլ բեյը Զոհրապի մոտ ապաստաներ էր, երբ Իթթիհադը կհալածվեր Իթիլաքեն (իրարու հակառակ կուսակցություններ)։ Խալիլ բեյը հալածանքի օրերուն շունչը առեր էր Զոհրապի տունը և երկու շաբաթեն ավելի պահվեր էր անոր մոտ, մինչ հաջողցուցեր էին զայն գաղտնի հեռացնել Պոլսեն։ Նույն այդ նզովյալ Խալիլը «Ոչ մեկ բան ընել չեմ կարող»,- պատասխաներ էր Զոհրապի կնոջ։ Իսկ երբ Կլարան վարչապետին դիմեց որպես ծանոթ, ըսելով, որ «Իմ ամուսինը հեղափոխական չէր, ոչ մեկ կուսակցության կպատկաներ, այս հալածանքին պատճառն ի՞նչ է»,- վարչապետը անամոթաբար պատասխաներ էր. «Չե՞ք գիտեր որ թաց խոտն ալ չորին հետ կվառի»։
Ճիշտ նույն պատասխանը, նույն բառերով գրեր էր Րաֆֆին իր «Կայծեր»-ուն մեջ, երբ Ասլան կբողոքեր Վանի վալիին, անմեղ մարդոց դեմ կատարված հալածանքներուն համար։
Արևմտահայերու ճակատագիրը դարերե վեր դառնագինորեն նույնն է եղած։
Զոհրապ հաջողեր էր ճանապարհեն մեկ-երկու նամակ և հեռագիր մը հասցնել տուն: Իսկ երբ այդ ևս դադրեցավ, ընտանիքը մնաց առանց լուրի։ Կլարան օրը քանի մը անգամ հեռախոսով կհարցներ, թե որտե՞ղ կգտնվի ամուսինը, որմե ինքը ոչ մեկ լուր ուներ, ոճրագործները պատասխաներ էին. «Զոհրապ յոլդա օլմյուշ» («Զոհրապ ճանապարհին մեռեր է»)։
Անկարելի է նկարագրել սոսկալի հարվածի ազդեցությունը Զոհրապի ընտանիքին վրա: Անհնար է երևակայել ընտանիքի ապրած մեծ վիշտը։ Հաջորդ օրն իսկ ուզեցին մահազդ տալ, հոգեհանգիստ կատարել, բայց արգիլեցին։ Նման ոճրագործության վրայեն պետք էր լռելյայն անցնիլ։
Արտասուքներու հեկեկանքին մեջեն տիկին Կլարան ցույց կուտար Զոհրապի գրասեղանը, գրապահարանները, հանդերձադարանը և կհեկեկար. «Այս ամենը ձգեցիր, ո՞ւր գացիր, ես քեզ հիմա ո՞ւր պիտի, գտնեմ…»։
Հիշողություններս, թեև փոքր, բայց իրական, թող մնան թուղթին, իբր հիշատակ անմահ Զոհրապին։
4 դեկտեմբեր 1963
Թբիլիսի