կարևոր
4387 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-08 11:00
Քաղաքական Իրավական

Եկեք բոլորս առաջնորդվենք այն տվյալներով, որը ներկայացնում է Քննչական կոմիտեն․ Գրիգոր Մինասյանը՝ Բաքվում պահվող գերիների մասին

Մենք հենվում ենք այն տվյալների վրա, որը ներկայացվել է Քննչական կոմիտեի կողմից։ Այնտեղ կարող է թյուրըմբռնում լինել, որովհետեւ ադրբեջանական կողմը նրանց մի մասին ռազմագերի չի համարում, իսկ հայկական կողմն այլ մոտեցում ունի։ Դրա համար եկեք մենք բոլորս առաջնորդվենք այն տվյալներով, որը ներկայացնում է Քննչական կոմիտեն։ Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնել է Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե գերիների հստակ թվի տիրապետո՞ւմ է արդարադատության նախարարությունը։

Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանն օրերս հայտարարել էր, որ Բաքվում հաստատված մնում է 23 հայ գերի։ Մինչդեռ իրավապաշտպանները ավելի մեծ թվեր են ակնարկում։
Անդրդառնալով Բաքվում պահվող հայ գերիներին, այդ թվում՝ գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներին՝ նախարարն ընդգծել է, որ դիվանագիտական աշխատանք է տանում արտաքին գործերի նախարարությունը։

«Դեկտեմբեր ամսին ուրախալի լուր ունեցանք, երեք տասնյակից ավելի մեր գերիները վերադարձան Հայաստան, եւ Հայաստանն իր կողմից երկու ադրբեջանցի փոխանցեց հենց ադրբեջանական կողմին։ Ինչ վերաբերում է հարցին, թե Հայաստանն ինչ պրոցեսներ է իրականացնում դեռեւս Ադրբեջանում գտնվող գերիների հետ կապված, հիմնականում դա արտաքին գործերի նախարարության կողմից իրականացվելիք դիվանագիտական աշխատանքն է, այսինքն՝ մեր դեսպանների միջոցով նաեւ միջազգային հարթակներում մանրամասն ներկայացնել, թե ինչ է տեղի ունեցել, ովքեր են այդ մարդիկ, նրանց քաղաքական անցյալը, անցած ճանապարհը։ Եվ նաեւ հենց Կարմիր խաչի գործընկերների միջոցով այցելությունները եւ հարազատների հետ ժամանակ առ ժամանակ կապի հաստատումը։ Սա դիվանագիտական ուղիներով տարվող աշխատանքն է, բայց նաեւ Միջազգային իրավական հարցերով կառավարության ներկայացուցչությունն է ինտենսիվ աշխատանքներ իրականացնում բազմաթիվ միջազգային ատյաններում, մասնավորապես, դատական ատյաններում, որտեղ միջնորդություններով ու հայցապահանջներով հենց մեր հայազգի ներկայացուցիչներին փորձում է պաշտպանել եւ իրավունքները վերականգնել։ Ես համոզված եմ, որ այդ աշխատանքները, որոնք տարվում են, իրոք մեծածավալ են։ Եվ առաջիկայում արդեն հնարավորություն կունենանք միջազգային ատյանների կողմից հաստատված որոշումներով ներկայացնել, թե ուր ենք հասել»,- ասաց Մինասյանը։