Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2019-ի նոյեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեծ ելույթով հանդես եկավ Տաշքենդում անցկացվող՝ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում: Այն նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին, սակայն, չնայած արտաքին վեհ մղումներին, ուղղված էր շատ նեղ ու կիրառական նպատակի իրագործմանը: Նշելով որոշ հետխորհրդային երկրներում նացիզմի հերոսականացման մասին՝ Ալիևն ընդամենը մեկ օրինակ բերեց՝ Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում կանգնեցվել է Գարեգին Նժդեհի արձանը, ինչից «վետերանները դժգոհում են». ըստ yerkir.am-ի՝ Regnum-ում հրապարակած իր հոդվածում գրում է Ալեքսանդր Խալդեյը:
«Ելույթի ենթատեքստի վերլուծությունը կասկածի տեղիք է տալիս, որ Ադրբեջանի նախագահին իրապես մտահոգում է հետխորհրդային տարածքում նացիստների հանցակիցների հերոսականացումը: Բացառապես Նժդեհի օրինակը բերելով՝ նա անցավ մերձբալթյան երկրներում, Ուկրաինայում և մի շարք այլ երկրներում տեղի ունեցող իրադարձությունների կողքով:
Հաշվի առնելով հայ-ադրբեջանական հակամարտությունը՝ Հայաստանի հասցեին հնչած կշտամբանքը քարոզչական պատերազմի ակնառու տարր է: Կասկած է առաջանում, որ Ադրբեջանի ղեկավարին ոչ այնքան վրդովեցնում են Հայրենական մեծ պատերազմի մեկնաբանման արատավոր միտումները, որքան նա հարևանի հետ ժամանակակից հաշիվներ մաքրելու իր խաղում փորձում է կիրառել այդ՝ իսկապես նուրբ թեման: Եվ այդ կասկածը հիմք ունի»,- գրում է հեղինակը ու շարունակում, որ ալիևյան ելույթից 2 ամիս անց՝ 2019-ի դեկտեմբերին, տեղեկատվական գործակալությունները հայտնեցին, որ Ադրբեջանում քննարկում են 1918-1920 թթ. Ադրբեջանի հանրապետության հիմնադիրներից, իսկ հետագայում նաև ադրբեջանական էմիգրացիայի առաջնորդներից մեկի՝ Մամեդ Էմին Ռասուլզադեի արձանը տեղադրելու հարցը: Նախաձեռնողների խոսքով՝ նման քայլն անհրաժեշտ է՝ «ցուցադրելու համար պետականությանը և պատմա-մշակութային ավանդույթներին հավատարմությունն ու ժառանգորդությունը»:
Ըստ Խալդեյի՝ սա ադրբեջանական նացիոնալիզմի գաղափարախոսներից մեկի հիշատակի հավերժացման հերթական քայլն է, մարդու, որը, խորհրդային իշխանության դեմ պայքարի շահերից ելնելով, պատերազմի տարիներին համագործակցում էր հիտլերականների հետ, իսկ հետագայում նոր տերերի՝ ամերիկացիների:
Դեռևս 2013-ի նոյեմբերի 22-ին Իլհամ Ալիևը հրաման էր ստորագրել 2014-ին Ռասուլզադեի 130-ամյակը նշելու մասին: Հոբելյանը լայնորեն տոնվեց, ավելին՝ Ադրբեջանի 2 քաղաքում՝ Նովխանի և Զագատալա, արդեն կանգնեցվել են այդ մարդու արձանները, իսկ մեծությամբ երկրորդ քաղաքում ՝ Գյանջայում (հայկական Գանձակը - yerkir.am), կիսանդրի է տեղադրվել:
Ռասուլզադեի արձանը՝ Ադրբեջանում
«Հանուն արդարության հարկ է նշել, որ Իլհամ Ալիևի հայրը և նախորդ նախագահը՝ Հեյդար Ալիևը, այդ պաշտամունքը չէր խրախուսում, նույնիսկ ոչնչացրեց 1992-93 թթ. Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի հրամանով տեղադրված՝ Ռասուլզադեի արձանները: Խորհրդային ՊԱԿ-ի պաշտոնաթող գեներալ Հեյդար Ալիևը հասկանում էր, որ հակախորհրդային թեմաներով խաղերն անձնապես իրեն ոչ մի լավ բան չեն տա: Որքան էլ նա ասեր, թե գաղտնի դիմադրություն էր ցույց տալիս համակարգին, այդ համակարգում նրա զբաղեցրած դիրքը թույլ չի տալիս հավատալ նրա անկեղծությանը:
Իսկ ահա Իլհամ Ալիևի համար նման տաբուներ չկան: Ի տարբերություն հորը, նա առաջատար պաշտոններ չի զբաղեցրել Կոմունիստական կուսակցությունում, որը գաղափարախոսական հակոտնյան էր այն ամենի, ինչ հռչակում էր Ռասուլզադեն, և չի կրել ՊԱԿ-ի սպայի համազգեստ, որի կոչումն էր խորհրդային օրենքի ամբողջ խստությամբ պայքարել Ռասուլզադեի հետևորդների դեմ: Պարզ հարց տանք՝ իսկ կարո՞ղ է Ռասուլզադեի պաշտամունք ստեղծող մարդը միաժամանակ դատապարտել Նժդեհին, իրավունք ունի՞»,- ընդգծում է հոդվածագիրը:
Ադրբեջանական թղթադրամ՝ Ռասուլզադեի պատկերով
Ըստ նրա՝ առաջին հայացքից Նժդեհի և Ռասուլզադեի կենսագրություններում շատ ընդհանուր բան կա: Երկուսն էլ իրենց երկրների խորհրդայնացումից հետո հեռացան այնտեղից, մեկը բնակություն հաստատեց Բուլղարիայում, մյուսը՝ Լեհաստանում ու Ռումինիայում: Երկուսն էլ իրենց կյանքի որոշակի փուլում հարաբերությունների մեջ մտան նացիստական Գերմանիայի հետ: Սակայն այստեղ, ըստ Խալդեյի, սկսվում է ամենահետաքրքիրը. Նժդեհը ցանկանում էր, որ նացիստական Գերմանիան չօգտագործեր Թուրքիային հակախորհրդային պայքարում, և որ գերմանական ռասայական օրենքները չտարածվեն հայերի վրա, ինչպես եղավ հրեաների հետ: Ռասուլզադեի նպատակներն ավելի հավակնոտ էին: Նա ավելի շուտ սկսեց շփումները նացիստների հետ՝ դեռևս 1930-ականների սկզբին, և թե ինչքան հեռու գնացին դրանք, վկայում է այն փաստը, որ Երկրորդ աշխարհամարտի սկսվելուց հետո գերմանացիները ռումինական թագավորության իշխանություններին տեղեկացրին, որ Ռասուլզադեն իրենց քաղաքական դաշնակիցն է, և պահանջեցին, որ նրա համար Ռայխ մշտական այցերը թույլատրող փաստաթղթեր ձևակերպվեն:
«1942-ի մայիսին Ռասուլզադեն մասնակցել է կովկասյան էմիգրացիայի ներկայացուցիչների հետ գերմանացիների խորհրդակցություններին, նաև՝ ակտիվորեն լեգեոներներ հավաքագրել գերմանական վերմախտի համար ադրբեջանցի ռազմագերիներից: Սակայն նույն մեղադրանքը ներկայացվում է նաև Նժդեհին: Կրկնվենք՝ եթե Նժդեհն ընդամենը փորձում էր ազդել գերմանական իշխանությունների վրա, որպեսզի նրանք ԽՍՀՄ-ի դեմ չօգտագործեն թուրքական գործոնը, որից կտուժեին հայերը, ապա Ռասուլզադեն պնդում էր, որ ստեղծվի անկախ ադրբեջանական պետություն՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով (ներառյալ ազգային բանակի ստեղծումը): Իր նկրտումներով Ռասուլզադեն վախեցրեց Ռայխի իշխանություններին, և նրանք սկսեցին գործ բռնել ավելի ենթարկվող ու կառավարելի ադրբեջանցի առաջնորդների հետ՝ խորհրդային ռազմագերիներից իրենց կողմն անցած»,- գրում է Խալդեյը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, մինչև 1947-ը Ռասուլզադեն հանգիստ ապրում էր Գերմանիայում, և այն փաստը, որ 1945-47 թթ. արևմտյան դաշնակիցները նրան չհանձնեցին ԽՍՀՄ-ին, խոսում է այն մասին, որ նա ընդհանուր լեզու էր գտել նրանց հետ, ինչն էլ հետագայում հաստատեց նրա համագործակցությունը ԽՍՀՄ ժողովուրդների ազատագրության ամերիկյան կոմիտեի հետ:
«Եվ դրանում է Ռասուլզադեի արմատական տարբերությունը Նժդեհից, որը Սառը պատերազմի իրողությունը հաշվի առնելով՝ փորձում էր ԽՍՀՄ-ին աջակցել և իր ծառայությունն առաջարկել Թուրքիայի դեմ պայքարում:
Վերադառնանք Ալիևին. ադրբեջանցի առաջնորդը կա՛մ դա մոռացել է, կա՛մ անամոթաբար երկակի ստանդարտներ է կիրառում իր նպատակի՝ հայերի և Հայաստանի դեմոնացման առաջխաղացման համար: Եվ ի՞նչ կապ ունեն դրա հետ «վետերանների բողոքը» և Մեծ հայրենականի հիշատակը»,- եզրափակում է Regnum-ի հոդվածագիրը: