կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-01 17:26
Քաղաքական

Ո՞ւր ենք գնում` դեպի դիկտատուրա՞, թե՞ դեպի Նիկոլ Փաշինյանի պաշտամունք. Շարմազանով

Ո՞ւր ենք գնում` դեպի դիկտատուրա՞, թե՞ դեպի Նիկոլ Փաշինյանի պաշտամունք. Շարմազանով

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը պնդում է, որ փաստացի այսօր ԱԺ-ն մնացել է միակ քաղաքական մարմինը, որը կարող է քիչ, թե շատ հավասարակշռել Փաշինյանի միանձնյա իշխանությունը մեր երկրում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա:

«Ո՞ւր ենք գնում մենք` դեպի դիկտատուրա՞, թե՞ դեպի Նիկոլ Փաշինյանի պաշտամունք: Ես դեմ եմ դրան: ՀՀԿ-ն դեռևս ամիսներ առաջ ասել է, որ պատրաստ է քննարկել և' ընտրական օրենսգիրքը, և' արտահերթ ընտրությունների հնարավորության հարցը: Բայց քննարկել` չի նշանակում, երբ Փաշինյանը ձեռքով նշան անի, ԱԺ-ն լուծարենք ու իր քիմքին համապատասխան ԱԺ ընտրենք»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:

Շարմազանովի խոսքով` Փաշինյանն ուզի, թե չուզի, հասարակության մի մասն ուզի, թե չուզի, հանրապետականներն ուզեն, թե չուզեն, այս ԱԺ-ն ընտրվել է օրինական ընտրությունների արդյունքում: «Այս ԱԺ-ն լեգալ է, իսկ օրենսդիր մարմինն ընտրվում է ժամկետով, և մենք մինչև 2022 թվականն աշխատելու հնարավորություն ունենք»,- նշեց նա:

Ըստ ԱԺ փոխխոսնակի` իշխանություններն ասում են` իբր ժողովրդի կարծիքն է փոխվել: «Ժողովրդի կարծիքը կարող է վեց ամիսը մեկ փոխվել, ի՞նչ է` վեց ամիսը մեկ պետք է ընտրությո՞ւն անենք»,- հարցրեց նա և շեշտեց, որ Հայաստանը շատ ավելի կարևոր հարցեր ունի, քան արտահերթ ընտրությունները, քան այն, թե ինչ քաղաքական օրակարգ կա, և որ Հայաստանի թիվ մեկ խնդիրն Արցախի ու Հայաստանի անվտանգությունն է:

Շարմազանովն այնուհետև հեգնեց վարչապետին. «Երեկ էլ մի բան իմացա, որ Ալիևը մի հրաշք անձնավորություն է, մի հատ կիրթ, նորմալ, դրական անձնավորություն է: Չգիտեինք: Այն Ալիևը, որ 2016 թվականին պատերազմ է սկսել, այն Ալիևը, որ հայ զինվորին գլխատած ստահակին հերոսացրել է: Օպերատիվ շփումը մի բան է, դրական և պոզիտիվ կիրթ անձնավորություն ասելը` այլ բան»: