կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-04 04:16
Մշակույթ

Նժդեհի տարելիցը` Նժդեհին վայել

Նժդեհի տարելիցը` Նժդեհին վայել

Հայաստանի ազգային արխիվը ապրիլին նախատեսում է անցկացնել ցուցահանդես` նվիրված պետական, ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի ծննդյան 125-ամյակին:

 

Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն այս առիթով ասաց, որ ցուցահանդեսի շրջանակներում կցուցադրվեն նրա կյանքի եւ գործունեության մասին պատմող նյութեր: Այցելուներին կներկայացվեն նկարներ, արժեքավոր փաստաթղթեր, նրան վերաբերող իրեր, ձեռագրեր, հրամաններ:

 

Ա. Վիրաբյանի տեղեկացմամբ` ցուցահանդեսի բացումը տեղի կունենա կա'մ ապրիլի 22-ին, կա'մ 25-ին: Արդեն պատրաստվում են հայեցակարգը եւ ցուցադրության նմուշները: Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ հունիսի վերջը: Հաջորդը կլինի Նանսենին նվիրված ցուցահանդեսը:

 

Վիրաբյանը նշեց, որ Ազգային արխիվը նախատեսում է նաեւ լույս ընծայել Գ. Նժդեհի երկերի երկհատորյակը, առաջին հատորը կհրատարակվի այս տարվա վերջին:

 

Գ. Նժդեհի ծննդյան 125-ամյակի առթիվ ապրիլի 26-ին Տաթեւում տեղի կունենա գիտաժողով, որի տրամաբանական շարունակությունը կլինի Կապանում` ապրիլի 27-ին` Լեռնահայաստանի 90-ամյակին նվիրված: Գիտաժողովի նյութերը նույնպես կհրատարակվեն:

 

Նշենք, որ այս տարի վերջապես կտեղադրվի Նժդեհի արձանը` Սպանդարյանի արձանի տեղում, իսկ Սպանդարյանի արձանը կկանգնեցվի մեկ այլ տեղում: