Փոխարժեքներ
12 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Երեկ հայտնի դարձավ, որ ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ «2024 թվականի նոյեմբերի 11-ից 2025 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով իր իշխանական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունը, նույն տեսչական մարմնի պահեստապետի եւ մի շարք այլ աշխատակիցների օժանդակությամբ հափշտակել է իրեն վստահված՝ ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռք բերված եւ տեսչական մարմնի կարիքների համար նախատեսված վառելանյութերի կտրոնները, ինչպես նաեւ՝ վերը նշված աշխատակիցների անվամբ սահմանվածից անհամեմատ ավել չափով անհիմն ելքագրված պարգեւավճարները»,- հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Ըստ պաշտոնական տվյալի՝ նախաքննությամբ պարզվել է, որ տեսչական մարմնի պահեստապետը ՍԱՏՄ ղեկավարից ստացել եւ վաճառել է ընդհանուր 15․300 լիտր բենզինի եւ 1․000 լիտր դիզելային վառելիքի կտրոններ, որի արդյունքում առաջացած 7․844․000 ՀՀ դրամ գումարն անձամբ փոխանցել է ՍԱՏՄ ղեկավարին։
Բացի այդ, վերջինս հափշտակել է նաեւ տեսչական մարմնի հաշվեկշռում հաշվառված եւ իրեն վստահված 2․926․080 ՀՀ դրամ արժողության 6․096 լիտր ավտոբենզինի կտրոնները: Արդյունքում հափշտակվել է ընդհանուր 10․770․080 ՀՀ դրամի 21.396 լիտր բենզինի եւ 1․000 լիտր դիզելային վառելիքի կտրոններ:
Հիշեցնենք․ Դանիելյանը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մտերիմն է, հենց նրա լոբբինգով էր նշանակվել այդ պաշտոնում, սակայն ընդամենը մի քանի ամիս պաշտոնավարեց եւ կալանավորվեց մայիսի 6-ին: Թեեւ կալանավորումից շաբաթներ անց խափանման միջոց կալանքը փոխել են տնային կալանքով։
Արայիկ Հարությունյանը երեւի շարունակում է «տիրություն» անել իր մտերիմներին: