Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Facebook-յան օգտատեր, նախկինում Հ1-ի փոխտնօրեն Հարություն Հարությունյանը իր էջում անդրադարձել է սոցցանցերում տարբեր օգտատերերի կողմից «Նժդեհ» կինոնկարի վերաբերյալ կատարվող գրություններին եւ հումորային տեսահոլովակներին` գրելով .
«Անկեղծ ասած, որոշել էի իմ էջում ոչինչ չգրել, որովհետեւ որոշ «կոմսոմոլիկներ» դրանք այլ կերպ էին ընկալում եւ ներկայացնում: Մի խոսքով` ըստ իրենց շահի: Բայց այն ինչ կատարվում է այս օրերին սոցցանցերում ուղղակի նման է աղ ու հացով թշնամուն դիմավորելուն: Չնայած երկար ժամանակ աշխատել եմ մի հիմնարկում, որտեղ աշխատել է Հրաչ Քեշիշյանը, բայց շատերը կվկայեն, որ ես երբեք նրա գովքով չեմ զբաղվել: Հիմա էլ:
Հրաչ Քեշիշյանը պատրաստվում է մոտ օրերս հանրության դատին հանձնել ՆԺԴԵՀ գեղարվեստական կինոնկարը: Մոտ օրերս` հունվարի 29-ին: Եվ այդ օրը դեռ չեկած, դեռ ոչինչ չտեսած, որոշ մարդիկ սկսել են «ստեղծագործել»: Եվ ոչ ավելի, ոչ պակաս, ուղղակի անարգում են ՆԺԴԵՀին:
Բանն այն է, որ մենք` հայերս, մի անգամ արդեն կոմունիստների օրոք, հայավարի Նժդեհին անարգեցինք «Զանգեզուր» ֆիլմով: Հիմա դեռ ֆիլմը չտեսած նորից հայավարի սկսել ենք անարգել, բայց այս անգամ ոչ թե պարտադրաբար, այլ չուզողությունից: Եվ ցավալին այն է, որ քննադատում են մարդիկ, ովքեր ո'չ ՆԺԴԵՀ են կարդացել, ո'չ էլ գիտեն, թե ֆիլմ նկարելը ինչ է: Ոչինչ չեմ ուզում ասել, սպասում եմ ֆիլմի շնորհանդեսին: Բայց մի բանում վստահ եմ, այն որքան էլ, որ նման լինի կլիպի, ինչպես շատերն են պնդում, միեւնույն է հազարապատիկ անգամ լավն է լինելու «Զանգեզուր» ֆիլմից: Եվ ընդհանրապես, եկեք չշտապենք: Միգուցե այն ընդամենը հեռուստատեսային գեղարվեստական կինոնկարի ֆորմատով է արվել: Ինչ է՞, «Ձորի Միրոն» շեդեւր է՞ր:
Մի բան էլ, ֆիլմը նկարահանվել է մասնավոր ներդրումներով: Այսինքն, մարդիկ գումարը հայթայթել են, սցենարը պատվիրել են եւ անցել են գործի: Լավ կլինի, թե՞ վատ, սա այլ խոսակցության թեմա է, բայց Հայաստանում դեռ շատ երկար ժամանակ իսկական կինո չի լինելու: Համակերպվեք: Վկա էսօրվա մեր մշակույթի նախարարությունն ու Կինոկենտրոնը: Ինչու չէ, նաեւ մեծամիտ եւ ամեն գնով ատկատին պատրաստ ռեժիսոր կոչվածները, որոնք Հրաչից ոչ միայն ավելին չեն, այլ նույնիսկ նրան «մոտիկ» էլ չեն:
Համբերեք: Նժդեհին էլ հանգիստ թողեք: Իսկ եթե մտածում եք լավ գործ անել, ապա Նժդեհ կարդացեք: Խորը կարդացեք, այլ ոչ թե թռուցիկ, որ եթե հանկարծ վաղը Ձեզ պաշտոն առաջարկեն հանրապետական դառնալու պայմանով, կարողանաք տարբերակել, ապազգայինը ազգայինից, ՀԱՅ-ին ` հայից եւ այլն»: