Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արագածոտնի նախկին մարզպետ, տնտեսագետ, ՀՅԴ անդամ Աշոտ Սիմոնյանը ռեյտինգային թեկնածու է առաջադրվել թիվ 7 ընտրական տարածքում, որն ընդգրկում է Արագածոտնի մարզը: Yerkir.am-ի հետ զրույցում նա խոսել է մարզի լուծված և չլուծված խնդիրների, ինչպես նաև անձերի պայքարում գաղափարով ներկայանալու դժվարությունների մասին:
- Որպես մարզպետ` ի՞նչ հասցրեցիք անել այս կարճ ժամանակահատվածում Արագածոտնի մարզի համար, ի՞նչ առաջնային հարցեր մնացին չլուծված:
- Յուրաքանչյուր մարդ, անհատ պետք է գիտակցաբար մոտենա այն աշխատանքին և պաշտոնին, որ իրեն առաջարկում են: Երբ պատասխանատվության զգացումը չափելի է դառնում քեզ համար, ինքդ քեզ հարց ես տալիս՝ արդյո՞ք այդ պատասխանատվությունը կարող եմ վերցնել և դրա տակից պատվով դուրս գալ: Դաշնակցականի համար պատասխանատվությունը 2 վեկտոր ունի` կառավարության, մարզի, ժողովրդի առջև, նաև՝ կուսակցության: Մենք միշտ առաջնորդվում ենք հետևյալ սկզբունքով՝ ինքնանպատակ որևէ բան գոյություն չունի: Այսինքն՝ մենք միշտ նայում ենք այս պրիզմայով՝ համատեղելի՞ է, թե՞ ոչ, ըստ այդմ՝ որոշում ենք ստանձնել այդ պաշտոնը: Այս կամ այն նշանակումների դեպքում շատ է խոսվում տարիքի մասին: Մեր պատմության հարյուրամյակում միշտ էլ երիտասարդներն են առաջամարտիկ, լոկոմոտիվ ուժը եղել, որոնց հետևից փորձել ենք մեր ընթացքը կառուցել: Երիտասարդի մտածելակերպը, երևույթներին նոր աչքով նայելն ինձ մնացածից տարբերվելու, կարճ ժամանակահատվածում մեծամասնության կողմից ընդունելի լինելու հնարավորություն տվեց: Ինչ վերաբերում է արվածին, ամենակարևորը՝ չինովնիկի նոր կերպար ներկայացրեցի հանրությանը: Մեզ մոտ մարզպետը, պաշտոնյան ավելի շատ որպես բացասական կերպար են ընկալվել, քան դրական: Ես իմ առջև խնդիր էի դրել՝ չինովնիկի մեկ այլ կերպար պիտի ձևավորեմ, և Արագածոտնու բնակիչը պիտի հասկանա, որ մարզպետը նախևառաջ սովորական մարդ է, հետո նոր` պաշտոնյա: Այդ գաղափարն էր, որ արմատավորվեց և ընդունելի դարձրեց ինձ: Սա փորձեցի տարածել ամբողջ աշխատակազմի վրա:
Երկրորդ՝ եթե ուզում ենք, որ մեր մարզում, գյուղում որևէ դրական փոփոխություն լինի, ապա ամեն մի բնակիչ պիտի այդ փոփոխության անմիջական կրողը դառնա: Չի լինի արդյունք, եթե ընդհանուրն իրեն չզգա որպես այդ փոփոխության տեր, եթե լինի էլ՝ շատ դանդաղ: Մարդկանց հետ հաղորդակցվելով` ես փորձեցի ցույց տալ` եթե ուզում ենք լավ երկրում, մարզում, գյուղում ապրել, ապա դրան հասնելու հարցում դեր ունի մեզնից յուրաքանչյուրը՝ դպրոցի պահակից մինչև պաշտոնյա: Դրա շոշափելի արդյունքները զգացնել են տալիս: Մենք 2017-2025 թվականների` մարզի զարգացման ռազմավարական պլան ունեցանք: Առաջին անգամ ոչ թե օդում բառեր էին ասվում, այլ ունեինք հստակ ժամանակացույց, նշված էին առաջնահերթությունները: Որոշ բաներ հասցրեցինք անել, որոշ խնդիրներ չհասցրեցինք լուծել:
- Ինչո՞ւ ընտրողը պիտի իր ձայնը տա Դաշնակցությանը և Ձեզ՝ որպես դաշնակցական ռեյտինգային թեկնածուի:
- Մեծամասնությունն այսօր իր վստահությունը հայտնում է ոչ թե քաղաքական ուժին, այլ Նիկոլ Փաշինյանին: Այս երևույթը չի կարող երկար շարունակվել: Մենք չենք կարող երկրում ունենալ մի իրավիճակ, որ լինի անձի պաշտամունք կամ միակուսակցական համակարգ:
Թե ինչո՞ւ Դաշնակցությանը և ինձ ձայն տալ, պատասխանեմ շատ պարզ՝ 128 տարվա պատմության ընթացքում Դաշնակցությունը միշտ եղել է ժողովրդի կողքին, հային և հողին հավատարիմ, մեր գործողությունները միշտ միտված են եղել հայի տեսակը պահելուն, որտեղ էլ նա լինի: Վստահ եմ, որ հուզական այս վիճակը երկար չի շարունակվի, ջրերը պարզանալու են, կարևոր է լինելու, թե որ ուժն ինչ տեսլական ունի երկրի ներկայի և ապագայի վերաբերյալ, և կունենանք մաքուր վիճակ:
- Բայց Դաշնակցության նկատմամբ հասարակության վերաբերմունքը միանշանակ չէ, և կան կարծիքներ, որ Դաշնակցությանը հիմնականում ձայն են տալիս ՝ հաշվի առնելով ազգային հարցերում արտաքին քաղաքական դիրքորոշումը:
- Կրկնում եմ՝ այսօր քաղաքական ուժին ձայն են տալիս ոչ թե գաղափարի համար, այլ անձի: Այո, լինելու է անձնավորված ընտրություն: Այսօր ընտրողների մեծամասնությանը չի հետաքրքրում, թե քաղաքական ուժն աշխարհաքաղաքական ինչ հայացք և տեսլական ունի, կամ շատ քիչ տոկոսին է հետաքրքրում սա: Եթե ընտրողն առաջնորդվեր գաղափարով, թե ով ինչ արժեքի կրող է, արդյունքները պիտի լինեին և լինեն ավելին: Ընտրողին նույնիսկ չի հետաքրքրում, թե այս կամ այն անձը, որ ուժի ցուցակով է առաջադրված: Այսինքն՝ կա Փաշինյանը և նրա թիմը, և կան առանձին անհատ թեկնածուներ, որոնք տարբեր ուժերի ցուցակներում են:
- Այս դեպքում ինչպե՞ս եք մրցակցելու, ինչպե՞ս եք ընտրողին, որն անձին է ընտրում, ձեր կողմը բերելու:
-Եթե ավելի շատ ժամանակ ունենայինք, բոլոր ոլորտների հետ կապված մեր պատկերացումները կներկայացնեինք: Հայաստանը սահմանադրորեն սոցիալական պետություն է, բայց միշտ խնդիր ենք ունեցել, երբ լիբերալ քաղաքականությանը որպես հակակշիռ փորձել ենք բերել մեր մոտեցումը, որը, ցավոք, կառավարությունների ծրագրերում ներկայացված չի եղել: Կգա մի ժամանակ, երբ գաղափարի համար կընտրեն: Նայեք ռեյտինգային մեր թեկնածուներին և մյուսների. մենք ով ենք, նրանք՝ ով: Այո, անձի մասով էլ չենք զիջում և առավելություն ունենք: Միակ ուժն ենք, որը չի փոփոխվել, 77 ռեյտինգային թեկնածուների շարքում մեր թեկնածուներն են, որոնք տարբեր ժամանակ տարբեր ուժեր չեն ներկայացրել, տասովշչիկներ չեն եղել, ընտրակաշառք բաժանող չեն եղել, կուսակցություն չեն փոխել: Մեր առավելությունն ակնառու է:
Զրուցեց Մարիամ Պետրոսյանը