կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-08 13:02
Մշակույթ

Նժդեհին ընտրությունից ընտրությո՞ւն են հիշում

Նժդեհին ընտրությունից ընտրությո՞ւն են հիշում

Իր ընտիր մեռելների պաշտամունքը չունեցող ժողովրդին` ապերախտ ու բարբարոս, անարժան է անկախ հայրենիքի, որը միշտ էլ նահատակների սրբազան աճյունից կբարձրանա. Գարեգին Նժդեհ

 

Հենց այս նպատակով էլ 5 տարի առաջ Սուրեն Բարումյանը որոշեց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կյանքի կոչել «100+100» նախագիծը, ըստ որի` մինչեւ 2014թ. պետք է հայ մեծերի 100 մոմե արձան պատրաստվեր: 5 տարի առաջ Բարումյանը պատրաստեց Գարեգին Նժդեհի արձանը, որը, ցավոք, շարքի միակ արձանը դարձավ /շարքը շարունակություն չունեցավ/:

 

«Արձանը պատրաստեցի Մոսկվայում, ինձ 10-15 մարդ էր օգնում: Հետո այն տեղափոխեցինք Երեւան: Սարո Սարուխանյանը, ով այդ ժամանակ Ժողովրդական արվեստի թանգարանի տնօրենն էր, առաջարկեց, որ արձանը տեղադրվի հենց իրենց թանգարանում: Սակայն որոշ ժամանակ անց, երբ փոխվեց թանգարանի տնօրենը, այն տեղափոխեցինք ՊՆ-ի «Մայր Հայաստան» հուշահամալիր»,- ասաց Բարումյանը:

 

Այսօր, սակայն, Նժդեհի արձանը փրկել է պետք, այն ամեն րոպե կարող է փլուզվել: Ըստ Բարումյանի` անհրաժեշտ է վերականգնել արձանը:

 

«Արձանի գլուխը թեքվում է, դեմքը պետք է մշակվի, կան նաեւ կոտրված մասեր, որոնք պետք է վերականգնել: Քաղաքապետարանը ընտրություններից առաջ խոստացավ, որ կաջակցի, սակայն ընտրություններն անցան, խոստումներն էլ` հետը»,- ասաց նա:

 

«Վարպետ Վահանի ժայռեղեն այգի» պատմամշակութային համալիրի տնօրեն Սամվել Ղազումյանն էլ, իր հերթին, նշեց, որ, երբ արձանը նոր էր պատրաստվում, մի շարք արձագանքներ կային, եւ շատերն էին պատրաստակամություն հայտնել` ամեն կերպ աջակցելու:

 

«Նժդեհի արձանը կենդանի պատմություն է, քանի որ այն ներկայացնում է Նժդեհին` իր բնական կերպարով: Քաղաքապետարանից կանչեցին ընտրություններից առաջ, բայց ընտրություններից հետո, չգիտես` ինչպես ստացվեց, մոռացան Նժդեհին: Այսինքն` նրանք փուչ մարդիկ են` չնայած ՀՀԿ-ն անընդհատ Նժդեհի խոսքերն է մեջբերում: Հրեշի նման մարդիկ նստել են իշխանություն գլխին, իրենց ո'չ Նժդեհն է հետաքրքրում, ո'չ էլ ազգը»,- ասաց Ղազումյանը:

 

Ըստ նրա` Նժդեհի խոսքերը սովորական խոսքեր չեն, դրանք կարծես կոդ ունեն իրենց մեջ. «Այսինքն` եթե իրեն ճիշտ վերաբերվենք, Հայաստանը նույնպես կծաղկի»:

 

Ղազումյանի հավաստմամբ` իրենց աջակիցներ են հարկավոր, քանի որ արձանի վերականգնման համար անհրաժեշտ է 600 000 դրամ:

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ