Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Անցյալ շաբաթ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն հանդես էր եկել հայտարարությամբ, որը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց: Հայտարարության կապակցությամբ Yerkir.am-ը պարզաբանումներ խնդրեց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Խաչատուր Ստեփանյանից:
- Արդյո՞ք հայտարարությունը կապված է միայն օպերայի թատրոնի հարակից տարածքի սրճարանների խնդրի հետ: Բացի այդ` սովորաբար, Դաշնակցության անունից հայտարարություններ է անում ՀՅԴ Գերագույն մարմինը, սակայն այս դեպքում` ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն: Կբացատրե՞ք տարբերությունը։
- Նախ` տարբերության մասին: ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն Երևանի կազմակերպության բարձրագույն մարմինն է, որը համակարգում ու ղեկավարում է Երևանի կոմիտեների աշխատանքները, հարաբերվում Երևանի համայնքային, քաղաքական և հասարակական կառույցների հետ։ Քանի որ խնդիրն առնչվում էր Երևան քաղաքին, մենք նպատակահարմար գտանք հանդես գալ հայտարարությամբ: Նշենք, որ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն պարբերաբար հանդես է գալիս Երևանի խնդիրներին վերաբերող հայտարարություններով: Այն, որ այսօր Երևան քաղաքը «թաղված» է մի շարք խնդիրների մեջ, և քաղաքային իշխանություններն անգործությունն են ցուցաբերում դրանց լուծման հարցում, փաստ է: Երբ նախորդ տարի սեպտեմբերին Երևանում ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավն էր ընթանում, բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում` այսօր քաղաքի ավագանու կազմում բացարձակ մեծամասնություն կազմող քաղաքական ուժը, առանձնացնում էին տրանսպորտի, աղբահանության, բազմաբնակարան շենքերի վերելակների, կանաչապատման խնդիրները: Անցել է շուրջ հինգ ամիս, սակայն որևէ նկատելի դրական առաջընթաց այս ուղղություններով տեղի չի ունեցել: Երևանի կանաչ գոտիները վերականգնելու փաստարկումով օպերայի թատրոնի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժումը քաղաքի կանաչապատման խնդիրը չի լուծում: Երևանի կանաչ գոտին նախևառաջ Նորքի անտառներն են, ապա՝ Հրազդանի կիրճը, ծայրամասային թաղամասերում անտերության մատնված բազմաթիվ այգիները: Սրանց վերականգնման շնորհիվ է հնարավոր վերականգնել կանաչ Երևանը: Երևանին թթվածին մատակարարելու համար ոչ թե մարգեր են պետք, այլ ծառեր, անտառներ: Բացի այդ` Երևանի կանաչապատումով մտահոգված քաղաքային իշխանություններն այս տարվա քաղաքային բյուջեում զարմանալիորեն 30 տոկոսով կրճատել են կանաչապատմանը հատկացվող գումարները: Մեր հայտարարությունը պետք է այս դիտանկյունից քննել:
Կոնկրետ սրճարանների մասով պետք է շեշտել նաև խնդրի սոցիալական և իրավական կողմերը: Մենք համոզված ենք, որ ցանկացած ոլորտի և մակարդակի իշխանություն իր քայլերն իրականացնելիս պետք է անպայման նկատի ունենա դրանց սոցիալական բաղադրիչը: Սրճարան փակելով` փաստացի ոչ միայն խախտում ենք քաղաքացու՝ օրենքով պաշտպանված իրավունքը, այլև տասնյակ, եթե ոչ հարյուրավոր մարդկանց զրկում աշխատանքից, իսկ դա այսօր, գաղտնիք չէ, որ ամենակարևորներից է: Պետք է մարդկանց սոցիալական, ինչու` ոչ, նաև օգտագործման իրավունքի իրացման այլընտրանք առաջարկել, որը, ցավոք, չենք տեսնում:
Անդրադառնանք նաև Ձեր հարցի մյուս ենթատեքստին, որին, ի դեպ, անդրադարձ է եղել նաև մամուլում ու սոցիալական ցանցերում: Որոշ տկարամիտներ փորձում են մեր հայտարարությունը կապել նշված սրճարաններից մեկի սեփականատեր անձի հետ: Վստահեցնում եմ, որ մենք երևանցիների խնդիրներին անդրադառնում ենք` անկախ նրանց կուսակցական պատկանելությունից: Այս օրերին քննարկման նյութ են գրավատուն ունեցողների, գազավորված ըմպելիք արտադրողների շահերը: Մեր նույն քննադատները պետք է այդ տնտեսվարողների մեջ դաշնակցականնե՞ր փնտրեն: Եվ եթե նրանց մեջ լինեն դաշնակցականներ, իրավունք չունե՞նք նրանց պաշտպանելու: Որպես պատասխանի վերջաբան` նշեմ հետևյալը, որ միանշանակ կողմ ենք քաղաքի կենտրոնում կանաչ տարածքների վերկանգնմանը, եթե կուզեք՝ օպերայի թատրոնի հարակից տարածքի սրճարանների փակմանը դեմ չենք, բայց դա պետք է լինի աստիճանաբար, առանց նսեմացնելու սոցիալական բաղադրիչը, օրենքի դրույթները պահպանելով: Օրենքը պետք է գործի բոլորի համար:
- Նշեցիք, որ կանաչապատման ծախսերը կրճատվել են 30 տոկոսով: Քաղաքապետարանը հաճախ է հայտարարում, որ որոշ ծախսեր կրճատում է, որովհետև նախկինում վատնումներ են եղել:
- Չի բացառվում, որ նախկինում վատնումներ եղած լինեն: Սակայն այնպես չէ, որ հիմա վատնումներ տեղի չեն ունենում: Քաղաքի բյուջեով անհամաչափ մեծ գումար է նախատեսված քաղաքապետարանի աշխատակիցների անգլերեն սովորելու, վերապատրաստվելու համար: Վերապատրաստումներին դեմ չենք, բայց դա կարելի է շատ ավելի քիչ գումարով անել և տնտեսել քաղաքի բյուջեն: Իսկ քաղաքապետարանի աշխատակիցների անգլերենի իմացության մակարդակի բարձրացումը, մեր խորին համոզմամբ, հարկ վճարողների հաշվին չպետք է լինի:
- Անդրադառնանք Երևանի մյուս խնդիրներին, որոնց մասին ակնարկել եք հայտարարության մեջ:
- Նախ նշեմ, որ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն պարբերաբար մասնագիտական քննարկումներ է կազմակերպում Երևան քաղաքի հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ: Հիմնախնդիրները շատ են, բայց, մեր կարծիքով, տրանսպորտը, աղբահանությունը, վերելակների խնդիրը, կանաչապատումը կարելի է ամենաառաջնային համարել: Կանաչապատմանը, թերևս, անդրադարձանք: Գաղտնիք չէ, որ Երևանի քաղաքային տրանսպորտի վիճակն արդեն անտանելի է: Քաղաքի ղեկավարումն իրականացնող քաղաքական ուժը խոստացել էր շատ կարճ ժամանակամիջոցում լուծել այդ խնդիրը: Ակնհայտ է, որ սայլը տեղից չի շարժվում: Պետք է մտցնել միասնական տրանսպորտային համակարգ՝ կառավարմանը համայնքի գերակայող մասնակցությամբ: Աղբահանության մասով հիմնարար լուծում պետք է լինի: Ինչ վերաբերում է վերելակներին, քանի որ սա անմիջականորեն առնչվում է քաղաքացու ֆիզիկական անվտանգությանը, պետք է միջոցներ հատկացնել Երևանի վերելակային տնտեսություն ստեղծելու և հիմնախնդիրը հնարավորինս արագ կարգավորելու համար: Հայտարարության մեջ խոսք կար նաև Երևան քաղաքի պատմական տեսքի պահպանմանը: Մենք նկատի ենք ունեցել բոլորովին վերջերս Խորենացու փողոցում գտնվող շենքի քանդումը` քաղաքային իշխանություններ որոշմամբ կամ թողտվությամբ: Երևանի ավագանու կազմում (իշխող քաղաքական ուժի խմբակցությունում) կան բազմաթիվ մարդիկ, որոնք նախկինում հանդես են եկել Երևանի պատմական տեսքի պահպանման և վերականգնման օգտին: Այսօր նաև նրանց մասնակցությամբ է շարունակվում Երևանի պատմական շենքերի վերացումը: Պակաս կարևոր չէ նաև մանկապարտեզների խնդիրը: Նախադպրոցական կրթությունը երեխայի, մարդու սոցիալական ադապտացիայի տեսանկյունից շատ կարևոր նշանակություն ունի: Երևանում ապրող երեխաների առնվազն մեկ երրորդը մանկապարտեզ չի հաճախում: Հիմնական պատճառը շենքային անբավարար պայմաններն են: Քաղաքային իշխանությունները կարող են և պարտավոր են պարապուրդի մատնված այլ շենքերի (օրինակ՝ մի շարք դպրոցների) հաշվին ավելացնել մանկապարտեզների թիվը, նաև խրախուսել մասնավոր մանկապարտեզների գործունեությունը: Եվ, ընդհանրապես, պետք է տեր լինել նախընտրական խոստումներին: Օրինակ` կարմիր գծերի մասով մինչև ընտրությունը մի բան էր ասվում, հիմա՝ բոլորովին այլ բան: Քաղաքացին իրեն խաբված է զգում: Մենք անկեղծորեն շատ ենք ցանկանում ունենալ դրական զարգացումներ, դա բխում է բոլորիս շահերից: Բայց դրա համար պետք է վերջապես խոսքից գործի անցնել: Երևանցին գործնական քայլերի է սպասում, քայլեր, որոնք կթեթևացնեն նրա կյանքը: Ամբոխահաճո գործելակերպով հնարավոր չէ բարելավել երևանցու առօրյան: Քաղաքի կենտրոնում սրճարան փակելով, և դա որպես «ազատագրում» ներկայացնելով` երևանցիների խնդիրները չեն թեթևանա: Մենք շարունակելու ենք քննադատել Երևանի քաղաքային իշխանությունների անարդյունավետ գործունեությունը, ողջունելու ենք օգտակար քայլերը, եթե այդպիսիք լինեն, և անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք աջակցել քաղաքապետարանին՝ մայրաքաղաքի զարգացման և բարեկարգման գործում։
Մ.Մ.