կարևոր
4570 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-31 11:40
Քաղաքական

Երևանցին է որոշելու՝ որն է իր համար կարևոր՝ ասֆալտով հայրենիք ու սեփական զավակներին ծախե՞լը, թե՞ ուժեղ և հաղթող հայրենիքում ասֆալտ անելը․ Նաիրի Հոխիկյան

Երևանցին է որոշելու՝ որն է իր համար կարևոր՝ ասֆալտով հայրենիք ու սեփական զավակներին ծախե՞լը, թե՞ ուժեղ և հաղթող հայրենիքում ասֆալտ անելը․ Նաիրի Հոխիկյան

Երևանի ավագանու, իսկ ավելի ճիշտ՝ քաղաքապետի առաջիկա ընտրություններին 14 առաջադրվածներից ես տեսնում եմ լավագույն դեպքում 4 կամ 5 ուժերի իրական հնարավորություն, իսկ մյուսները, իմ կարծիքով, ձայն փախցնող են իշխանության վերարտադրության համար։

Ավելի պարզ եթե ասեմ, առավել ուժեղ 5 մասնակիցներն են․

  • «Մայր Հայաստան» դաշինք
  • «Ապրելու երկիր» կուսակցություն
  • «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն
  • Հայկ Մարության, ում կուսակցությունն այդպես էլ չի մտապահվում
  • «ՔՊ» կուսակցություն

Վերջինը ուժեղ է բացառապես վարչական լծակների շնորհիվ, ուրիշ ոչինչ չունի ՔՊ-ն։

Ինչ վերաբերում է մյուսներին, ապա բոլորն էլ խոսում են ասֆալտի, բակերի բարեկարգման, ծառերի ու ծաղիկների մասին, սակայն ինձ համար կարևոր է հատկապես այն, թե ով է խոսում գաղափարական հարցերի մասին։ Որովհետև ինչքան էլ սա ՏԻՄ ընտրություն է, ամեն դեպքում երկրի մայրաքաղաքը, ամենամեծ բնակչությունն է ընտրում, հետևաբար կարևոր է ունենալ Երևանի աջակցությունը ազգային, պետական, անվտանգային, գաղափարական խնդիրների առումով։

Ընդամենը 2 թեկնածուների խոսքում եմ ես տեսել հայրենիքի, ազգայինի, Արցախի վերաբերյալ մտահոգություններ ու մտքեր՝ «Մայր Հայաստան» դաշինք և «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն։ Երկուսն էլ ինձ համար արժեքավոր կառույցներ են, երկուսի ղեկավարներին էլ լավ եմ ճանաչում և ունեմ մեծ հարգանք՝ որպես ազգային գործիչներ։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը իմ վաղեմի մտերիմն է, ով հսկայական գործ արեց 2020-ի պատերազմի ժամանակ Արցախին տարբեր նշանակության ապրանք հասցնելու առումով, իսկ 2022-ի ամռանը Բերձորը և Աղավնոն հանձնելու դեմ հիմնական պայքարողներից մեկն էր, ընտանիքով մեկնել ու ապրում էր Աղավնոյում։

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի հետ ևս մտերիմ եմ և ունեմ բարձր կարծիք ինչպես մարդկային, այնպես էլ մասնագիտական արժանիքների մասին։ Վճռական ու խարիզմատիկ մարդ է, խոսքի տեր, հայրենիքի նվիրյալ։

Երկու քաղաքական ուժերն են հիմնականում խոսում Արցախի հակամարտության, առաջնագծի կարևորության մասին՝ շեշտելով, որ Երևանի ապագան սկսվում է առաջնագծից և Արցախից։ Ես համամիտ եմ այդ դիտարկումների հետ և մյուս մասնակիցներին էլ (բացի ՔՊ-ից) կոչ եմ անում հետևել Անդրանիկ Թևանյանի և Սուրեն Պետրոսյանի օրինակին։

Դե իսկ Երևանցի ընտրողները իրենք արդեն կկողմնորոշվեն՝ որն է իրենց համար կարևոր՝ ասֆալտով հայրենիք ու սեփական զավակներին ծախե՞լը, թե՞ ուժեղ և հաղթող հայրենիքում ասֆալտ անելը։

 

Նաիրի Հոխիկյան

Մեդիափորձագետ