կարևոր
937 դիտում, 1 ամիս առաջ - 2024-09-30 12:37
Հասարակություն

Ահազանգ. երևանցին կրկին կարող է ջրազրկվել՝ օրը ցերեկով ապօրինի աղբաթափման պատճառով

Քաղաքացիները կրկին ահազանգում են, որ Հրազդանի կիրճում (Քանաքեռավանի հարակից հատվածում և այլուր) հերթական բեռնատարները բարձունքից ապօրինի ձորն են թափում շինարարական աղբն ու զգալի խնդիրներ առաջացնում ոչ միայն բնապահպանական տեսանկյունից, այլև, ուղղակի, սպառնալիք են ստեղծում «Արզնի 2- Երևան» ջրատարի համար։

 Ի դեպ, ձորում լցված շինաղբի պատճառով կտրուկ նեղացել է Հրազդանի հունը, ինչի հետևանքով լճակ է գոյանում, և արդյունքում՝ նաև արտահոսող ջրերն են խնդիրներ առաջացնում ջրատարի համար։ Ֆեյսբուքյան օգտատեր Սարգիս Հարությունյանն իր ՖԲ էջում տեսագրություններ է հրապարակել՝ ցույց տալով խնդրի տեսանելի կողմը։

Ի դեպ, քաղաքացիները, խնդրով պայմանավորված, բազմիցս դիմել են պատկան օղակներին, ընդհոպ՝ Ոստիկանությանը, իրավապահ մարմիններին, բայց որևէ  կերպ չեն արձագանքել։ Փաստացի, Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ՏԿԵՆ-ը, Ջրային կոմիտեն, Կոտայքի մարզպետարանն իրենց հանցավոր անգործությամբ կամ դիտավորյալ  լռությամբ վտանգում են Երևանի ջրամատակարարումը և, նման կերպ շարունակելու դեպքում, չի բացառվում, որ երևանցին կրկին ահազանգի ջրամատակարարման դադարեցման մասին։
 

Հիշեցնենք, որ վերջին շրջանում հաճախակիացել են Երևանի, հատկապես Արաբկիրի շրջանի ջրամատակարարման դադարեցման դեպքերը, որոնք կապված են «Արզնի 2- Երևան» ջրատարի՝ Հրազդանի կիրճում պարբերաբար տեղի ունեցող վթարների հետ։ Մասնագետներն ուղիղ կապ են տեսնում վերոնշյալ ապօրինի շինաղբի թափման և ջրատարի պարբերական վթարների միջև։
 

Yerkir.am-ը հարցումներով դիմել է վերոնշյալ պատկան օղակներին՝ պահանջելով պարզաբանումներ, որոնք կներկայացվեն ստանալուն պես։