կարևոր
493 դիտում, 5 ժամ առաջ - 2025-05-14 17:50
Աշխարհ

Ո՞վ կդառնա Հռոմի Պապ Լեւոնն XIV-ը՝ Վատիկանի նվագախմբի դիրիժո՞ր, թե՞ մենակատար

Ո՞վ կդառնա Հռոմի Պապ Լեւոնն XIV-ը՝ Վատիկանի նվագախմբի դիրիժո՞ր, թե՞ մենակատար
Կարդինալ-պրոտոդիակոն Դոմենիկ Մամբերտին հայտարարել է Հռոմի նոր պապի անունը. նա Չիկագոյի բնակիչ, եպիսկոպոսների գործերով Դիկաստերիայի պրեֆեկտ Ռոբերտ Պրեւոն է: Նոր հովվապետն իր համար ընտրել է Լեւոն XIV անունը։

Քչերն էին սպասում, որ կարդինալների կոնկլավը որոշեր պապական տիարայով օժտել մի ամերիկացու, որոնք իրենց ծագման պատճառով մեծ ժողովրդականություն չեն վայելում կաթոլիկ եկեղեցում։ Այնուամենայնիվ, դա տեղի ունեցավ: ԱՄՆ-ը, որտեղ մինչեւ վերջերս համեմատաբար պատմական չափանիշներով իշխում էր զգուշավոր, եթե ոչ կասկածելի վերաբերմունք կաթոլիկների նկատմամբ, վերջապես ստացավ իր պապին, ինչին գրեթե անմիջապես արձագանքեց Թրամփը։

«Շնորհավորում եմ կարդինալ Ռոբերտ Պրեւոյին, ով հենց նոր կոչվեց Հռոմի Պապ», - գրել է Թրամփը սոցիալական ցանցերում: - Դա այնքան պատիվ է. գիտակցել, որ նա առաջին ամերիկացի Պապն է: Ինչ հուզմունք եւ ինչ մեծ պատիվ մեր երկրի համար: Ես անհամբեր սպասում եմ Հռոմի Պապ Լեւոն XIV-ի հետ հանդիպմանը: Դա կլինի շատ իմաստալից պահ».

Ճիշտ է, որքան հայտնի է, կարդինալ Պրեւոն իրեն թույլ էր տալիս չհամաձայնել նախագահի եւ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի դիրքորոշումների հետ որոշ հարցերի շուրջ։ Այս տարվա սկզբին քննադատաբար խոսեց Թրամփի միգրացիոն քաղաքականության, ինչպես նաեւ Վենսի հայտարարությունների մասին նույն հարցի վերաբերյալ: Բայց կարդինալ Պրեւոն պարտադիր չէ, որ հավասար լինի Հռոմի Պապ Լեւոն XIV-ին: Ուստի դժվար է ասել, թե կոնկրետ ինչ գծի կհետեւի նրա հովվապետությունը սոցիալ-քաղաքական խնդիրների շուրջ։

Մինչ այժմ հայտնի է՝ Պրեւոն համարվում էր կենտրոնամետ, որը հիմնականում կիսում էր Ֆրանցիսկոս Պապի հայեցակարգը էկոլոգիայի, հովվական խնամքի եւ աղքատների խնամքի առումովՈրոշ առանցքային սոցիալական հարցերի առնչությամբ նա դասվել է «առաջադիմական խմբակցության» շարքին։ Բայց միեւնույն ժամանակ, հանգուցյալ հովվապետի պես, Պրեւոն դեմ է կանանց սարկավագ ձեռնադրմանը, այդ իսկ պատճառով նրան այդ պաշտոնում ներառում են կաթոլիկ եկեղեցու «պահպանողական խմբակցության» մեջ։

«Ֆրանցիսկոսի հարուստ եւ լավ կազմակեպված պահպանողական քննադատները հիասթափված կլինեն», - ենթադրում է ամերիկյան կաթոլիկ National Catholic Reporter պորտալը։ - Եվ ավելի լավ։ Նորաթուխ Պապն այն մարդկանցից չէ, ովքեր կարող են գայթակղվել իրենց ֆինանսական ռեսուրսներով։ Ամերիկացի պահպանողականները, որոնք համաձայն չէին Ֆրանցիսկոսի հետ, հաճախ մեջբերում էին նրա արգենտինական ծագման «սահմանափակումները» եւ, մասնավորապես, այն, ինչ նրանք անվանում էին նրա «պերոնիստական գիծը»։ Նրանք ասացին, որ նա սխալ է հասկացել Միացյալ Նահանգները։ Այս փաստարկն այլեւս չի օգտագործվի»։

Institut de relations internationales et stratégiques (IRIS) ֆրանսիական վերլուծական կենտրոնն օրեր առաջ նշել էր՝կարդինալների կոնկլավը այլեւս միայն հոգեւոր վարժություն չէ։ Այն վերածվել է «գլոբալ գործընթացների ծեսի», որը ցույց է տալիս ներկայիս կրոնական, մշակութային եւ աշխարհաքաղաքական հավասարակշռությունը: Այս տեսանկյունից շատերն ակնկալում էին՝ ամերիկացի կարդինալները կաջակցեն ավելի շուտ աֆրիկյան կամ ասիական պապաբիլին՝ եվրոպացիների գագաթնակետին: Այստեղից հարց է ծագում, թե ով է ի վերջո եւ ինչու քվեարկել Չիկագոյի բնիկի օգտին։

Ամերիկյան կաթոլիկ Crux պորտալը, վերլուծելով ապագա նոր Պապի որակները, պնդում է՝ նա կարդինալների համար պետք է ունենա երեք ցանկալի որակներ: Նախ, Սուրբ Աթոռին անհրաժեշտ է միսիոներ, որը կարող է դրական պատկեր ստեղծել հավատքի համար:

Երկրորդ՝ նա պետք է լինի պետական գործիչ, որը կարող է վստահորեն կանգնել համաշխարհային բեմում «Դոնալդ Թրամփների, Վլադիմիր Պուտինի եւ Սի Ցզինպինների հետ եւ տեր կանգնել իրեն»։

Երրորդ՝ նահանգապետի կարիք կա, որը կարող է հսկողության տակ վերցնել Վատիկանը եւ հաղթահարել ֆինանսական ճգնաժամը։

Պարբերականի կարծիքով՝ «կան ծանրակշիռ փաստարկներ այն բանի օգտին, որ Պրեւոն համապատասխանում է բոլոր երեք կետերին»։ Սակայն կոնկլավի նախօրեին կարծիք է հնչել, որ նոր Քահանայապետից սպասում են, որ նա կդառնա նվագախմբի դիրիժորը, այլ ոչ թե մենակատարը։ Տեսնենք, թե որքանով դա կհաջողվի Հռոմի Պապ Լեւոն XIV-ին:

 

Ստանիսլավ Ստրեմիդլովսկի

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի