կարևոր
4252 դիտում, 5 ժամ առաջ - 2025-05-14 20:54
Քաղաքական

Պատկերացրեք, Ալենի, Ռուբինյանի, Թորոսյանի կամ էն Արթուրի դեմքը, որ իմանում է, որ Նիկոլը էլ վարչապետ չէ․ Սևակ Հակոբյան

Պատկերացրեք, Ալենի, Ռուբինյանի, Թորոսյանի կամ էն Արթուրի դեմքը, որ իմանում է, որ Նիկոլը էլ վարչապետ չէ․ Սևակ Հակոբյան

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է.

«Այսօր ուզում էի անդրադառնալ խայտառակությանը, երբ ուղիղ 4 տարի է՝ ուղիղ, ինչ մեր երկրի մի քանի հատված Սյունիքի և Գեղարքունիքի մարզից, Սև լճի հատվածը, օկուպացիայի տակ են։ «Գերագույն գլխավոր» Նիկոլ Փաշինյանի, ոչ պակաս «գերագույն» Սուրեն Պապիկյանի պահած անվտանգային գոտին չճեղքելով՝ թուրքը եկավ ու գրավեց Սև լճի մի հատվածը՝ առանց մեկ պատրոն կրակելու։ Թեմային, սակայն, կանդրադառնամ վաղը, այսօր խորհրդարանում կատարվեց հերթական զավեշտը, որից և կխոսեմ։

Նախորդ շաբաթ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրների հարցերից, ինչպես հիշում եք, կատաղեց, սկսեց սպառնալ, կնստեք և այլն, հետո վիրավորեց, սպառնալից շարժումներ արեց։ Դա անցավ։ Այսօր՝ մայիսի 14-ին, խորհրդարանում քննարկվում էր մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը․ նա Նիկոլի ջղաձգումներին չի արձագանքել, ՔՊ-ականների խուլիգանություններին չի արձագանքում։ Ինչպես որ եղել է հանրային մեղադրող և իշխանության պաշտպան, մինչև օմբուդսմեն դառնալը, այնպես էլ հիմա է։

Խորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ելույթին պատասխանեց Լևոն Քոչարյանը։ Լևոն Քոչարյանի ելույթը բնութագրում եմ՝ այո, շատ կոշտ, բայց և շատ տեղին։ Ելույթից հետո տեղի ունեցավ քաշքշուկ։ Ինչու։ Ի՞նչը ջղայնացրեց Նիկոլին և ՍՄՍ-ով կառավարվող ՔՊ-ին։ Կանգ առնեմ մի քանի կետի վրա։

Լևոն Քոչարյանն ասում է՝ Նիկոլը չի նեղվում, որ իրեն ասում են թուրք, դավաճան, այլ նեղվում է, երբ խոսում են կոռուպցիայից։ Նիկոլը, այո, ասել է, որ չի նեղվում, որ իրեն ասում են թուրք, չի դիմադրում, որ ասում են դավաճան, գուցե որովհետև արդարանալն այլևս չի ստացվում։ Ոչ միայն իր ստորագրությամբ է հանձնվել, այլև մարդիկ տեսնում են, որ Արցախը հանձնելուց հետո Էլ հանձնումները շարունակվում են։

Նիկոլը թուրք ու դավաճան կոչվելուց չի նեղվում, նեղվում է կոռուպցիոներ կոչվելուց։ Ինքը մինչ էս մտել էր կերպարի մեջ, որ էդ խեղճ հարիֆը թալանել չգիտի․ ու հիմա բազմաթիվ փաստերով ապացուցվում է, որ սրանք թաղված են թալանի մեջ ամբողջ թիմով։ Պետբյուջեի ավելի քան 30 մլն դոլարի թալան է տեղի ունեցել ԱՆԻՖ-ով․ գլխավոր դատախազը, քննչականը, Նիկոլը լուռ են, չեն կարողանում պատասխանել ինչու մեղադրյալ չկա։ Որովհետև հո չեն կարող մեղադրանք առաջադրել ԱՆԻՖ-ի շենքի պահակին, ասեն՝ ուշադիր չես եղել, փողերը կորել են, պետք է սկսեն հիմնարկի ղեկավարից, մտնեն Ավինյանի, Նիկոլի կաբինետները։

Նիկոլ ՓաշիյանՆ ուզում էր գնալ ընտրությունների խաղաղության պայմանագրի թղթով, դա չկա․ ուզում էր գնալ Եվրամիության թղթով, դա չի լինելու․ հիմա որոշել է գնալ իբր թալանը վերադարձնելու խոստումներով, բայց իրեց թալանը մի քանի անգամ ավելի է իրենց հետ բերածից։

Լևոն Քոչարյանը շատ ճիշտ բնութագրում է, որ սրանք կոռուպցիոն մեղադրանքներից ավելի շատ են նեղվում։ Ավելի շատ, քան Արցախը հանձնելու մեղադրանքից։ Պատասխան չունեն, ընկնում են ջղաձգումների մեջ, գոռգոռում են՝ մի կերպ որ շեղեն թեմայից։

Լևոն Քոչարյանը խոում է Նոր-Նորքի թաղապետարանի դեպքից․ ինչ կատարվեց այդ ժամանակ, լակոտություն էր, խուլիգանություն էր, ինչ կատարվեց դրանից հետո, քաղաքական կոռուպցիա էր։ Բլոգերը բացահայտում է, որ մանկապարտեզի կառուցման մեջ մեծ կոռուպցիա կա, մասնակից են ՔՊ-ական շատ հայտնի պաշտոնյաների մտերիմներ։ Փաշինյանի կոալիցիոն ընկեր Արամ Զավենիչի կուսակցական թաղապետը ոհմակով հարձակվում է բլոգերի վրա։ Խուլիգանությւոնը որակավորում են որպես ծեծ, որ չկալանավորեն։ ՔԿ ղեկավարն ասում է՝ լիազորությունները չենք կասեցրել, որովհետև իր պաշտոնի հիմքով չի եղել ծեծը։ Նոր Նորքի թաղապետը իր պաշտոնից բխող հարցով իր մոտ գնացածին ծեծել է, բա որպես ո՞վ է ծեծել։ Դրան գործից չեն ազատում, Նիկոլն ասում է՝ տեղյակ չեմ, հետո ասում է՝ մարդու նյարդերը տեղի են տվել, հետո ասում է՝ «Հանրապետություն» կուսակցության դաշտում է։ Սա հենց քաղաքական կոռուպցիան է, ու Լևոն Քոչարյանը հիշում է լիքը դեպքեր, երբ ընդդիմադիր մարդկանց նյարդերն են տեղի տվել ու կոպիտ են խոսել, չեն ծեծել, այլ ընդամենը կոպիտ են խոսել, գուցե վիրավորել են, ու կալանավորել եք։ Նոր-Նորքի թաղապետի արածը դուք մարսել չեք կարող, ինչպես որ Տիգրան Ավինյանի հոր ասածները չի հարթվում։

Նիկոլն ասում է՝ ամեն գյուղ որ գնում եմ, ասում են՝ ինչի Քոչարյանը նստած չէ։ Լևոն Քոչարյանն արձագանքում է՝ ցանկացած տեղ որ գնում ենք հարց են տալիս՝ էս անհայրենիք դավաճանները հերիք չէ նստած չեն, շարունակում են մնալ իշխանության։ Նախ Նիկոլի խոսքի մասին․ վստահեցնում եմ ձեզ, եթե որևէ գյուղում Նիկոլին հարցնեն Քոչարյանը ինչի նստած չէ, դա սարքելու է մի քանի տեսակի վիդեոներ ու իրենց բոլորի էջերով, Հ1-ի եթերով ցույց տան․ տեսե՞լ եք նման բան․ ոչ, ուրեմն նման հարց չեն տալիս, չի հետաքրքրում մարդկանց էդ թեման, եթե հիմա չսարքեն։ Բայց Լևոն Քոչարյանը, իրականում, մեղմ ասաց, ընդդիմությանը որ տեսնում է ժողովուրդը, չի հարցնում ինչու էս անհայրենիք դավաճանները նստած չեն, ասում են շատ ավելի կոպիտ բառեր, մեղադրում են ընդդիմությանը, որ սրանք դեռ մեր երկրում են։ Հազար անգամ լսել եմ մարդկանցից, որ ասում են՝ առաջ՝ 2018-ին, ասում էինք Նիկոլին հսկենք, հանկարծ մեկը մի վատ բան չանի, իսկ հիմա ասում ենք՝ «նեուժելի» մեկը չկա․․․ Ժողովուրդը դա է ասում․ ես լրագրող եմ, քաղաքական գործիչ չեմ, բայց ինձ հանդիպելիս մեղադրում են, որ Նիոլին չեմ կարողանում դուրս հանել։ Ու ամենից վատ բառերով ձեզ ասեմ, անգամ կանայք այնպես են արտահայտվում, որ լսելու էլ չէ, այ էդ ա վերաբերմունքը, այ էդ ա իրական պատկերը։ Չնայած, ինչ եմ ասում, մտեք ու սոցցանցերում տեսեք ինչեր են գրում, ինչեր են ասում, որքան զայրացած են երբեմնի նիկոլական քաղաքացիները։

Մարդիկ հանդիպելիս վստահեցնում են, որ Նիկոլ Փաշինյանը թշնամու դրածո է, թշնամու ագենտ է կամ որ ավելի վատ է՝ հենց արյան կապ ունի թուրքերի հետ, ասում են խի՞ ուղիղ չեք ասում, ասեք, թող ժողովուրդը իմանա։ Չգիտես էլ մարդկանց ոնց բացատրես, որ այս ամենը դեռ ինչ-որ պատճառով շարունակվում է, որովհետև մարդկանց գլխներում չի տեղավորվում, որ կարելի է այսպես բացահայտ ու լկտի կերպով թշնամու շահը տանող իշխանություն լինի, որը կառավարում է մեր երկիրը։ Դա իրենք էլ գիտեն, գիտեն իրենց ոնց են վերաբերում, ու գուցե դրանից էլ նյարդային են։ Ախար, բան էլ չունեն ասելու, հենց իրենց արածներից խոսում ես, գնում են դեպի Քոչարյանի միլիարդներ, հին մաշված պլաստինկան։ Պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասում է՝ բա ո՞ւր է էդ 4 միլիարդը, մեռաք կրկնելով, պատասխանում են, թե դա՝ Սերժ Սարգսյանի ժամանակ էր տարածվում, նրա փեսայի լրատվամիջոցներով։ Դեմ չեմ, բայց դուք էիք տարածում շատ ակտիվ ու մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը։

Լևոն Քոչարյանը շատ տեղին է ասում, որ ստերի դոզա եք տարածել, մեր 34 տարվա անկախ պատմության մեջ ոչ մեկի, ոչ մի ընտանիքի նկատմամբ էդքան սուտ ու էդքան ատելություն չեք տարածել, ինչքան Քոչարյան ընտանիքի։ Ինչ սարքվել է իր օրոք, ասել են իրենն է, ով ինչի սեփականատեր եղել է, ասել են Քոչարյանինն ա, ով ինչ հանցանք արել է իր օրոք, դրանից հետո, տո հիմա, ասել են Քոչարյանի մատը խառն է։ Ինձ թվում է՝ էս երևույթը հոգեբանները պետք է բնորոշեն ոնց է կոչվում, սա քոչարյանաֆոբիա + կախվածություն է։ Տեսեք է, հենց իրենք մարտի 1 են արել, սարքել, ասել են՝ Քոչարյանն էր, իրենց էսօրվա անդամնեը, աջակիցները հոկտեմբերի 27-ին պաշտոններ էին պահանջում, իրար բաժանում, հիմա՝ մեղադրում են նույն Քոչարյանին։ Մի տեսակ, ոնցոր մոռացած լինեն, որ 7 տարի իշխանության են, էլի խոսում են որպես դեղին մամուլի անանուն աղբյուրներ։ Պատկերացրեք՝ վաղը դատական նիստերն ավարտվեն Քոչարյանի արդարացմամբ, իրենք մեկ է՝ նույն եռանդով կխոսեն, կմեղադրեն, կարծես բան չի եղել։ Լևոն Քոչարյանը ճիշտ է ասում՝ մարդկանց մանիպուլացրել եք։ Էսօր սոցցանցերը հիշեցնում էին Նիկոլից իմ դրած հիշեցումը․ պատգամավոր եղած ժամանակ ասում է՝ մարդանց գիտակցութան մանիպուլացիան ավելի վտանգավոր է, քան ուղղակի արած չարիքները։ Դուք մարդկանց գիտակցույթւոնը մթագնել եք, մանիպուլացրել եք, կերպար եք ստեղծել, դեմոնիզացրել։ Ու հիմա իշխանության եք, բայց չունեք որևէ ապացույց ու դեռ նույնը խոսու՞մ եք։ Դե հա, մոռացել ենք, որ այս մարդիկ Արցախ են հանձնում, պատերազմ են կրվում, ու բոլորին մեղադրում են իրենցից էլ շատ գոհ են։

Լևոն Քոչարյանի ելույթի՝ Փաշինյանին հունից հանող հիմնական հատվածը «համբալ» բառն էր։ Նոպայի օրը Փաշինյանը ընդդիմադիրներին անվանեց համբալ։ Թիմը դա արդարացրեց, հիմա նույն թիմի առաջ ելույթ ունենալով՝ Լևոն Քոչարյանն ասում է՝ Նիկոլը էդ թատրոնը բեմադրելու հաջորդ օրը գնաց Մոսկվա, նայե՞լ եք էդ տեսանյութերը, համբալը հիմա ո՞վ էր։ Ժողովուրդ ջան, նախ անգամ Նիկոլի աջակիցներն էին նրան քլնգում Մոսկվա գնալու համար, էդքան ռուսներին քննադատեցիր, ինչ ասես ասացիր, ամեն ինչում մեղադրեցիր, վեկտոր էիր փոխում, բայց ընտրվեց Թրամփը, ԱՄՆ-ն քեզ բանի տեղ չի դնում, Եվրամիությունը քո մասին մոռացել է, ռուսներին ես մեղայականով ներկայանում, գնացել ես, մի անկյունի վրա խելոք նստել ես, հայկական ոչ քնքույշ խոսքով ասած՝ թքածդ լիզում ես։ Տեսել եք չէ՞ տեսանյութերը, մի կողմի վրա նստած, հելնում կանգնում է, չեն բարևում, բանի տեղ չեն դնում, միակ զրուցակիցը մնացել է Լուկաշենկոն, որին իբր իր տեղն էին ցույց տվել, ստեղից, բայց, դե հենց հայտնվում է այլ տեղ, դառնում է կուռկուռ։ Էդ տեսայութերը նայելիս դուք ի՞նչ եք մտածել․ իսկականից՝ համբալը ո՞վ է։ Ու իհարկե անդրադառնում է Ալեն Սիմոնյանին, որը ամբողջ աշխարհին հայտնի է ոչ թե որպես անկախ պետության ԱԺ նախագահ, այլ թքող պաշտոնյա։ Խորհրդարանում կին պատգամավորներին ասում էր դուրս կշպրտեմ, ու Քոչարյան Լևոնը, քանի որ այն օրը դահլիճում չէր, ենթադրում եմ, դրա համար էսօր պատասխանում է՝ վերևում նստած ես, դուրս շպրտվելը բարձրից ավելի ցավոտ է լինելու։ Իսկ որ Ալենը վաղ թե մի փոքր ուշ դուրս է շպրտվելու, կասկած չկա։ Էնպես են իրենց պահում, կարծես իրոք հավատում են, որ հավերժ են նստելու էդ աթոռներին, ախրաննիկների հետևից։ Հավաստիացնեմ, ոչ մեկ, ո՛չ մեկ, հավերժ չի մնում աթոռին, մի օր գալիս է, խելոք-խելոք դուրս ես գալիս, ու դե պատասխան տալ է պետք լինելու։ Մի պահ պատկերացրեք, Հակոբ Արշակյանի, Ալենի, Ռուբինյանի, Թորոսյանի կամ էն Արթուրի դեմքը, որ տանը նստած իմանում է, որ Նիկոլը էլ վարչապետ չէ, փախել է, բռնել են և այլն․․․ մի հատ պատկերացրեք էլի, տեղում կսպիտակեն, բերանները կչորանա, անգամ չեն իմանա՝ ինչ անեն, ուր զանգեն։ Հասկացե՛ք, այդ օրը գալու է, ավելին, շատ ավելի մոտ է, քան երբևէ։

Ի՞նչ է տեղի ունենում Լևոն Քոչարյանի ելույթի ընթացքում։ ՔՊ-ն գիտենք, ՍՄՍ-ով կառավարվող խմբակցություն է․ այդ ընթացքում, ամենայն հավանականությամբ, Նիկոլը ներքին չաթում պատգամավորներին պատերով է տալիս, քանի որ սրացումներ են մոտը սկսում, երևի ոչ թե հստակ տեքստեր է գրում՝ ով ինչ ելույթ պետք է ունենա, այլ՝ մենակ թեմաների վերնագրերը տալիս, սպառնում դուրս շպրտել ֆրակցիայից, ու ՔՊ-ականները սկսում են խոսել, վրա տալ, վիրավորել, քաշքշուկ հրահրել․ էն կողմից վազում է մի երիտասարդ նախկին լրագրող կա, թմրանյութերի հակում ունեցող, էն մյուս կողմից վազում է՝ մի ձկնգող կար, որը նաև երակներն էր փրթել, ըստ մամուլի, որ բանակ չգնա։ Անգամ նիստից հետո, ընդմիջումից հետո, երբ դահլիճում ընդդիմադիրներ չկային, մենակ ՔՊ-ականներ էին, Նիկոլը հլը ենթականերին գործուղում էր ԱԺ ամբիոն ու հոխորտում էին․ մի հատ ծառից հեռու ընկած պտուղ կա, ԱԺ փոխնախագահ, ինքը, Կորոնավիրուսին վատ պատրաստվելու պատճառով Դոկտոր մահ անունը ստացած նախարար կար, ինքը։ Հանգստացե՛ք, հասկացե՛ք, Նիկոլը մի օր չի լինելու վարչապետ, ձեզ ձեր պես պահեք, մի դրեք ձեզ ձեր երազած ու չիրագործված տղերքի տեղը, էդ ձեր երազած տղերքը իրենց էդպես չեն պահում։ Մարդու խնդալնել է գալիս, որ սկսում եք սպառնալիքներ հնչեցնել փողոցային բառապաշարով, սկզբից համարձակվեք էդ փողոցն իջնել, հետո գուցե հասկանաք, որ փողոցում նման պահվածքի համար պատասխան են տալիս միշտ։

Լավ, ինչո՞ւ են ՔՊ-ականները և իրենց ղեկավարը ամեն անգամ կատաղում-նեղվում Լևոն Քոչարյանի ելույթից։ Չեմ կարծում նրա համար, որ հավասարակշիռ է, իրենց սադրանքներին տեղի չի տալիս, քննադատում է տեղին․ իմ կարծիով՝ որովհետև Ռոբերտ Քոչարյանի որդին է, մի մարդու, որը մեր երկրում տնտեսության զարգացման, անվտանգության ապահովման, արտաքին գործընկերների, Արցախի պաշտպանության առումներով չգերազանցված ցուցանիշ է ապահովել։ Նա որդին է մի ղեկավարի, որից դուք էլ, ձեր շեֆն էլ դողում եք։ Ընդունեք, թե ոչ, Ռոբերտ Քոչարյանը նաև ձեզ համար ապահովել է անվտանգ Հայաստան, ապահով Հայաստան, ազատ Արցախ, որի ժամանակ էսօրվա էսքան մարտահրավերների մասին մտածելու փոխարեն, մեկդ թմրանյութ էր օգտագործում, մեկդ երակներն էր փրթում, որ բանակ չգնա, մեկդ ֆեյք էր աշխատում Ծառուկյանի կուսակցությունում, մեկը՝ թուղթ տանող բերող Սերժ Սարգսյանի կուսակցությունում։ Ու դարձել եք էն, ինչ դարձել եք․ իրականում ոչինչ էլ չեք դարձել, նույնն եք մնացել։

Կարճ ասած՝ Լևոն Քոչարյանի ելութը դեռ երկար եք հիշելու, Ռոբերտ Քոչարյանից դեռ շատ երկար եք վախենալու․ բայց ափսոսում եմ էն 30 տարին, որ պետություն են սարքել, հանձնել ձեզ ու հա՛մ անխնա օգտագործում եք, հա՛մ անխնա օգտվում եք, հա՛մ անխնա քանդում․ Խնկոյանի առակի մեջի խոզի պես, որ կաղինը ուտում է ու ծառը արմատից կրծում։

Բայց հետաքրքիր է՝ ինչքան հզոր է իրականում Ռոբերտ Քոչարյանը, որ 10 տարի՝ իր պաշտոնավարումից հետո, 7 տարի՝ ձեր իշխանության ժամանակ, ոհմակով հարձակվել եք իր քաղաքական ավանդի վրա, իր ընտանիքի վրա ու հաղթել չեք կարողզանում։ Արցախը հանձնել կարողացել եք, երկիրը մասնատել կարողացել եք, սաղ ժողովրդին իրար դեմ հանել կարողացել եք, թալանել ու հարստանալ կարողացել եք, Քոչարյանին հաղթել չեք կարողանում»։