կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-26 14:47
Քաղաքական

Նոր Հայաստանի դատարանների աշխատանքում պետք է թափանցիկություն լինի. Սվիտալսկի

Նոր Հայաստանի դատարանների աշխատանքում պետք է թափանցիկություն լինի. Սվիտալսկի

Հայաստանում հեղափոխությունից հետո Եվրամիությունը մուտք է գործել շատ համապարփակ երկխոսության փուլ արդարադատության ոլորտի բարեփոխումների կապակցությամբ: Այս մասին լրագրողներին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Մենք մշտական շփումներ ունենք արդարադատության նախարարության և բոլոր պատկան մարմինների հետ, որպեսզի առաջ շարժվենք այս ուղղությամբ: Մենք սեղանին դրել ենք աջակցության մեր առաջարկը, հասկանում ենք, որ բարեփոխումների նախապատրաստմանն ուղղված գործընթացը դեռևս շարունակական փուլում է և կարծում ենք, որ սա խիստ էական է Հայաստանի համար»,- նշեց նա:

Դեսպանը վստահեցրեց, որ դրական միտումներ և զարգացումներ կան արդարադատության ոլորտում, և որ  դատաիրավական համակարգի գործադիր իշխանությունից անկախ լինելու այսօրվա պատկերը տարբերվում է նախքան հեղափոխությունը եղած պատկերից: «Սա չի նշանակում, որ քննադատությունները երբեմն տեղին և արժանի չեն: Դրանց պետք է լրջորեն վերաբերվել»,- ընդգծեց Սվիտալսկին՝ նշելով, որ դատաիրավական համակարգի նկատմամբ վստահության գնահատման հարցում պետք է հաշվի առնել սովորական քաղաքացիների կարծիքը: 

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին՝ ԵՄ պաշտոնյան ասաց, որ երբեք առանձին դեպքերի մասով մեկնաբանությամբ հանդես չեն գալիս:

Ինչ վերաբերում է Քոչարյանի պաշտպանների՝ ՄԻԵԴ դիմելուն, Սվիտալսկին նշեց. «Ցանկացած ոք կարող է դատարանի որոշումը վիճարկել Ստրասբուրգում»:

Նա հիշեցնելով, որ Ստրասբուրգում քաղաքական իրավունքների հետ կապված մի քանի որոշումներ եղել են, որոնք իրենց համար հղման կետ են: «Խոսքը մասնավորապես վերաբերում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի  հոդված 14-ին: Մենք անցյալից այնպիսի դեպքեր գիտենք, երբ այս հոդվածը խախտվել է, և մենք առաջ ենք շարժվում այն ենթադրությամբ, որ նոր ՀՀ-ում պետք է լինի դատարանների աշխատանքի թափանցիկություն: Հայերն իրազեկ են, որ կարող են դատարանի որոշումները վիճարկել Ստրասբուրգում: Մեր մոտեցումը հետևյալն է՝ պետք է վստահենք ՀՀ դատական համակարգին, որ նրանք հետևելու են հայաստանյան, բայցև եվրոպական արդարադատության չափանիշներին»,- ամփոփեց Սվիտալսկին: