կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-23 17:25
Քաղաքական

Ես համաձայն եմ, որ չափազանց զգայուն այս խնդրով բավարար թափանցիկություն պետք է ապահովվի. Ստեփան Սաֆարյան

Ես համաձայն եմ, որ չափազանց զգայուն այս խնդրով բավարար թափանցիկություն պետք է ապահովվի. Ստեփան Սաֆարյան

2015-ի վերջից բանակցային գործընթաց պարզապես գոյություն չունի. լրագրողների հետ զրույցում նշեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ  Ստեփան Սաֆարյանը՝ հիշեցնելով, որ նույն ժամանակահատվածում հայկական և ռուսական կողմերը հերքեցին «Լավրովի պլանի» գոյությունը, սա` ընդհուպ մինչև ապրիլյան պատերազմի նախաշեմ: Ավելի ուշ տեղի ունեցած`  Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներն ու ԵԱՀԿ ՄԽ շրջանակում դրանց հաջորդած մյուս գործընթացները քաղաքագետը համարում է հետէսկալացիոն կայունացման քայլեր, որոնց նպատակն էր տարածաշրջանում իրավիճակը բերել նախկին ելման դիրքին:

Սաֆարյանը նշեց, որ դեռևս նախորդ իշխանությունների օրոք  բանակցությունները փակուղի մտան, երբ Ադրբեջանի նախագահը պայման դրեց, որ դրանք կվերսկսվեն «ապաօկուպացիայի» դեպքում, հայկական կողմն էլ առաջ էր քաշում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումը, այսինքն՝ խաղաղության երկարաժամկետ մեխանիզմների ստեղծումը:

«Պատահական չէ, որ այսօր նոր իշխանության ընդդիմախոսները հարց են տալիս՝ օրակարգից դո՞ւրս են եկել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որովհետև, իսկապես, այդ խնդիրը կա, ինչն անհերքելի է: Օրակարգից չեն անհետացել, բայց օրակարգ չի բերվել, որովհետև և' Ադրբեջանը, և' Հայաստանը կես քայլ հետ են գնացել իրենց նախկին կարծր դիրքորոշումներից: Կրկնում եմ՝ եթե Ադրբեջանը պնդում էր, որ առանց «ապաօկուպացիայի» առարկայական բանակցությունների մասին խոսելն իմաստ չունի, այժմ դա չի ասում, և եթե Հայաստանն ասում էր՝ առանց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների բանակցություններ սկսվել չեն կարող, այսօր դա չի ասում: Ցավում եմ, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները չնյութականացվեցին»,- նշեց նա՝ հավելելով, որ այսօր կարելի է արձանագրել՝ համանախագահող երկրները` որպես բանակցությունների միջնորդ և դրանք դյուրացնող կողմ, օրակարգից հանել են երկու կողմերի համառությունը պատկերող օրակարգերը, այլ հարց է՝ որքանո՞վ է դա լավ կամ վատ:

«Այս պահին, երբ նախկին օրակարգերը մի պահ վերացվել են, այդ թվում՝ նախարարների մակարդակով, տեղի է ունենում կոնտակտների վերականգնում: Սերժ Սարգսյանի օրոք անձնական մակարդակով կար փոխադարձ ատելություն: Ուստի այս առումով ներկայումս տեղի է ունենում հռետորաբանության շտկման պրոցես, քանի որ մինչ հեղափոխությունը հատվել էր կարմիր գիծը: Տեղի է ունենում նաև բանակցության տարբեր դետալների հետ կապված հարցերի համաձայնեցում: Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը չէին կարող չորս ժամ հեքիաթ պատմել միմյանց, ի վերջո, բանակցային գործընթացը չի ավարտվում միայն ԼՂ խնդրին վերաբերող դետալների քննարկմամբ,  այստեղ կարևոր է բանակցային նորմալ մթնոլորտի ապահովումը, երբ երկրի ղեկավարները սեփական հասարակությունների առջև  չեն խոսում մի բան, բայց անում են այլ բան: Այս կարգի խնդիրների շտկման և նոր գործընթացի մեթոդաբանության շուրջ  պայմանավորվածությունների հարց կա»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ բանակցությունների պահպանումը կարևոր է իրավիճակի կառավարման ու հակամարտության գոտում կայունության ապահովման տեսանկյունից, և որ, չնայած ղեկավարների մակարդակով հանդիպումներին, վաղ է խոսել առարկայական բանակցությունների մասին:

Yerkir.am-ի դիտարկմանը, որ նախկին իշխանություններին  քննադատում էինք, թե չի «գաղտնազերծվում» ինչի շուրջ են բանակցում, որ հաճախ ինչ-ինչ բաների մասին ռուսական մամուլից էինք իմանում, բայց նոր իշխանությունների օրոք նույն երևույթի ականատեսն ենք՝ ռուսական մամուլից ենք տեղեկանում, որ սպասվում է Փաշինյան-Ալիև ոչ ֆորմալ հանդիպում, իսկ թե ի՞նչ են խոսել 1.5 ժամվա ընթացքում, մեծ հաշվով, չի ասվում, և հետո 1.5 ժամ ինքնաբուխ հանդիպում հնարավոր չէ, Ստեփան Սաֆարյանը պատասխանեց. «Չգիտեմ, թե որքանով էր վաղ նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի հանդիպումը Դավոսի շրջանակում, գուցե մեծ չի եղել հավանականությունը, դրա համար չի հայտարարվել, բայց համաձայն եմ՝ 1.5 ժամ տևած հանդիպումը հենց այնպես կամ պատահաբար  չի լինում: Իսկ, առհասարակ, հանդիպման փաստը, դա քաղաքական ակտիվ է, Ալիևը շատ հաճախ հենց հանդիպման մասնակցության պատրաստակամությունը «վաճառել» է՝ դրա դիմաց ինչ-ինչ բաներ ստանալով: Ուղղակի ամեն հանդիպմանն ու հրավերին ընդառաջ գնալը, խոսքս չի վերաբերում դավոսյան հանդիպմանը, դա էլ ճիշտ չէ, քանի որ ամեն հանդիպման համար, առնվազն երկրի ղեկավարների մակարդակով, պետք է հանդիպման օրակարգ մշակվի: Ենթադրում եմ, որ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման արդյունքները փոխանցվել են նրանց: Ե'վ ՀՀ-ի վարչապետը, և' Ադրբեջանի նախագահը, ըստ էության, համաձայնել են այդ հանդիպման ընթացքում քննարկված մի շարք հարցերին: Չլիներ նման համաձայնություն, չէր լինի երկրի ղեկավարների հանդիպումը: Ես համաձայն եմ գնահատականին, որ չափազանց զգայուն այս խնդրով բավարար թափանցիկություն պետք է ապահովվի»:

Անդրադառնալով Արցախի՝ բանակցային սեղանի շուրջը վերադառնալո`ւ ՀՀ վարչապետի խոստմանը կամ հայտարարություններին, Ստեփան Սաֆարյանը նշեց, որ չեն տրվել պատասխաններ՝ Հայաստանը որևէ բանակցություն չի՞ սկսի, եթե Արցախը չլինի բանակցային կողմ, թե՞ տակտիկական խնդիր է դրվել, որի լուծումը որոշակի ժամանակ կպահանջի:

«Իրականում հարցը պարզերից չէ: Հանուն արդարության` պիտի ասեմ, որ նախկին իշխանությունները և Սերժ Սարգսյանը փորձել են այդ խնդիրը դնել և լուծել, բայց չստացվեց»,- ընդգծեց նա՝ հիշեցնելով, որ համանախագահները ևս ասել են, որ ինչ-որ պահի Արցախը պետք է վերադառնա բանակցային գործընթաց, ինչը նվազագույնն է, որին Ադրբեջանը չի կարող առարկել:

«Թե որքանո՞վ ՀՀ  իշխանությունները կկարողանան այդ նվազագույնից հասնել նրան, որ առարկայական բանակցությունների մեկնարկին Արցախը միանա բանակցություններին, պիտի որոշակի տեղեկություններ ունենալ այժմ քննարկվող հարցերի մասին: Բայց այս հարցը նաև օրակարգային պիտի լինի այս պահին, այլապես անհասկանալի կլինի, եթե Նիկոլ Փաշինյանը համաձայնի գնալ բացարձակ այլ ճանապարհով, քան ինչ հայտարարել է: Իսկ նա ԱԺ-ում ասել է, որ չունի արցախցուց ստացած մանդատ՝ այդ հարցով բանակցելու, քանի որ Արցախի ժողովուրդը չի մասնակցել ՀՀ խորհրդարանական ընտրություններին: Նիկոլ Փաշինյանը գիտակցում է` ինչ հայտարարություններ է արել, և համաձայնել բանակցային այլ պայմանների, քան իր սկզբունքային դիրքորոշումն է, չի կարող: Նման վրիպումը ճակատագրական կլինի և' իր, և' երկրի համար»,-ընդգծեց քաղաքագետը՝ լրացնելով, որ, առհասարակ, ՀՀ ղեկավարները պետք է Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումներից հետո անմիջապես Արցախի պաշտոնյաներին ներկայացնեն դրանց արդյունքները, ինչը, իհարկե, արվում է, մասնավորապես, վերջերս հանդիպել են ՀՀ և Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարները, և եթե Արցախից չեն հնչում մտահոգություններ, նշանակում է՝ մտահոգվելու լուրջ պատճառներ չկան:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ներքին իրավիճակին, ապա ըստ քաղաքագետի, կուտակված լուրջ ռիսկեր կան՝ ընդդիմության տարիներ շարունակ ձախողումների ֆոնին:

«Իրանի տնտեսական վիճակն ավելի շատ ազդում է Ադրբեջանի, քան Հայաստանի վրա, քանի որ նրանց միջև առևտրաշրջանառության ծավալներն անհամեմատ մեծ են: Բացի այս` Ադրբեջանն Իրանի և ՌԴ-ի հետ ունի աշխարհաքաղաքական բազում ծրագրեր, որոնց վրա ազդող ռիսկերը չափազանց մեծ են՝ կախված Իրան-ԱՄՆ հարաբերությունների զարգացումից: Մյուս կողմից` նման բաները ժամանակացույցի առումով պատահական չեն բռնկվում, որքան էլ հիմքեր ունենան. խոսքը Ադրբեջանում ցույցերի մասին է: Եվ այստեղ շատ կարևոր է, թե Ադրբեջանի ղեկավարն ում ականջներն է տեսնում: Պետք է հասկանալ նաև, որ Ալիևի ստրատեգիայի մեջ ընդգրկված են ՀՀ-ի ներքաղաքական զարգացումները, իր սեփական երկրում ներքաղաքական զարգացումները, Հայաստանի և նրա դաշնակիցների հարաբերությունների որակը, բնույթը»,- նշեց Սաֆարյանը: