կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-08 11:59
Քաղաքական

Ցանկանում եմ զարմանքս արտահայտել` Աշոտյանը թափանցիկություն ապահովելու բազմաթիվ տարիներ ուներ. Արարատ Միրզոյան

Ցանկանում եմ զարմանքս արտահայտել` Աշոտյանը թափանցիկություն ապահովելու բազմաթիվ տարիներ ուներ. Արարատ Միրզոյան

Կառավարության այսօրվա նիստում մերժվեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի ներկայացրած նախագիծը, որով ՀՀԿ-ականն առաջարկում էր վարչապետին սպասարկող հատուկ սարքավորված ինքնաթիռից և ուղղաթիռից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանելու լիազորությունը վարչապետից վերցնել և վերապահել կառավարությանը:

Նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: «Երկրորդ հոդվածով առաջարկվում է նախատեսել, որ վարչապետի պաշտոնական կայքում հրապարակվի բարձրաստիճան պաշտոնատար անձանց անունները, որոնք օգտվելու են այդ ինքնաթիռից և ուղղաթիռից, ինչպես նաև պետական բյուջեից հատկացված գումարների չափը»,- ասաց նա:  

Պատգամավորի հիմնավորումն այն է, որ հարկավոր է ապահովել պետական բյուջեի հաշվին իրականացված այլ ծախսերի թափանցիկությունը:

Զեյնալյանը նշեց, որ կառավարությունը նպատակահարմար չի համարում ընդունել պատգամավորի առաջարկը: «Դա նպատակահարմար չէ պետական անվտանգության տեսակետից, և գտնում ենք, որ ճիշտ կլինի, որ վարչապետին կցված ուղղաթիռի և ինքնաթիռի սպասարկման կարգը հաստատի ինքը` վարչապետը: Պետական ծառայողական գաղտնիք չհրապարակելու անհրաժեշտությամբ պայմանավորված` առաջարկում ենք բացասական եզրակացություն տալ այս նախագծին»,- ասաց նա:

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն էլ ասաց, որ ցանկանում է իր զարմանքն արտահայտել: «Ըստ էության` հեղինակը` պարոն Աշոտյանը, բազմաթիվ տարիներ ուներ այս շտկումն ու թափանցիկության աստիճանն ապահովելու համար և բաց է թողել այդ հնարավորությունը, ինչի համար ափսոսում եմ, հատկապես` պարոն Աշոտյանի դեպքում, որը բազմիցս աչքի է ընկել հատկապես ազգային անվտանգության, պետական անվտանգության մասին լեցուն ելույթներով»,- ասաց նա: