|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
2009 թվականին պաշտոնապես մեկնարկած Արևելյան գործընկերության ծրագիրը շատ կարևոր մեխանիզմ էր` գործընկերության երկրներին ԵՄ-ին և նրա քաղաքականությանը մերձեցնելու առումով: Այս մասին ԱլԳ 10-ամյակի կապակցությամբ հրավիրված համաժողովում հայտարարեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։
«Իհարկե, դեռ կան մարդիկ՝ դավադրության տեսությունների համակիրներ, որոնք համարում են, որ այստեղ թաքնված օրակարգ կար: Բայց ես մասնակցել եմ այդ քննարկումներին և պիտի ասեմ՝ որևէ թաքնված օրակարգ այդտեղ չկա: Գաղափարն այն էր, որ պետք է ամրացնել հարևանության արևելյան մասը՝ մտապահելով, որ հարավային մասն արդեն շատ լավ ինստիտուցիոնալ հենք ուներ: Եվ մի շարք ԵՄ անդամ երկրներ, պարտադիր չէ` հենց Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանից, համարում էին, որ հարևանության քաղաքականությունը կարիք ունի երկու հստակ հենասյունի՝ հարավային և արևելյան: Ի վերջո, արևելյան հենասյունը հարավայինից տարբերվում է, քանի որ հարավային հենասյունը եվրոպական հարևաններ էին: Իհարկե, արևելյան հենասյունը ևս Եվրոպայի մաս կազմող երկրներ են, ինչպես Հայաստանը, ուստի այս նախաձեռնության մեկնարկը կարևոր պահ էր՝ խթանելու մեր հարաբերությունները արևելյան գործընկերների հետ: Այսօր Բրյուսելում փորձագետները և ղեկավարությունը վայելում են արդեն այս քաղաքականության արդյունքները, որոնք շոշափելի են, և դրանք դժվար է հարցականի տակ դնել»,- ընդգծեց Սվիտալսկին:
Նա լուրջ նվաճում համարեց ՀՀ-ի հետ ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, երկրորդ՝ վիզաների ազատականացումը, որը դեռևս տարածվում է երեք գործընկեր երկրների վրա, ինչից շահում են հասարակ քաղաքացիները:
«Կարևոր է նաև տրանսպորտային երթուղիների տարածումը Եվրոպայից դեպի հարևանության երկրներ, այդ նպատակով 13 միլիարդ եվրո է հատկացվելու մինչ 2030 թվականը՝ ընդգրկելով բոլոր գործընկերներին: Սա միանգամայն իրական և շոշափելի բան է: Կան նաև այլ նախաձեռնություններ, օրինակ՝ ԵՄ-ի կոմղից փոքր և միջին բիզնեսին սատարմամբ հազարավոր աշխատատեղեր են ստեղծել գործընկերության երկրներում»,- նշեց Սվիտալսկին:
Ըստ նրա` պետք է խոսել ոչ միայն նվաճումներից, այլև մտածել ապագայի մասին: Դեսպանը տեղեկացրեց, որ շուտով Արևելյան գործընկերության երկրների ղեկավարները հանդիպելու են՝ քննարկելու այս նախաձեռնության ապագա զարգացումները:
«Կարևոր է լսել հայերի կարծիքը՝ ի՞նչ ուղղությամբ են ուզում Արևելյան գործընկերությունը տանել, քանի որ սա ձեր գործիքն է, դուք պետք է դրան տեր կանգնեք և զգաք այն: Մեր գործընկերների մեծ մասի համար անվտանգությունը մեծ դեր է խաղում. 6 երկրներից 5-ն իրական կոնֆլիկտների մեջ են, իրական պատերազմների, և նրանք ԵՄ-ն դիտում են որպես անվտանգության մատակարար: Հարցնում են ԵՄ-ին, թե ի՞նչ օգուտներ կարող են ստանալ իրենց անվտանգությունը խթանելու համար: Հաշվի առնելով ԵՄ-ի սահմանափակումները, այս հարցն արժանի է ուշադիր զննման»,- շեշտեց Սվիտալսկին:
Անդրադառնալով Արևելյան գործընկերության երկրների կառավարման խնդիրներին՝ Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարը նշեց՝ եթե որոշ երկրներ հետ են գլորվում ԵՄ չափանիշներից, դա նշանակում է, որ Արևելյան գործընկերությունը չի ծառայել իր նպատակին:
«Հայաստանը շատ լավ օրինակ է մի երկրի, որն ի վիճակի է իրականացնել մեծ փոփոխություններ և ներառվել շատ լուրջ գործընթացների մեջ»,- ընդգծեց նա:
Այստեղ, սակայն, Սվիտալսկին նշեց, որ ԵՄ գործընկերների հավակնությունները գնալով տարամետ են դառնում. կան երկրներ, որոնք ԵՄ-ի հետ սերտ ասոցացում են ուզում, կան երկրներ, որոնց օրակարգում դա չկա, կամ կան երկրներ, որոնք ԵՄ-ից ավելին են ակնկալում որոշակի ճյուղերում, մյուսները՝ մեկ այլ ուղղությամբ:
«Ինչպես արձագանքել այս տարբերակվող կարիքներին: Սա մեծ մարտահրավեր է: Պետք է լինեն փոփոխական ձևաչափեր, օրինակ` առևտրի ասպարեզում արդեն կիրառվող փոփոխական ստանդարտը»,- նշեց Սվիտալսկին և կարևոր մարտահրավեր համարեց նաև հարևանության երկրների ժողովրդագրական խնդիրները: Ըստ նրա՝ ԵՄ-ն դեռ չի կարողացել այդ խնդիրների լավ լուծումներ առաջարկել: