Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր նախորդ համարի 1-ին էջում լուր էինք հրապարակել, ըստ որի` Ազգային մրցունակության հիմնադրամի գլխավոր տնօրեն Բեկոր Փափազյանի աշխատավարձը 6 միլիոն 200 հազար դրամ է։ Հիշեցնենք` այս հիմնադրամի նախագահը վարչապետն է։ Ինքն իր համար լուր էր։ Պարզապես հարցրել էինք` մի քիչ շատ չի՞։
Երեկ խմբագրություն էր զանգահարել հիմնադրամի աշխատակիցը։ Չէր ժխտում, ուղղակի շատ էր ուզում իմանալ` որտեղի՞ց այդ լուրը, ումի՞ց ենք իմացել, իրենց ներսի՞ց, թե՞ այլ աղբյուրից։ Անուն էր ուզում։
Մենք դեմ չենք, որ մարդիկ բարձր, շատ բարձր աշխատավարձ ստանան, հակառակը։ Բայց ինչո՞ւ այսքան անհամաչափ։ Պետական համակարգում աշխատողները կամ նրանց մի մասը ավելի քի՞չ են աշխատում, որ նշվածից 50 անգամ պակաս են ստանում։ Իր` վարչապետի աշխատավարձը ընդամենը 340 հազար դրամ է։
Եվ ուրեմն այսու` ի պատասխան հեռախոսազանգի, պաշտոնապես հարցում ենք ուղղում այդ հիմադրամին. խնդրում ենք տրամադրել Ձեր հաստիքացուցակը եւ ով` որքան աշխատավարձ է ստանում։ Դուք եղեք թափանցիկ աղբյուրը։
«Երկիր»
Հ.Գ. Այս նյութն արդեն տեղադրված էր էջում, պաշտոնական նամակ-հարցումը փոստով ուղարկված էր մրցունակության հիմնադրամ, երբ երեկ երեկոյան երկու էջանոց պարզաբանում ստացանք հիմնադրամից։ Ներկայացված էր այս ընթացքում կատարված գնահատելի աշխատանքը, տարբեր ծրագրերով Հայաստան բերված ու բերվելիք միլիոնավոր ներդրումները։ Այնքան գործ է արված, այնքան տարբեր ոլորտներում, որ ակամայից ուզում ենք առաջարկել այս հիմնադրամը պահել եւ առնվազն մի չորս նախարարություն ցրել ամբողջությամբ։
Բուն մեր հրապարակման մասին մասնավորապես ասված էր.««Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանի աշխատավարձը ներկայացված է առանց հարկային պահումների։ Աշխատավարձի մասին տեղեկությունները խիստ անձնական են, եւ դրանց հրապարակումը կարելի է դիտարկել որպես «անձնական կյանքի միջամտություն»։ Վերջին երեք բառը չակերտների մեջ է առնված, քանի որ մեջբերում է օրենքից։ Այսինքն` ակնարկում են, թե կարող ենք դատի տալ։ Դատի տվեք։ Ճիշտ է, չէ՞ 6 միլիոն 200 հազարը։ Եթե պարոն վարչապետը համաձայն է Ձեզ հետ, թող մի դատի էլ նա տա. վերեւի տեքստում իր աշխատավարձի չափն էլ ենք նշել։ Հետո էլ ասում եք` մենք թափանցիկ ենք աշխատում։ Թափանցիկ եք, ինչո՞ւ էիք առավոտյան զանգել, Հայաստանի ազգային մրցունակության հարգելի հիմնադրամ։ Կրկնում ենք` Հայաստանի։