|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Եվրամիությունը կարծում է, որ Հայաստանում արդարադատության ոլորտում խորը և համապարփակ բարեփոխումները երկրի ապագայի համար կենսական նշանակություն ունեն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:Նրա կարծիքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայտարարությունը աներկբա և շատ ամուր հանձնառություն է՝ արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ:
«Մենք մեծապես աջակցում ենք վարչապետի կողմից ստանձնած պարտավորություններին արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Սա չափազանց լուրջ հանձնառություն է: Այսօր վեթթինգի մոդելն աջակցություն է ստանում Եվրամիության կողմից: Հայաստանում մարդկանց մեծամասնությունը դատարաններին չի վստահում, ուստի հանրային վստահությունը վերականգնելու համար լուրջ բարեփոխումներ են անհրաժեշտ: Եվրամիությունն այն կարծիքին է, որ այդ բարեփոխումները պետք է իրականացվեն Հայաստանի Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան»-ասաց Սվիտալսկին:
Նրա խոսքով՝ Եվրամիությունը պատրաստ է տեխնիկական ու ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանում արդարադատության համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին:
Սվիտալսկու խոսքով` Հայաստանի կառավարությունը պետք է իմանա, որ այդ բարեփոխումների իրականացման ճանապարհին կարող է հույս դնել ԵՄ-ի վրա: Ըստ նրա՝ դատարանների նկատմամբ հասարակության անվստահությունը երկու հիմնական պատտճառ ունի. նախկինում եղած կոռուպցիան և քաղաքական անկախությունը, քաղաքական մանիպուլյացիան: