կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-10 11:18
Քաղաքական

Ատոմակայանի հետ կապված անհանգստացնող հարց կա. Միքայել Մելքումյան

Ատոմակայանի հետ կապված անհանգստացնող հարց կա. Միքայել Մելքումյան

Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկման ժամանակ ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հիմնական զեկուցող` ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանին ասաց, որ կարևոր անհանգստացնող հարց կա համաձայնագրում՝ կապված Հայկական ատոմակայանի հետ:

«Քանի որ խոսք է գնացել համաձայնագրում մեր ատոմակայանի անվտանգության հետագա ապահովման մասին, պարզ չէ` դրա ճակատագրի հետ կապված ինչ քայլեր են նախաձեռնվում: Մեր ատոմակայանի մասով ի՞նչ հստակ պարտավարություններ է ունենալու ՀՀ-ն, եթե վավերացնենք համաձայնագիրը, որովհետև գիտեք` 300 մլն վարկի շրջանակներում ռեսուրսի` 10 տարով երկարացում ենք իրականացնում մինչև 2027 թվականը և դրան համարժեք էներգետիկ կարողություններ չենք ունենալու»,- նշեց Մելքումյանը:

Նազարյանը պատասխանեց, որ համաձայնագրի ստորագրումից հետո եղան տարբեր մեկնաբանություններ` կապված այս կամ այն թեմայի հետ, և Մեծամորի ատոմակայանի թեման էլ չշրջանցվեց: «Եղան լուրեր, այդ թվում` նաև անհիմն, արհեստականորեն էին շրջանառվում, թե իբրև ատոմակայանը փակվելու է»,- ասաց նա:

Նազարյանը շեշտեց, որ էներգետիկայի բնագավառում ԵՄ-ի հետ պայմանավորվել ենք համագործակցել գործընկերության փոխադարձ շահի, թափանցիկության և կանխատեսելիության սկզբունքների հիման վրա: «Այդ համագործակցությունը պետք է կանխատեսելիություն ընդգրկի, այդ թվում` Մեծամորի ատոմակայանի անվտանգ ապագործարկման համար ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի վաղաժամկետ ընդունման դեպքում: Այսինքն՝ խոսքը ճանապարհային քարտեզի վաղաժամկետ ընդունման, ոչ թե փակման մասին է»,- ասաց նա:

Նազարյանի խոսքով` կողմերը պայմանավորել են միջուկային էներգետիկայի բնագավառում համագործակցելիս հաշվի առնել ՀՀ առաձնահատկությունները, այդ թվում` ատոմային էներգետիկայի միջազգային ստանդարտները և միջազգային փորձը:

«Երաշխավորված հզորությունը դուրս հանելու միակ փոխարինողը կարող է լինել նույն երաշխավորված հզորությունը, ընդ որում՝ փոխարինել նոր էներգաբլոկով, որը ոչ միայն մեր ցանկությունն է, այլև ՀՀ էներգետիկ զարգացման ռազավարության փաստաթղթի հիմնական պահանջը»,- նշեց փոխնախարարը: