կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-29 14:38
Քաղաքական

Էլեկտրաէներգիայի թանկացումը քաղաքականացնելը կտանի փակուղի. Միքայել Մելքումյան

Էլեկտրաէներգիայի թանկացումը քաղաքականացնելը կտանի փակուղի. Միքայել Մելքումյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ էլեկտրաէներգիայի թանկացմանը, դրա ազդեցություններին: Պատգամավորի կարծիքով`այս հարցի քաղաքականացումը կտանի փակուղի, և հարցին պետք է տալ մասնագիտական լուծումներ: Միքայել Մելքումյանը տեղեկացրեց, որ վերլուծական փաթեթ է մշակել, որով առաջարկում է հնարավոր տարբերակներ` էլեկտրաէներգիայի թանկացումից խուսափելու համար:

 

«Անձամբ ես վերլուծական փաթեթ եմ մշակել: Երկու անգամ հանդիպել եմ հանձնաժողովի կազմի և Ռոբերտ Նազարյանի հետ: Առաջարկել եմ էլեկտրաէներգիայի սակագնի մեթոդաբանության փոփոխություն: Պետությունը կարող է դառնալ ՀԷՑ-ում բաժնետեր»,- ասաց պատգամավորը:

 

Նա նշեց նաև, որ այն պարտքի չափը, որը խաթարում է ՀԷՑ-ի բնականոն գործունեությունը, քսանչորս միլիարդ դրամ է:

 

«Տարիներ շարունակ ՀԷՑ-ը էլեկտրաէներգիա է մատակարարում «Նաիրիտ»-ին, որևէ բան չի ստանում: 7800 աշխատող ունի ՀԷՑ-ը, և եթե դա բազմապատկենք 200 հազար դրամով, կստանանք մի քանի միլիարդ ծավալ: Սրան գումարվում են ընթացիկ գումարներ: Իմ առաջարկն այն է, որ պետք է արմատական աուդիտ անել և դրանք բերել այն տեսքին, որ չտանի սակագնի թանկացմանը»,- ասաց Մելքումյանը:

 

Նրա կարծիքով`սակագնի մեթոդաբանության փոփոխություն է հարկավոր: Ըստ պատգամավորի` պետությունը կարող է ՀԷՑ-ի բաժնետեր դառնալ: Նույնիսկ հինգ տոկոսը թույլ է տալիս, որ աուդիտ լինի:

 

Միքայել Մելքումյանի կարծիքով` լավ է, որ քաղաքացիական հասարակությունն իր շահերը պաշտպանում է ակցիաներով, սակայն, որպես տնտեսագետ, ինքը մոտեցումը ճիշտ չի համարում: «Քանի որ ես տնտեսագետ եմ, տեսա, որ ակցիաներ անելն ամբողջ պատկերը չի տալիս, ժողովուրդն ասում է` պետք չթանկանա, և վերջ: Պետք է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ աշխատել և օպտիմալ լուծումներ մշակել»,- ասաց նա: