կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-15 12:03
Հասարակություն

Եթե այս տեմպով շարունակվի, 6 ամսից ՀԷՑ-ը կսնանկանա. Միքայել Մելքումյան

Եթե այս տեմպով շարունակվի, 6 ամսից ՀԷՑ-ը կսնանկանա. Միքայել Մելքումյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն այսօր լրագրողներին ասաց, որ դեմ է էլեկտրաէներգիայի թանկացմանը: Նրա կարծիքով` եթե այս տեմպերով շարունակվի, ընդամենը 6 ամիս հետո ՀԷՑ-ը կսնանկանա:

 

«Էլեկտրաէներգիայի թանկացումը որևէ լավ բանի չի կարող հանգեցնել, շատ տխուր հետևանքներ կարող են լինել: Ոչ թե պետք է անընդհատ մեր պարտքերը հաշվել, այլ լուծումներ է պետք առաջ քաշել: Ամեն ինչ հարկավոր է սկսել դեռևս արտադրող կայաններից և հասնել մինչև վերջնական սպառողը»,- ասաց պատգամավորը:

 

Նրա կարծիքով` շատ կարևոր է էներգետիկ հաշվեկշռի մասին խոսելը: «Պետությունն այստեղ լուրջ դերակատարություն ունի: Պետք է նկատի ունենանք, թե որ աղբյուրից ինչքան էլեկտրաէներգիա է ձեռք բերում ՀԷՑ-ը: Այդ չափաքանակը սահմանում է պետությունը, և այստեղ է պետք խոսել լուրջ դերակատարության մասին: Էներգիայի ձեռքբերումը լինում է ատոմային էլեկտրակայանից, ջերմային էլեկտրակայններից»,- ընդգծեց Մելքումյանը: Նրա բնորոշմամբ` մենք այսօր ունենք էներգետիկ ոչ օպտիմալ հաշվեկշիռ:

 

«Շուրջ 40 տոկոս էլեկտրաէներգիան ամենաթանկ աղբյուրից ենք ձեռք բերում: Մնացած 30-ական տոկոսները լրացնում են հիդրոէներգետիկան և ատոմակայանը: Ամենաթանկ աղբյուրը ջերմային ատոմակայանն է, ընդ որում` գնագոյացման առումով, ամենաթանկը Հրազդանի ՋԷԿ-ն է»,- ասաց պատգամավորը:

 

«Հայտը ներկայացվել է 17,8 դրամ, դրա մեջ 20 տոկոսն ավելացված արժեքի հարկն է: Դուրս է գալիս, եթե մենք 7 միլիարդ կիլովատտ էլեկտրաէներգիա ենք արտադրում, 17 կամ 18 դրամի 20 տոկոսը դառնում է մոտ 3,5-4 դրամ, երբ բազմապատկենք 7 միլիարդով, կստանանք 25-30 մլրդ դրամ»,- հաշվեց Միքայել Մելքումյանը և նշեց, որ համեմատաբար քիչ կտուժենք այն դեպքում, երբ պատվիրենք այնքան էլեկտրաէներգիա, որքանը սպառում ենք: Պատգամավորի բնորոշմամբ` մենք ավելի շատ պատվիրում ենք, քան օգտագործում:

 

«Եթե էլեկտրաէներգիան թանկանա, մարդիկ կաղքատանան, էլեկտրաէներգիայի հետ կապ ունեցող ապրանքների գները կբարձրանան, սպառման ծավալը կնվազի»,- եզրափակեց Մելքումյանը: