Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բարձրագույն պաշտոնյան թյուրիմացության մեջ է՝ պղնձաձուլարանի շահագործումը կապելով ապաշրջափակման հետ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Այսօր լսեցի երկրի բարձրագույն պաշտոնյայի ելույթը հանրապետության մարզերից մեկում հանրահավաքի ժամանակ առ այն, որ Հայաստանի Հանրապետությունում կան պղնձի հանքաքարի խոշոր պաշարներ, և մեզ պետք է պղնձաձուլարան։
Ասեմ, որ դրա անհրաժեշտության մասին ես խոսում եմ արդեն 10 տարուց ավելի, այդ թվում՝ նրա պատգամավոր և վարչապետ եղած ժամանակ։
Նա պղնձաձուլարանի բացումը կապում է երկաթուղու հետ։ Ասեմ, որ պարտադիր չէ, որովհետև, ինչպես միշտ, որևէ մասնագիտական հաշվարկ նրա կողմից չբերվեց։ Օրինակ, որքա՞ն պղնձի խտանյութ և որքա՞ն մաքուր պղինձ է հնարավոր ստանալ մեր երկրում։
Ասեմ հստակ թվերը։
Վերջին տարում հանրապետությունում արդյունահանվում է շուրջ 45 մլն տոննա մետաղական հանքանյութ, որից ստանում ենք շուրջ 420 հազար տոննա պղնձի խտանյութ և 10 հազար տոննա մոլիբդենի խտանյութ։ Այդ 420 հազար տոննա պղնձի խտանյութից կարելի է ստանալ ընդամենը 100 հազար տոննա մաքուր պղինձ։
Ինչ վերաբերում է ծծմբաթթվին, պղնձի խտանյութի ձուլման ժամանակ ոչ թե միանգամից առաջանում է ծծմբաթթու, այլ առաջանում են ծծմբային գազեր, որոնք կարելի է կորզել և ստանալ ծծմբաթթու։
100 հազար տոննա պղնձի հաշվարկով ստացվող ծծմբաթթվի ծավալը հարաբերականորեն մեծ չէ։ Դրանից կարելի է ստանալ գիպս և այլ նյութեր, գիպսից՝ գիպսակարտոն և այլն։ Իսկ պղինձը Ալավերդուց Գավառի «Գեղամա» կամ Երևանի կաբելի գործարան կարելի է հասցնել ոչ միայն երկաթուղով, կամ, եթե ցանկություն, կա, կառուցիր Հայաստանի ներքին տարածքում երկաթուղի։
Կրկնում եմ՝ այս հարցի շուրջ ես խոսում եմ տարիներ շարունակ, ունեմ նաև տպագրված ընդարձակ հոդված, և հիմնավորել պղնձաձուլարանի կառուցումը միայն ապաշրջափակմամբ՝ նշանակում է, մեղմ ասած, խորամուխ չլինել խնդրի էության մեջ։
Հերթական ոչ պրոֆեսիոնալ կառավարության հարցադրումները։
Խնդրի էությունն ավելի լավ հասկանալու համար տեղադրում եմ նաև իմ և տնտեսագիտության թեկնածու Ա. Առաքելյանի հոդվածը 2017թ. «Ֆինանսներ և էկոնոմիկա» ամսագրի 7-8 համարում «Նոր պղնձաձուլական ձեռնարկության կառուցումը Հայաստանում հրամայական է» վերնագրով։
Կրկնում եմ՝ 2017 թվականին։
Հիմա 2021 թվականն է։
Դատեք ինքներդ»,- գրել է Մելքումյանը։