կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-03 12:52
Քաղաքական

Վտանգավոր է նման ձևակերպում տալը. հանձնաժողովը համաձայն չէ ՀՀԿ-ական պատգամավորների` մոլախաղերի վերաբերյալ առաջարկությանը

Վտանգավոր է նման ձևակերպում տալը. հանձնաժողովը համաձայն չէ ՀՀԿ-ական պատգամավորների` մոլախաղերի վերաբերյալ առաջարկությանը

ԱԺ պետաիրավական հանձնաժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին հարցը: Առաջարկվում է զորամասերում, զինվորական ծառայության ժամանակ մոլախաղեր կազմակերպելու, դրանց մասնակցելու դեպքում քրեական պատասխանատվություն կիրառել: 

Հիմնական զեկուցող` ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը նշեց, որ, ըստ փոփոխության, մոլախաղը գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ այլ առավելություններ ստանալու նպատակով երկու կամ ավելի մասնակիցների միջև կամ կազմակերպչի կողմից սահմանված կանոններով շահումի վերաբերյալ ռիսկի հիման վրա համաձայնությամբ խաղ է:

Հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը օրենքի հեղինակներից հետաքրքրվեց` արդյո՞ք լոտո խաղալն էլ է մոլախաղ։
Աճեմյանը պատասխանեց, որ  լոտոն ներառված չէ այս խաղերի մեջ:  Հովհաննիսյանը նշեց, որ նախագծի` «կազմակերպչի կողմից սահմանված կանոններով շահումի վերաբերյալ ռիսկի հիման վրա համաձայնությամբ խաղ է» ձևակերպումը կարող է վերաբերել նաև լոտոյին:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ նշեց, որ նպատակը գույքային ակնկալիքի հետ չպետք է կապել, այդ դեպքում մարդը կարող է ասել, որ ինքը «հավեսի համար է խաղում», և տվյալ դեպքում լոտոն էլ կարող է դառնալ մոլախաղ, եթե այն գույքային ակնկալիք ունի:

«Ես բացասական եմ վերաբերվում շահումով խաղերին, բուքմեյքերական գրասենյակներում ժամանակ անցկացնողներին, ովքեր կարող են այնտեղ գումարներ վատնել: Եթե զինծառայողը մեկի միջոցով խաղադրույք է անում, այդ դեպքում է՞լ ենք նրան պատասխանատվության ենթարկում:  Ես կարդացել եմ նախագծի հիմքում ընկած գիտական հոդվածը: Կարծում եմ, որ գիտական հետաքրքրությունների հիմքում կատարված եզրակացություններն այդքան էլ ճիշտ չեն: Կարծում եմ` բավական վտանգավոր է նման ձևակերպում տալը: Կանխատեսումներ կան, որ զինծառայողների շրջանում հանցավորությունն այս ձևակերպման պարագայում, երեք անգամ կավելանա: Սա իմ կանխատեսումը չէ, այս թեմայով զրուցել եմ համապատասխան մարմինների հետ: Կոչ եմ անում նախագիծը հետաձգել»,- հայտարարեց Արփինե Հովհաննիսյանը:

Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն էլ նշեց, որ 2013 թվականին, երբ օրենքի նախագծում բերվեց այս հոդվածը, հենց ինքն էր այդ օրենքի հեղինակը և ինքն էր ներկայացնում այն ԱԺ-ում: «Հենց 2013թ.-ին առաջին անգամ մենք մտցրեցինք զորամասերում մոլախաղի արգելքը: Հանցավորության աճ եղավ»,- ասաց նա:

Աճեմյանն էլ նշեց, որ  իրենք չեն կարող խթանել հանցագործությունների աճը, և որ այդ դրույթը օրենքով ամրագրելը կարևոր է զինվորական ծառայության ժամանակ:

Կոստանյանն ասաց, որ մոլախաղերի այնպիսի հասկացություն են տալիս, որը այսօրվա գործող օրենքում ավելի նեղ է, ապա հետաքրքրվեց`  ինչո՞վ է պայմանավորված այս հասկացության ընդլայնումը, արդյո՞ք կան դրսևորումներ, որոնք քրեականացված չեն:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ առաջարկեց, որ հիմնավորումների մեջ կարևոր է նշել, որ գույքագրում պետք է արվի իրական իրավիճակը հասկանալու համար, պետք է հասկանալ, թե փոփոխությամբ ինչ բեռ է ընկնելու նախաքննական մարմինների վրա:

Արփինե Հովհաննիսյանը դիտարկմամբ՝ քրեական օրենսգիրքն առաջիկայում ներկայացվելու է կառավարություն, և դա «երկաթյա հիմնավորում չէ», որովհետև երկու տարի է` սպասում են: «Այն առաջ է բերելու կոնկրետ հետևանքներ: Իրավապահ մարմինը նայելու է` կազմակերպչի կողմից սահմանված կանոնով ռիսկի վրա հիմնված խաղ: Հիմա լոտո են խաղում, կազմակերպիչն ասում է` 10 տոկոսը կտաք ինձ: Նույնը չէ՞: Հետաձգեք: Չափազանց բարդ ոլորտ է, և ես չեմ ուզում զինծառայողների մեջ այս հատվածը սրվի, սկսենք վհուկների որս կազմակերպել: Իմ կոչն է լինելու՝ հետաձգել»,- հորդորեց նա:

Գևորգ Կոստանյանը հարցրեց՝ արդյո՞ք նախագծի բոլոր հեղինակները ծանոթ են, մասնակցել են այս օրենքի մշակմանը:               

Կարինե Աճեմյանը համաձայնեց հետաձգել օրինագծի քննարկումը՝ նշելով, որ սա լուրջ մարտահրավեր է, և զինվորական ծառայության ընթացքում պետք չեն նման երևույթներ: Ըստ նրա`  եթե չի խոսվում այս երևույթների մասին, չի նշանակում, որ դրանք չկան: