կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-24 13:35
Քաղաքական

Ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ. ՀՀԿ-ական երիտասարդ պատգամավորների կոչը` կառավարությանը

Ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ. ՀՀԿ-ական երիտասարդ պատգամավորների կոչը` կառավարությանը

ՀՀԿ-ական պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Արման Սահակյանը, Արթուր Գևորգյանը, Նաիրա Կարապետյանը, Լեւոն Մարտիրոսյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Թեւան Պողոսյանը եւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Քեսաբի դեպքերի կապակցությամբ հայտարարությամբ են հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորեւ.

 

«Աշխարհասփյուռ հայությունը ցնցված է Սիրիայի Քեսաբ քաղաքում և հարակից բնակավայրերում տեղի ունեցած վերջին իրադարձություններից, որի արդյունքում թուրքական զինուժի գործողությունների պատճառով տեղաբնակ հայությունը կրկին տարհանվել է՝ Հայոց Ցեղասպանությունից գրեթե մեկ դար անց կրկին բռնելով գաղթի ճանապարհը:

 

Մենք, որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, տեղի ունեցածը գնահատելով ոչ թե որպես Սիրիայի կամ Թուրքիայի ներքին գործ, այլ, որպես մարդու իրավունքների զանգվածային խախտման արտառոց դեպք, խստորեն դատապարտում ենք թուրքական զինուժի գործողությունները, որն, ըստ էության, նոր մարտահրավեր է՝ ուղղված Ցեղասպանության հետևանքով Մերձավոր արևելքում ձևավորված հայկական սփյուռքի դեմ:

 

Կոչ ենք անում սիրիական ու թուրքական իշխանություններին անցկացնել տեղի ունեցած իրադարձությունների անաչառ հետաքննություն, իսկ միջազգային հանրությունից պահանջում ենք միանշանակ գնահատական տալ մարդու իրավունքների խախտման այս նողկալի դեպքերի վերաբերյալ՝ ՄԱԿ-ի դիտորդներ ուղարկելով Քեսաբի հայաբնակ տարածքներ՝ փաստաթղթավորելու տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումների դեպքերը:

 

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ, իսկ աշխարհասփյուռ հայությանը՝ միավորելու ջանքերը սատար կանգնելու սիրիահայության իրավունքների պաշտպանությանը»: