կարևոր
4039 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-15 14:32
Հասարակություն

ՌԴ-ն շատ հիմնավոր ձևակերպում է՝ այն դրականը, ինչ ունեք, ուղղակի ՌԴ գործոնով է պայմանավորված. տնտեսագետ

ՌԴ-ն շատ հիմնավոր ձևակերպում է՝ այն դրականը, ինչ ունեք, ուղղակի ՌԴ գործոնով է պայմանավորված. տնտեսագետ

«Մեր երկրի ներկա տնտեսական իրավիճակը մտել է առավել մեծ անորոշությունների և ռիսկերի զարգացման փուլ»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով առկա տնտեսական միտումներին՝ նշեց Աժ պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

Ըստ նրա՝ այս փուլի մեկնարկը հատկապես դրվել է 2020 թվականին, երբ իշխանությունները ձախողեցին համավարակի դեմ պայքարը, ապա նաև՝ 44-օրյա պատերազմի պարտության սոցիալ-տնտեսական հետևանքներով, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքներից Արցախից Հայաստան տեղահանված մեր քաղաքացիների հոսքով: Իսկ այժմ տնտեսագետը ցավով է արձանագրում, որ վիճակն առավել վատթարացել է՝ վերջին իրադարձություններով պայմանավորված, երբ ողջ արցախահայությունը բռնի տեղահանվեց:

«Այս ամենին գումարվել են այն աշխարհաքաղաքական մանևրները, որոնք այսօրվա իշխանություններն իրականացնում են՝ բացառապես իրենց նեղ քաղաքական՝ սեփական իշխանությունը պահելու շահից դրդված:

Ակնհայտ է, որ հետևողական իրականացվում են վեկտորի փոփոխությանն ուղղված քայլեր, ինչը բերում է մեր ռազմավարական և տնտեսական հիմնական գործընկերոջ՝ ՌԴ-ի հետ որոշակի խնդիրների հասունացման,- նշեց տնտեսագետը, ապա անդրադառնալով 2022 թվականից արձանագրվող երկնիշ տնտեսական աճի էությանը, շեշտեց՝ այն ժամանակավոր է և պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի գործոնով,- Այժմ այդ գործոնից կախվածությունը բավականին մեծ է: Բայց դրամական այն հոսքերը, լրացուցիչ պահանջարկը, որ կար, այսօր թուլանում է՝ ոչ միայն օբյեկտիվ հիմքերով, այլև պայմանավորված ռուս-հայկական հարաբերությունների սրմամբ»:

Վերջինի մասին իր դիտարկումներում Թադևոս Ավետիսյանը հիշեցրեց հատկապես արտահանման լրացուցիչ խոչընդոտները, որոնց մի մասը, ըստ նրա, արհեստական են, ապա նաև՝ Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների նվազումը:

«Թե ինչ զարգացումներ կլինեն՝ սցենարները տարբեր են: Վատագույն սցենարը՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների է՛լ ավելի վատթարացումը, բերելու է մի շարք լուրջ խնդիրների: Հիշեցնեմ, որ ոչ միայն մեր արտահանման 50 տոկոսից ավելին է ՌԴ գնում, այլև ներմուծման մեջ ՌԴ-ն ունի մեծ տեսակարար կշիռ՝ դարձյալ կեսից ավելի, և դրա մեջ՝ նաև վառելիքաէներգետիկ ռեսուրսներն են, որոնցից, փաստացի,  մենք կախված ենք:

Եվ հաջորդը, որ անհաջող զարգացման դեպքում արձանագրվելու է, ՌԴ-ից ՀՀ եկած քաղաքացիների արտահոսքն է և ներհոսքի էական դադարումը, ինչը կուղեկցվի նաև դրամական փոխանցումների նվազմամբ:

Չմոռանաք, որ արտագնա աշխատանքի հիմնական ուղղղությունը Հայաստանի համար ևս շարունակում է մնալ Ռուսաստանը, և այս պահին այդ դրամական փոխանցումների հիմնական մասը՝ 70 տոկոս և ավելի, ստացվում է հենց այնտեղից:

Սրանք ընդհանուր մակրոգործոններն են, որոնք անընդհատ ակտիվ են, և դրան էլ գումարեք խորացող անվտանգային ռիսկերը. այսօր ակնհայտորեն հակամարտությունն ավարտված չէ: Այս վայրիվերումները բերում են անչափելի տնտեսական անվտանգային ռիսկեր, ինչն ուղղակի զրոյացնում է երկարաժամկետ ներդրումների և տնտեսական ծրագրերի իրականացումն իրական գետնի վրա: Դրան էլ գումարեք պետական պարտքի անշեղորեն և առաջանցիկ աճը»:

Տնտեսագետը բանաձևեց տնտեսական առկա իրողությունները՝ երկարաժամկետ կտրվածքով բացասական ցուցանիշներն արագընթաց աճում ու խորանում են, իսկ դրական միտումները կարճաժամկետ են և պայմանավորված չեն ներտնտեսական գործոններով, այլ պատահական են և արտաքին:

Այս օրերին Հայաստանի տնտեսական աճի մասին դրական արձանագրումներն էլ Թադևոս Ավետիսյանը պայմանավորեց  քաղաքական ենթատեքստով՝ նկատելով՝  օրինակ, ՌԴ-ն շատ հիմնավոր ձևակերպում է, որ այն դրականը, ինչ ունեք, ուղղակի ՌԴ գործոնով է պայմանավորված:

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի տնտեսության աճի բարձր տեմպերը բացատրել է ԱՊՀ երկրների հետ ինտեգրմամբ: ԸՍՏ  ՏԱՍՍ-ի՝ նա մասնավորապես ասել էր. «Նայեք Հայաստանի տնտեսության աճի տեմպերին։ Այո, աշխարհում ոչ մի երկիր չի կարող համեմատվել Հայաստանի հետ տնտեսության աճի տեմպերով։ Այնտեղ, իմ կարծիքով, 15 տոկոս է: Դուք կարծո՞ւմ եք, որ դա հենց այնպես է։ Ոչ, դրանք ինտեգրման արդյունք են»:

Ի դեպ, «Fitch» վարկանիշային գործակալությունն էլ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո Հայաստանի վարկանիշը պահպանել է «BB» մակարդակում: Գործակալությունը կանխատեսել էր Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերսկսման հնարավորությունը, երբ հուլիսին ՀՀ վարկանիշը բարձրացրել էր «BB» մակարդակի։

«Մեր կանխատեսումները, որ ցանկացած մարտական գործողություն կսահմանափակվի Լեռնային Ղարաբաղով և կունենա սահմանափակ մակրոտնտեսական հետևանքներ, իրականացան, և հակամարտությունը չազդեց ՀՀ վարկանիշի կամ հեռանկարների վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ 168.am