Փոխարժեքներ
03 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
Հայազգի հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրը հոկտեմբերի 3-ին համերգ կտա Մոսկվայում: Համերգին ընդառաջ` Ազնավուրը հարցազրույց է տվել ИТАР-ТАСС գործակալությանը:
«Ես անհամբերությամբ սպասում եմ ռուս հանդիսատեսի հետ հանդիպմանը: Ռուսաստանը, Հայաստանի, Իտալիայի և Իսպանիայի հետ, այն երկրներից է, որտեղ ինձ միշտ հատկապես հաճելի է գտնվել»,- նշել է Ազնավուրը:
«Երբեք չեմ մոռանա իմ առաջին համերգները ԽՍՀՄ-ում 1963-ին: Նախատեսված 30 երգի փոխարեն ես երգեցի մոտ 60 երգ»,- պատմում է շանսոնյեն:
«Այս անգամ ևս կկատարեմ իմ դասական երգացանկը՝ չանդրադառնալով նոր երգերիս: Միաժամանակ, չեմ մոռանում ռուսերենով սկավառակ թողարկելու պլանների մասին: Ես արդեն ունեմ ռուսերեն տեքստեր, բայց դեռ ոչ ոք չի թարգմանել դրանք, իսկ ես ցանկանում եմ իմանալ դրանց բովանդակությունը` նախքան ձայնագրելը»,- պատմում է Ազնավուրը՝ նշելով, որ ռուսերեն որոշ բառեր գիտի, բայց չի կարողանում ազատ խոսել:
«Ինչպես գիտեք՝ իմ նախնիները սերտորեն կապված էին Ռուսաստանի հետ: Իմ հորական պապը Նիկոլայ Երկրորդի ժամանակաշրջանում Թիֆլիսի նահանգապետի խոհարարն էր: Հասնելով Ֆրանսիա՝ և' պապս, և' հայրս Փարիզի Լատինական թաղամասում ռեստորաններ են բացել ռուսական եւ կովկասյան խոհանոցով: Ես մինչ օրս շատ եմ սիրում ռուսական խոհանոցը, մասնավորոպես` կոտլետներ ու բորշչ»,- ասել է նա:
Հարցին՝ ի՞նչ բնավորություն է իրեն բաժին հասել տարբեր էթնիկ համայքներից՝ ֆրանսիական, հայկական, թե ռուսական, Ազնավուրը պատասխանել է. «Կարծում եմ՝ դա այդ ազգերի տարբեր տարրերի խառնուրդ է: Հայերի նման ես շատ բարոյական սկզբունքներ, պարկեշտության նորմեր պահպանող մարդ եմ: Ֆրանսիացիների նման ես սիրում եմ շատախոսել, ռուսների նման՝ ուրախանալ: Այդ խառնուրդն ինձ ամբողջությամբ հերիքում է կյանքի համար»,- ընդգծել է երգիչը:
Ազնավուրը նշել է, որ թերթերը գրում են, թե գիշերը երգեր է գրում, սակայն դա այսպես չէ: «Լավ առողջություն ունենալու համար գիշերը պետք է քնել: Տեքստեր եմ գրում ամեն օր՝ աշխատելով առավոտից մինչև կեսօր: Ընդհանուր առմամբ, գրել եմ մոտ 1000 ստեղծագործություն»,- նշել է նա:
Ազատ ժամանակ Ազնավուրը սիրում է ֆիլմեր դիտել, այդ թվում՝ խորհրդային, և գիրք կարդալ:
Զրույցի վերջում Ազնավուրը շնորհավորել է լրագրողին ИТАР-ТАСС-ի 110-ամյակի կապակցությամբ և հույս հայտնել, որ ինքը ապագայում ևս նման հոբելյան կնշի: