Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն:
ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը զեկուցել է, որ տոնական օրերից առաջ և հետո ուժեղացված հսկողություն է իրականացվել սոցիալական նշանակություն ունեցող 20 անուն ապրանքների գների նկատմամբ: 2014 թ. դեկտեմբերի վերջի և 2015 թ. հունվարի նկատմամբ 2015-ի դեկտեմբերին և 2016 թ. հունվարի սկզբին գրեթե բոլոր ապրանքատեսակների գծով արձանագրվել է էական գնային նվազում, անգամ կան ապրանքատեսակներ, որոնց գները նվազել են 30-40 տոկոսով, օրինակ՝ ձվի, ալյուրի: Շաբոյանը նշել է, որ ընդհանուր առմամբ, շուկան կայուն է, և գների բարձրացման դեպքեր չեն արձանագրվել: Վարչապետ Աբրահամյանը հորդորել է ՏՄՊՊՀ նախագահին՝ շարունակել ուսումնասիրությունները և դրանց արդյունքները ներկայացնել կառավարության աշխատակազմ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր հերթին տեղեկացրել է, որ կենսաթոշակների վճարման նպատակով ժամանակին իրականացվել է անհրաժեշտ ֆինանսավորում: Կենսաթոշակների վճարման գործընթացն սկսվել է հունվարի 4-ից: Այն կշարունակվի հունվարի 5-ին, այնուհետև հունվարի 8-ից:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն էլ տեղեկացրել է, որ տոնական օրերին հանրապետությունում էներգամատակարարման գործընթացը կայուն կերպով է իրականացվել, առանց լուրջ խափանումների: Էներգամատակարարումն առանց խոչընդոտների և պատշաճ իրականացնելու նպատակով սահմանվել է հերթապահություն:
Այնուհետև խորհրդակցության ընթացքում մանրամասն քննարկվել են արտահանման խթանմանն ուղղված ծրագրերն ու քայլերը: Ներկայացվել են տարբեր առաջարկություններ և գործիքակազմ՝ արտահանման տեմպերն ավելացնելու, նոր շուկաներ մուտք գործելու և արտահանումը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավանություն է տվել արտահանման խթանման խորհուրդ ստեղծելու առաջարկությանը, որը կզբաղվի և´ երկարաժամկետ խնդիրներով, և´ համապատասխան ծրագրերի հիման վրա սեղմ ժամկետում օպերատիվ աջակցություն կցուցաբերի արտահանող ընկերություններին: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ պետք է գնալ նման քայլերի՝ տնտեսություն առաջ մղելու համար և համոզմունք հայտնել, որ միասնական ջանքերի շնորհիվ կարձանագրվեն հաջողություններ: