|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր կայացել է «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը։
Նիստի օրակարգում ընդգրկված էին «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից իրականացվող միջոցառումների ընթացքին, դրանց արդյունավետության բարձրացման և գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված մի շարք հարցեր։
Վաչե Տերտերյանը հանձնաժողովի անդամներին է ներկայացրել նախորդ համապետական շաբաթօրյակի արդյունքում ամփոփված տեղեկատվությունը և դրանից բխող հետագա գործողությունների ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։ Մասնավորապես, փոխնախարարը կարևորել է մարզպետարանների կողմից սեփական ջանքերի մոբիլիզացման, ռիսկային տարածքներում ճանշինների աջակցությամբ թիրախային մաքրման աշխատանքների հրամայականը։ «Պետական կառավարման մարմինները պետք է հաղորդակցության մեխանիզմներ ստեղծեն միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերի օպերատիվ կերպով մաքրման աշխատանքների համար։ Առանձին մարզերում պետք է կազմել տարբեր նշանակության օբյեկտների՝ հատկապես մշակութային ժառանգությունների, մաքրման աշխատանքների գրաֆիկ և նախանշված ծրագրով կազմակերպել դրա իրականացումը»,- նշել է Վ. Տերտերյանը։
Փոխնախարարը նաև առանցքային է համարել հանձնաժողովի անդամների միասնական տեսակետն առ այն, որ շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարությունը և պատասխանատվությունը պետք է դրսևորվի ոչ միայն համապետական կամ համաքաղաքային շաբաթօրյակների ընթացքում, այլև այդ գիտակցությունը պետք է ուղեկցի յուրաքանչյուր քաղաքացու իր առօրյա կյանքում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են շրջակա միջավայրի նկատմամբ ինստիտուցիոնալ պատասխանատվության մեխանիզմների ներդրման և հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր, արվել են գործնական առաջարկներ։