Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ-ում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Հիմնական զեկուցող` ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ այս օրենքների նախագծերով առաջարկվում է շարունակել այն գործընթացը, որը սկսել են անցած և նախանցած տարի: Նա նշեց, որ սա արվում է ավելի արդյունավետ ինքնակառավարում ապահովելու համար:
«Մենք արդեն ունենք 18 խոշորացված համայնքներ, որոնց մեջ 140 համայնք է միավորված: Այս փաթեթով առաջարկում եմ ձևավորել ևս 34` ավելի ընդգրկուն տեղական ինքնակառավարման մարմիններ, որում առաջարկում ենք միավորել 328 համայնք»,- ասաց նա:
Տերտերյանի խոսքով՝ փաթեթն ընդունելուց հետո կանցկացվեն նոր ընտրություններ և կձևավորվեն տեղական ինքնակառավարման նոր մարմիններ: Նա ասաց, որ ընտրությունները կանցկացվեն միամանդատ ընտրակարգով՝ կընտրվեն համայնքի ղեկավարներ, այնուհետև` այդ բոլոր համայնքների տարածքների ընդգրկումով կընտրվի համայնքի ավագանին:
Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ խոշորացված համայնքները կունենան վարչական ղեկավարների ինստիտուտ, ինչն օրենքով նախատեսված պարտադիր պայման է:
«Նախատեսել ենք ևս մեկ հաստիք, որը կզբաղվի գործավարությամբ: Խոշորացված համայնքը կունենա միասնականացված բյուջե, կունենա միասնական 5-ամյա զարգացման ծրագիր: Այսօրվա գործող համայնքի իրավահաջորդը կդառնա խոշորացված համայնքը»,- ասաց նա:
Տերտերյանը նշեց, որ խոշորացման գնալու բարդությունները լուծելու համար իրենց նախարարությունը մշակել է բազմաթիվ փաստաթղթեր նորաստեղծ համայնքի ղեկավարի ավագանու աշխատանքի, նորաստեղծ համայնքում ծառայությունների մատուցման ձևերի և այլնի վերաբերյալ: Նա ընդգծեց, որ կարևոր է, որ արդեն խոշորացված համայնքներում մատուցվող ծառայությունների թիվը չի նվազել: «Այսինքն` համայնքային դպրոցները և այլ հաստատությունները, որոնք ծառայություններ են մատուցում, չեն կրճատվել»,- ասաց փոխնախարարը:
Ինչ վերաբերում է համայնքներից ավագանու` նիստերին ներկայացված լինելուն, Տերտերյանի խոսքով, ծրագիր կա, որ փոքր համայնքների ավագանու անդամները ևս ընտրվեն համամասնական ընտրակարգով, իսկ մինչ այդ բոլոր համայնքներն էլ անպայման ներկայացուցիչներ կունենան ավագանիներում:
«Օրենսդրական փոփոխություն է արվել, և բոլոր վարչական ղեկավարները օժտվել են ավագանու նիստերին մասնակցությամբ և ներկայացնելու են հարցեր ավագանու քննարկմանը»,- ասաց նա և հավելեց, որ ավագանիների նիստերը կհեռարձակվեն ու կլինեն համացանցում: