Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 27-ին կայանալիք համապետական շաբաթօրյակին ընդառաջ` այսօր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում կայացավ «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի երկրորդ նիստը: Ներկայացվեցին առ այսօր կատարված աշխատանքները, քննարկվեցին աղբահանության, վարչարարական մեխանիզմների գործադրման և ակնկալվող արդյունքների վերաբերյալ հարցեր:
Նշենք, որ մայիսի 19-ի դրությամբ ՀՀ Արմավիրի մարզում 171 արձանագրված աղբավայրերից արդեն իսկ փակվել է 20-ը, Արարատի մարզում` 261-ից 170-ը, Շիրակի մարզում` 337-ից 31-ը, Կոտայքի մարզում՝ 184-ից 36-ը:
«Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, խոսելով հանձնաժողովի կատարած աշխատանքների մասին, ասաց. «Նախաձեռնության հրապարակման առաջին իսկ պահից, երբ վարչապետ Կարեն Կարապետյանն այն հնչեցրեց, մեր քաղաքացիական հասարակությունը, տարբեր ստրուկտուրաներ՝ հանրային և հասարակական դաշտում, շատ արագ արձագանքեցին, և մենք հիմա ունենք ակտիվ աշխատող և այդ հարցերը քննարկելու հարթակ»: Փոխնախարարի խոսքով՝ իրենք պետք է բնակչության հետ ակտիվ կապ պահպանեն՝ այդ գործընթացը պատշաճ մակարդակի վրա պահելու համար:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ, հանձնաժողովի քարտուղար Արտաշես Բախշյանը տեղեկացրեց, որ բոլոր մարզային հանձնաժողովները ստեղծված են, իրենց ժամանակացույցով աշխատանքներն իրականացրել են և արդյունքները ներկայացրել միջգերատեսչական հանրապետական հանձնաժողովին: «Ընդհանուր առմամբ, մոնիտորինգի են ենթարկվել բոլոր համայնքների բյուջեները, և հանրապետության 791 համայնքից ավելի քան 480-ն ունեն աղբահանության ծախսային հոդվածներ` ամենատարբեր չափերի: Այդ թիվը համայնքներում կազմում է մոտավորապես 4 մլրդ դրամ: Բացի դրանից` բոլոր մարզային հանձնաժողովները տիրապետում են Google Earth-ի միջավայրում աղբանոցների` մեր կազմած քարտեզներին և աշխատանքներ են կազմակերպում` համաձայն այդ քարտեզների: Ընթացիկ շաբաթվանից սկսած` արդեն սկսել են զեկուցումները՝ որտեղ քանի աղբանոց է փակված, մաքրված կամ տեղափոխված: Զուգահեռ աղբավայրերում իրականացնում են հատկորոշման խնդիրներ, որտեղ որ պետք է տեղափոխվի մարզում առաջացած աղբը»,- ասաց նա:
Բախշյանի խոսքով՝ իրենց ակնկալածից լավ արդյունքներ ունեն: «Ունենք որոշակի առաջընթաց նաև տուգանքների նշանակման բնագավառում: Ունենք հավաքագրված գործիքներ, թե տուգանքների նշանակման համար ինչքան իրավական փաստաթղթեր են անհրաժեշտ: Այս առումով պատրաստում ենք փաթեթ այս վարչական ակտերն անբեկանելի դարձնելու համար»,- ասաց նա:
Քննարկման ընթացքում արդարադատության նախարարության ներկայացուցիչն անդրադարձավ սահմանված վայրերից դուրս աղբ նետելու համար նախատեսված տուգանքներին և վարչարարական նոր մեխանիզմների մշակմանը: Նրա խոսքով՝ ներկայումս վարչական վարույթ հարուցելու բեռը դրված է տեղական ինքնակառավարման մարմինների վրա, և քննարկվում է այդ լիազորությունները դարձյալ ոստիկանությանը տալու հարցը: Ըստ նրա՝ առաջարկվում է սահմանված վայրից դուրս աղբ նետողներին առաջին անգամ նախազգուշացնել, իսկ նույն արարքը կրկնելու դեպքում նրանց նկատմամբ տուգանք կիրառել:
Քննարկման մասնակիցները կարծիք հայտնեցին, որ տուգանքների չափերը պետք է մեծացվեն և խստացվեն, քանի որ, եթե կիրառվում է նախազգուշացում, հսկողությունը թուլանում է:
Արարատի մարզպետի տեղակալ, Արարատի «Մաքուր Հայաստան» ծրագրի մարզային հանձնաժողովի ղեկավար Հայրապետ Բաբայանը ներկայացրեց Արարատի մարզում կիրառված` աղբահանության փորձը: Այս մարզում 262 արձանագրված աղբանոցից լիկվիդացվել է 162-ը: Բաբայանի խոսքով՝ Արարատի մարզում ներկայումս 35 աղբավայր կա, և իրենց նպատակն է այն հասցնել գոնե 10-ի: Նրա խոսքով՝ աղբահանությունը համայնքների համար ծախսատար է եղել, և այն շարունակելու համար հետագայում միջոցներ պետք կգան: «Փորձում ենք իրազեկել քաղաքացիներին, որ աղբ թափելու համար հնարավոր է տուգանվեն, համապատասխան ցուցանակներ ենք տեղադրում և այլն»,- ասաց Բաբայանը: