կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-17 18:25
Հասարակություն

9 միջսահմանային թիմերը կարող են հպարտանալ նշանակալի ձեռքբերումներով. Վաչե Տերտերյան

9  միջսահմանային թիմերը կարող են հպարտանալ  նշանակալի ձեռքբերումներով. Վաչե Տերտերյան

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հունիսի 16-ին մասնակցել է  Գյումրու Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնում կայացած  Հայաստան - Վրաստան Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության աջակցության  ծրագրի 5-րդ պաշտոնական եզրափակիչ համաժողովին:

Համաժողովին մասնակցել են նաև Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, Վրաստանի պատվիրակության նախագահ` Իրակլի Մատկավան:

Համաժողովը մեկնարկել է ցուցահանդեսով, որին ներկայացվել են  Երիտասարդների զբաղվածության ընդհանուր մարտահրավերների լուծում՝ միջսահմանային միասնական զբոսաշրջություն,Ը նդհանուր լուծումներ միասնական հիմնախնդիրներին,  Հեծանվային և գյուղական միջսահմանային միասնական զբոսաշրջություն և այլ ծրագրեր: Հյուրեր շրջել են ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել իրականացված աշխատանքներին:

 Ազդեցություն մարզային կայուն զարգացման և միջսահմանային համագործակցության վրա խորագրով կոնֆերանսի ժամանակ ողջույնի խոսքով հանդես է եկել  Վաչե Տերտերյանը: Ամփոփելով ԱԳՏՀ ծրագրի շրջանակներում Հայաստան- Վրաստան տարածքային համագործակցության ծրագրի արդյունքները՝ ՀՀ ՏԿԶՆ փոխնախարար Վ. Տերտերյանը նշել է, որ այն զգալի կերպով բարելավել է երկու երկրների միջև փոխըմբռնումը, գործարար կապեր ստեղծելով, հիմք դնելով նոր համագործակցային ծրագրերի:

«Ծրագրի մասնակից 9  միջսահմանային թիմերը կարող են հպարտանալ այն նշանակալի ձեռքբերումներով , որոնք նպաստել են սահմանակից մարզերի զարգացմանը և զգալի օգուտ են բերել համայնքներին: Ծրագրի իրականացմանը մեծապես նպաստել է Եվրոպական միությունը: Վստահ եմ՝ ծրագրի շրջանակներում համատեղ արձանագրած արդյունքը կարևոր խթան կլինի տարածքային համագործակցության  հետագա զարգացման համար»,-ասել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալը:  

Նշենք, որ Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագրում Հայաստանից ներառված է 9135 քառ.կմ տարածք, իսկ Վրաստանից՝ 12,941 քառակուսի կմ: Ծրագրում ներառվել են հայ-վրացական սահմանի 225 կմ երկայնքով տեղակայված շրջանները՝ Հայաստանի Լոռի, Շիրակի և Տավուշի մարզեր և Վրաստանի Քվեմո Քարթլին և Սամցխե-Ջավախեթին: Ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է 2014 թվականի նոյեմբերին: Համագործակցության ծրագրի շրջանակներում Հայաստանում և Վրաստանում գործող 33 կազմակերպություններից բաղկացած 9 միջսահմանային կոնսորցիումների տրամադրվել են դրամաշնորհեր՝ լուծումներ առաջարկելու տարածքային զարգացման տարատեսակ հիմնախնդիրների: 

   ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն