Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Վարչատարածքային բաժանման մասին», «ՏԻՄ կառավարման մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու և առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանին հարց և առաջարկություն ուղղեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Գևորգյանը: Նա նախ նշեց, որ պիլոտային ծրագրերի արդյունքները պետք է լայնորեն լուսաբանվեն բոլոր միջոցներով, որպեսզի բնակիչների իրազեկման մակարդակը բարձրանա:
Վաչե Տերտերյանը համաձայնեց, որ պետք է ավելի շատ իրազեկման աշխատանքներ իրականացնեն: Փոխնախարարը տեղեկացրեց, որ «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքում փոփոխությունները առաջիկայում կներկայացնեն ԱԺ-ին:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց` ասելով, որ պիլոտային ծրագրից պետք է արվեին հետևություններ, սակայն մի քանի ամիս է անցել, սակայն չեն հասցրել լիարժեք հետևություններ անել:
«Ստացվում է, որ կադրերի կրճատում ենք անում` գյուղապետերի ու գյուղապետարանի աշխատակիցների, ուստի որտեղի՞ց վստահություն, որ էս խոշորացումը արդյունավետություն է տալու, օրինակ՝ համայնքների թվի աճի առումով: Եթե շատ խորանանք, մենք, ըստ էության, այս խոշորացմամբ արձագանքում ենք համայնքների բնակիչների թվաքանակի կրճատմանը: Եթե այսպես շարունակվի, մի օր էլ Հայաստանի Հանրապետությունը կխոշորացնեն՝ դարձնելով Երևան համայնք՝ իր հարակից բնակավայրերով»,- ասաց պատգամավորը:
Նրան մտահոգում էր նաև Տավուշի մարզպետի վիրավորական արտահայտությունը Բարեկամավանի գյուղապետի հասցեին, ով դեմ էր արտահայտվել համայնքների խոշորացմանը: Իսկ մարզպետը նրան անվանել էր «դուռակ լակոտ»: «Պատրաստվո՞ւմ եք միջնորդել, որ կառավարությունը Տավուշի մարզպետին նկատողություն հայտարարի գյուղապետի հասցեին նման հայտարարություն անելու համար»,- հարցրեց Փաշինյանը:
Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ երեկ քննարկման արդյունքում շուրջ երկու ժամ պատասխանել է բազմաթիվ գյուղապետերի հարցերին, իսկ Բարեկամավանի գյուղապետի հարցերին պատասխանել է շուրջ քսան րոպե: Նման բան այդ քննարկման ժամանակ Վաչե Տերտերյանը չէր լսել:
«Եթե դա քննարկումից հետո է եղել` լրագրողների հետ զրույցում, ապա ցավում եմ, որ նման բան է եղել, որովհետև Բարեկամավանի գյուղապետը մեր ակտիվ ու երիտասարդ գյուղապետերից է: Ես միջնորդելու խնդիր չունեմ, հավանաբար, մեկնաբանություններ կլինեն»,- ասաց նա:
Վաչե Տերտերյանը նշեց, որ պիլոտային ծրագիրն արձանագրել է մի շարք դրական արդյունքներ, այն է՝ բյուջեի մեծացում, ռեսուրսների խնայողություն, մրցակցային ավագանի: «Վստահ եմ` առաջընթացը կա ու դեռ կլինի»,- ասաց նա:
Փաշինյանը հարցրեց, թե որքա՞ն մարդ կկրճատվի համայնքների խոշորացման արդյունքում:
Փոխնախարարը պատասխանեց, որ գործազրկության խնդիր չի առաջանալու, պիլոտային ծրագրով էլ որևէ հաստիք չի կրճատվի, այլ հաստիքների բովանդակության փոփոխություն կլինի: