կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-03 11:50
Քաղաքական

Վարչապետը տարածքային անհավասար զարգացման մասին խոսեց թվերով

Վարչապետը տարածքային անհավասար զարգացման մասին խոսեց թվերով

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց մարզպետերի աշխատանքի արդյունավետության գնահատման համակարգի վերաբերյալ։

«Հայաստանի տարածքային զարգացման անհամաչափությունները մեր առջև կանգնած կարևոր մարտահրավերներից են։ Մենք պատրաստ ենք խրախուսել տեղական մակարդակում ենթակառուցվածքների տնտեսական զարգացման ծրագրերը, ավելին՝ ուղղակի օժանդակել կամ նպաստել դրանց իրագործմանը՝ պայմանով, որ տեղական և տարածքային իշխանությունները դրսևորեն բավարար նախաձեռնողականություն սեփական ռեսուրսները մոբիլիզացնելու և արդյունավետ գործունեություն ծավալելու հարցում»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ 2017թ. տեղական բյուջեների պլանավորման գործընթացում տեղական իշխանություններն ավելի հավակնոտ գտնվեցին, արդյունքում՝ սեփական եկամուտների մասով պլանային ցուցանիշը, առանց Երևան քաղաքի, ավելացել է 17,3 տոկոսով։

Վարչապետը նշեց, որ հուսադրող են կիսամյակային եկամուտների հավաքագրման ցուցանիշները։ «Անցած տարվա փաստացի կիսամյակային հավաքագրման ցուցանիշը գերազանցվել է 950 միլիոն դրամով»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ իրականացված ուսումնասիրությունների, մարզային քննարկումների արդյունքում վեր են հանվել մի շարք խնդիրներ, որոնք պահանջում են արագ և արդյունավետ լուծումներ։

Մասնավորապես՝ արմատական վերանայման կարիք ունեն տեղական բյուջեների եկամուտների պլանավորման և կատարման գործառույթները։ Կա հստակ անհամաչափություն, օրինակ` մեկ շնչի հաշվով հաշվարկային սեփական եկամուտները, ըստ մարզերի, տատանվում են 5,6 հազար դրամից մինչև 11,5 հազար դրամ։

Անհամաչափություններ կան հանրակրթության, նախադպրոցական կրթական ոլորտներում։ «Այսօրվա կառուցվածքի պայմաններում մեկ աշակերտին բերված ֆինանսավորումը տատանվում է 129 հազար դրամից մինչև 5,5 միլիոն դրամ։ Այստեղ լուրջ քայլեր պետք է իրականացվեն կրթության անհրաժեշտ որակը բոլոր դպրոցներում ապահովելու համար»,- նշեց Կարապետյանը:

Գրեթե բոլոր մարզերում աղբահանությանը և սանմաքրման աշխատանքներին ուղղված ընդհանուր ծախսերը գերազանցում են հավաքագրված գումարը։ Կան մարզեր, որտեղ հավաքագրված գումարները ընդհանուր ծախսերի մեջ կազմում են 25 տոկոս։ Շատ մեծ անհամապատասխանություն կա մեկ իրավաբանական անձի հաշվով հավաքագրված գումարների հարցում։ Մարզերում նշված գումարները մեկ իրավաբանական անձի հաշվով տատանվում են 284 դրամից մինչև 1586 դրամ։ Տարբեր են մոտեցումները տեղական ծառայությունների դիմաց։ Սոցիալական օժանդակության պատկերը ևս տարբեր է։ Ըստ վարչապետի` նշված խնդիրների լուծման գործում էական է մարզպետերի դերը, քանի որ նրանց կատարած աշխատանքները պետք է լինեն արդյունավետ։

Կարեն Կարապետյանը տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել մարզպետերի աշխատանքի արդյունավետության գնահատման կարգի նախագիծը՝ որպես ելակետային ցուցանիշ համարելով մարզում կատարված ներդրումների ծավալը, ստեղծված նոր աշխատատեղերը, աղքատության շեմից ցածր գտնվող ընտանիքների տեսակարար կշիռը, համայնք-մասնավոր հատված ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները և այլն։

«Մենք ունենք մարզերի անձնագիր, որն ունի 69 հայտանիշ, որով գնահատվում է մարզը։ Դա աշխատում է։ Քննարկվում է 11 խոշոր հայտանիշերով մարզերի գնահատման մեթոդը»,- ասաց վարչապետը։