Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հունվարի 5-ին մեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում մատուցվել է Ճրագալույցի Սուրբ Պատարագ։
Պատարագին մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները, Արցախի նախագահ տիար Սամվել Շահրամանյանը, ԱՀ պետական այրեր և ուխտավոր հայորդիներ։
Պատարագիչն էր Արցախի թեմի առաջնորդ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Իր քարոզում Վրթանես եպիսկոպոսն անդրադարձել է նաև Արցախի կորուստին։
«Տասնամյակներ շարունակ իր անկախության համար մաքառող Արցախը, պատմության մեջ առաջին անգամ ենթարկվեց ամբողջական հայաթափման։ Ադրբեջանի կողմից հատուկ նպատակով իրագործված իննամսյա շրջափակման և մարդասիրական ճգնաժամի հետևանքով հյուծված մեր ժողովուրդը հերոսական դիմադրություն ցույց տվեց նաև ռազմի դաշտում. ցավոք ուժերն անհավասար էին, իսկ Արցախը մենակ»,-նշեց պատարագիչ Սրբազանը՝ ցավն ի սիրտ արձանագրելով, որ այս տարի տասնյակ հազարավոր արցախցի հայորդիներ առաջին անգամ ամանօրյա և Սուրբ Ծննդյան տոները պիտի դիմավորեն իրենց փայփայած օջախներից հեռու։
Այս առնչությամբ Վրթանես Սրբազանը պատգամել է հավատացյալներին սիրով ու ջերմությամբ պարուրել Արցախի քույրերին ու եղբայրներին, որ նրանք նորից սկսեն հավատալ իրենց լուսավոր գալիքին, իսկ արցախցիներին հորդորեց լցվել աստվածային հույսով և լավատեսությամբ, ապրել ու արարել Մայր Հայաստանում, որովհետև միայն այս ձևով կարող է արթուն մնալ և իրագործվել վերադարձի հույսը։
Սրբազան Հայրը նաև հանուն Արցախի հավատավոր ժողովրդի, իր որդիական սերն ու անկեղծ երախտագիտությունը հայտնեց Նորին Սրբությանը, ի հեճուկս բազմաթիվ դժվարությունների, անմնացորդ նվիրումով Արցախին և արցախահայությանը մշտապես աջակցելու համար։