կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-14 17:40
Հասարակություն

Մասնավոր հեռուստաընկերությունների համար ստեղծվում են խիստ անհավասար պայմաններ. Գեղամ Մանուկյանը՝ Հանրայինի՝ վճարովի գովազդ ցուցադրելու նախագծի մասին

Մասնավոր հեռուստաընկերությունների համար ստեղծվում են խիստ անհավասար պայմաններ. Գեղամ Մանուկյանը՝ Հանրայինի՝ վճարովի գովազդ ցուցադրելու նախագծի մասին

Մասնավոր հեռուստաընկերությունների համար ստեղծվում են խիստ անհավասար պայմաններ. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարարության կողմից օրերս շրջանառության մեջ դրված նախագծի մասին, որով նախատեսվում է հնարավորություն տալ Հանրային հեռուստաընկերությանը վճարովի գովազդ ցուցադրել:

Մանուկյանն ասաց, որ այս նախագիծը մեծ վտանգ է պարունակում հասարակության համար: «Մի քանի տարի առաջ հիմնական քննարկման նյութը դարձել էր այն, որ Հանրային հեռուստաընկերությունը գովազդատուների, տարբեր հովանավորչական փաթեթների ճաշակով չշարժվեր, այլ շարժվեր հանրության պահանջներով, դրա համար էր, որ Հանրայինից գովազդն արգելվեց: Հիմա, փաստորեն, երբ 2020 թվականի բյուջեն հաստատվել է և Հանրայինի գումարի հատկացումն արդեն արվել է հաջորդ տարվա համար, հավելյալ այդպիսի նախաձեռնությամբ հսկայական ֆինանսական միջոցների ուղղորդումը Հանրային Հեռուստաընկերություն որևէ բացատրություն չունի»,- ասաց նա:

Մանուկյանի խոսքով՝ ներկայացված նախագիծն ունի բազմաթիվ բացեր: «Մատնանշվում է հինգ րոպե գովազդ ամեն ժամը մեկ, բայց այնտեղ կա մի վտանգավոր կետ. նախանշվում է հովանավորչական գովազդից դուրս գովազդ. սա որևէ սահման չճանաչող է և անկանխատեսելի հետևանքներ կարող են լինել, ամեն վայրկյան ցանկացած հաղորդման մեջ մենք կարող ենք ականատես լինել գովազդի»,- ասաց նա:

Նախագիծը նաև խտրական մոտեցում է դրսևորում հեռուստաընկերությունների նկատմամբ: «Կա երրորդ կետը. խտրական մոտեցում է դրսևորվում հեռուստաընկերությունների նկատմամբ, երբ որևէ հեռարձակման ընթացքում երևացող պատկերում երևացող գովազդը չի դիտվում որպես գովազդ. դա նշանակում է, որ կարելի է որևէ իքս ընկերության բացումը ուղիղ եթեր հեռարձակել՝ պատճառաբանելով, որ այս կամ այն պաշտոնյան այնտեղ ներկա է, և Հանրայինը, իր աշխատանքային պարտականություններից ելնելով, լուսաբանում է դա: Այս դեպքում դա գովազդ չի դիտվի»,- նշեց բանախոսը:

Նրա կարծիքով՝ Հանրայինը գովազդային դաշտում այլ ֆունկցիաներ պետք է ունենա և ոչ թե ամեն մի հերթական գովազդը հավաքող լինի. բազմաթիվ վտանգներ կան:

«Մասնավոր հեռուստաընկերությունների համար ստեղծվում է խիստ անհավասար պայմաններ: Օրինակ՝ վերջին շրջանում Հանրային Հեռուստաընկերությունը տարբեր հանրային նշանակության միջոցառումները չի դարձնում բոլոր հեռուստաընկերությունների սեփականությունն ինչպես եղել է տարիներ շարունակ»,- ասաց նա և օրինակ բերեց «Հայաստան» համահայկական  հիմնադրամի հեռուստամարաթոնը:

Նա նշեց, որ տարիներ շարունակ «Երկիր մեդիան», որպես բարի կամքի դրսևորում և որպես մասնակցություն այդ համազգային նախաձեռնությանը, հեռարձակել է հեռուստամարաթոնը: ՀԸ-ն, նրա խոսքով, այս տարի դրա հնարավորությունը չի ունեցել, որովհետև կար Հանրային Հեռուստաընկերության տարբերանշանը էկրանի վրա և ամբողջը կառուցված էր Հանրայինի հիման վրա: «Դիցուք դեկտեմբերի 31-ի երեկոյան Հանրապետության հրապարակում լինելու է միջոցառում և այնտեղից ուղերձ է հղելու վարչապետը. Հիմա, որպես հեռուստաընկերություն, որ ավանդաբար ամեն տարի վարչապետի, նախագահի ուղերձները հեռարձակում ենք, ես այս տարի, չգիտեմ, հարկատուների հաշվին գոյություն ունեցող ՀԸ-ն ստեղծելո՞ւ է հնարավորություն, որ ես «Երկիր մեդիայի» հեռուստադիտողներին ներկայացնեմ վարչապետի ուղերձը»,- հայտարարեց նա:

Վերջում նա հավելեց, որ իշխանությունների կողմից խոստացվել էր, որ Հանրայինի միջոցները կավելանան, երևի ավելանալու համար ասում են՝ եկեք, ինչքան գովազդ ուզում եք, տեղադրեք. «Սա օդից նախաձեռնություն է, որովհետև դրա մասին որևէ քննարկում չի եղել»,- ընդգծեց նա: