կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-27 19:47
Իրավական

Հրապարակվել է Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության գործով աղմկահարույց ձայնագրությունը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո շարունակվեց քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով հերթական դատական նիստը:

Այսօրվա դատական նիստին հեռախոսով ցուցմունք տվեց (խմբ. ձայնը փոխված) և կողմերի հարցերին պատասխանեց այս գործով կարևորագույն վկաներից մեկը, ում նկատմամբ պաշտպանության միջոցներ են կիրառվել: Անվտանգության նկատառումներից ելնելով Հակոբ Իսպիրյան կեղծանունով հանդես եկող վկան չէր ներկայացել դատարան:

Ծածկանունով վկան հեռախոսազանգով դատարանին հայտնեց, որ պնդում է իր նախաքննական ցուցմունքը և, որ ինչ գրել է՝ ճիշտ է: Սակայն հաշվի առնելով, որ հակասություններ կան նրա՝ հեռախոսով տված ցուցմունքի և նախաքննության ընթացքում տված ցուցմունքների միջև, պաշտպանական կողմը միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը:

Նշենք, որ պաշտպանական միջոցներ են կիրառված գործով չորս վկաների նկատմամբ, ովքեր ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ են և որոնց շնորհիվ բացահայտվել է Արթուր Սաֆարյանի սպանությունը:

Ըստ գործի նյութերի՝ հիշյալ անձինք Արթուր Սաֆարյանի սպանությունից հետո հետևել են սպանության ենթադրյալ կատարող Մովսես Ներսիսյանի՝ Մոսոյի մեքենայի տեղաշարժին:

Հիշեցնենք, որ սպանությունը տեղի էր ունեցել 2014-ի հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը: Համաձայն գործի նյութերի, Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին է պատվիրել Արթուր Սաֆարյանի սպանությունը, ապա Մովսեսին սպանել Դավթաշենում գործող «Մագնում» հյուրանոցում և դիակը տեղափոխել ու նետել Զովունի- Քանաքեռավան տանող ճանապարհին գտնվող կոյուղու դիտահորը:

Ուշագրավ է, որ գործով կարևորագույն այս վկաներն իրենց ցուցմունքներում հայտնել են, որ «Մագնում» հյուրանոցից դուրս եկող մեքենայում երկու հոգի է եղել, ընդ որում, 4 աշխատակիցներն էլ այդ ցուցմունքը նույնությամբ կրկնել են: Այսինքն, եթե Մովսես Ներսիսյանը սպանվել է «Մագնում» հյուրանոցում, ապա հարց է առաջանում՝ ո՞վ է եղել վարորդի կողքին նստածը:

Այսօրվա դատական նիստին այս գործով ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը հերթական անգամ ուշադրություն հրավիրեց այդ հարցի վրա: Այս կապակցությամբ մեղադրող դատախազը պարզաբանեց, որ տեղաշարժին հետևած անձինք հնարավոր է մթության պատճառով վրիպել են և նշել, որ մեքենայում երկու անձ են տեսել:

Այսօրվա նիստին հրապարակվեց նաև Իսրայել Սարգսյանի և այս գործով նախկին մեղադրյալ, նախկին ոստիկան Տիգրան Ասատրյանի խոսակցության հայտնի ձայնագրությունը, որի շնորհիվ Տիգրան Ասատրյանն իբր ապացուցել էր իր անմեղությունը և կատարվածը բարդել Իսրայել Սարգսյանի վրա:

Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը, սակայն բազմիցս հայտարարել է, որ այդ ձայնագրությունը մոնտաժված է: Ըստ նրա՝ իր նախկին ընկերը՝ Տիգրան Ասատրյանը, մոտ մեկուկես ժամ տևած իրենց խոսակցությունից պահել է միայն 18 րոպեն և դա ներկայացրել նախաքննական մարմնին: Ըստ նրա՝ հենց դա է պատճառը, որ Տիգրան Ասատրյանը խուսափում էր գալ դատարան և իր հարցերին պատասխանել:

Նշենք, որ համաձայն Տիգրան Ասատրյանի նախաքննական ցուցմունքի՝ Արթուրի հուղարկավորությունից հետո ինքն Իսոյի հետ զրուցել է սպանության թեմայով և հայտնել, որ ոստիկանները դուրս են եկել «Մերսեդես E » մակնիշի ավտոմեքենայի հետքի վրա, և երբ Իսոն լսել է այդ մասին, այլայլվել է: Հետո, ըստ Ասատրյանի, Իսոն պատմել է, որ ի սկզբանե իմացել է` ով է սպանությունը կատարել, և որ դա Մոսոն է եղել: Ասատրյանն իր ցուցմունքում, նաեւ անդրադարձել է, թե ինչու էր ձայնագրել իր ու Իսոյի խոսակցությունները և ինչու է դրանք մոնտաժել:

Այսօրվա դատական նիստին գործով ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանը հերթական անգամ միջնորդեց այս գործով իրեղեն ապացույցներին կցել դեպքի վայրից հայտնաբերված ձեռնոցը:

Նա հիշեցրեց, որ համաձայն փորձաքննության, ձեռնոցի վրա հայտնաբերվել են այն զենքի կրակոցի արգասիքների հետքերը, որով սպանվել է Արթուր Սաֆարյանը, սակայն ոչ միայն քննություն չի տարվել՝ պարզելու, թե ում է պատկանում ձեռնոցի վրայից հայտնաբերված ԴՆԹ-ն, այլև գործի համար էական նշանակություն ունեցող բժշկական ձեռնոցն իրեղեն ապացույց չի ճանաչվել: Ձեռնոցի՝ իրեղեն ապացույց ճանաչելու հարցը կքննարկվի հաջորդ դատական նիստին:

Այս գործով աղմկահարույց ձայնագրությունն, ինչպես նաև Իսրայել Սարգսյանի կողմից ՔԿՀ-ում 20 օրից ավելի հացադուլի մեջ գտնվելու պատճառների մասին ամբաստանյալի բացատրությունը՝ Yerkir.am-ի տեսանյութում:

Թագուհի Մելքոնյան