Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, շարունակվեց քրեական աշխարհում հայտնի Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով հերթական դատական նիստը:
Այսօրվա նիստում ցուցմունք տվեցին մի շարք վկաներ, ովքեր այս գործով նախկինում հարցաքննված այլ անձանց պես վկայի կարգավիճակում էին հայտնվել զուտ այն պատճառով, որ նրանց հեռախոսահամարները եղել էին գործով ամբաստանյալի կամ մահացած համարվող Մովսես Ներսիսյանի հեռախոսներում: Վկաներից Խաչիկ Խաչատրյանը, ով սպանված Արթուր Սաֆարյանի հարևանն էր, պատմեց, որ դեպքի օրը՝ հունվարի 27-ի գիշերը, քնած է եղել, ձայներ է լսել, իրեն թվացել է, թե հրավառություն է: Նայել է, տեսել, որ շատ մարդ կա հավաքված, շտապօգնության մեքենան է տեսել, հետո է իմացել, որ «Արթուրին խփել են»:
Այսօր դատարան հրավիրված վկաներից երեքը Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Հարությունյանին՝ Պալաչին պատկանող «Քինգ դելյուքս» ընկերության ներկայիս և նախկին աշխատակիցներ էին: Նրանք դատարանին հայտնեցին, որ Մովսես Ներսիսյանը (ըստ նախաքննության՝ Արթուրին սպանությունը կատարողը, ով հետագայում իբր սպանվել էր Իսրայել Սարգսյանի կողմից) ժամանակին համագործակցել է իրենց ընկերության հետ՝ ուղևորներ բերելով:
Գործով վկա Հասմիկ Ղազարյանն էլ հայտնեց, որ Մովսեսն իր փեսան է՝ աղջկա նախկին ամուսինը: Վկան պատմեց, որ դեպքից որոշ ժամանակ առաջ Մովսես Ներսիսյանը զանգահարել է, որ խոսի երեխայի հետ, սակայն երեխան քնած է եղել: Հետո էլ ինքն է զանգահարել Մ. Ներսիսյանին, սակայն նա անհասանելի է եղել:
Վկան ասաց նաև, որ նախաքննության ընթացքում իրեն ներկայացրել են տեսանյութ, ասել, որ դրանում պատկերված է Մովսես Ներսիսյանը, սակայն ինքը ոչ մի նմանություն չի գտել: «Ես ուղղակի կցանկայի` գոնե մի ռեալ բան իմանայինք` կա\'մ այդ մարդը կենդանի է, կա\'մ կենդանի չէ (նշենք, որ Մովսես Ներսիսյանի մարմինն այդպես էլ չի հայտնաբերվել.-խմբ.): Էս էրեխեքն ամբողջ օրը կասետները դնում են, նկարները դնում են, նայում են, ինձ վրա ահավոր ազդում է, ես չգիտեմ՝ ինչ պատասխանեմ: Գոնե աչքներս կտրենք, իմանանք չկա, ես էլ իմ էրեխեքին հավաքեմ, թողնեմ, գնամ, իմ էրեխուն պադերժկա լինեմ: Հեշտ չի էսօրվա պայմաններում երկու եթիմ պահելը»,- ասաց նա:
Այսօրվա նիստում ցուցմունք տվեց նաև Իսրայել Սարգսյանի նախկին գործընկերը: Ըստ նախաքննության՝ նա Իսոյի հետ հունվարին հանդիպել է «96 ակումբում»: Նշենք, որ հիշյալ ակումբը պատկանում է ռեփեր Հայկ Մարգարյանին ՝ ՀՏ Հայկոյին, ով, ի դեպ, այս գործով նույնպես վկա է: Նա դատարան էր ներկայացել նախորդ դատական նիստին, որը, սակայն, հետաձգվել էր: