կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-19 18:28
Իրավական

Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության գործով մեղադրյալը ջերմ հարաբերություններ է ունեցել Հունան Պողոսյանի հետ

Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության գործով մեղադրյալը  ջերմ հարաբերություններ է ունեցել Հունան Պողոսյանի հետ

Արդեն հայտնել ենք, որ այսօր քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով դատարան էր հրավիրվել գործից անջատված մասով մեղադրյալ, ազատության մեջ գտնվող Տիգրան Ասատրյանը: Օգտնվելով իր դատավարական իրավունքից` նա հրաժարվեց դատարանում ցուցմունք տալ և որևէ մեկի հարցերին պատասխանել: Մեղադրող դատախազը միջնորդեց հրապարակել Ասատրյանի նախաքննական ցուցմունքն ու նրա հարցաքննությունների արձանագրությունները:

Նախաքննական ցուցմունքում Տիգրան Ասատրյանը հայտնել էր, որ Արթուրին ճանաչել է 10 տարի՝  Թևոս Սաֆարյանի (Կայարանցի Թևոսիկ) միջոցով, բացի այդ` եղել է Արթուրի դստեր կնքահայրը:

«Հունվարի 27-ին տանը ընտանիքի անդամների հետ նստած էինք, զանգահարեց Արթուրի կինը՝ Նառան, և լացակումած ձայնով ասաց՝ Տիկո\', հասի, Արթուրին խփել են, տանում են հիվանդանոց: Գնացի հիվանդանոց, արդեն մահացել էր: Հետո Թևոսի հետ եկանք Արթուրենց տուն»,- իր ցուցմունքում գրել էր Ասատրյանը՝ նշելով, որ վերջին անգամ Արթուրին տեսել է հունվարի 20-ին՝ «Բելլաջո» ռեստորանում:

Մեղադրյալն իր ցուցմունքում գրել է, որ դեպքից հետո ինքն օպերատիվ խմբի հետ է եղել՝ քննարկել են սպանության հնարավոր տարբերակները, այդ թվում` Թևոսիկի հետ կապված: Սակայն չեն մտածել, որ սպանությունը հնարավոր է  կապված լինի Թևոսիկի կալանավորման հետ, քանի որ, ըստ նրա, Թևոսի կալանավորելու խնդիրը հարթվել էր, և նա պետք է արդեն ազատ արձակվեր ու գնար Մոսկվա:

Ասատրյանն իր ցուցմունքում հայտնել էր, որ դեպքի մասին իմանալուց հետո զանգահարել է ընկերոջը՝ Իսրայել Սարգսյանին, ով, լսելով այդ մասին, շատ է զարմացել: «Հետո Իսոյի հետ գնացինք` ընկերոջս դիմավորելու, ով սպանության դեպքի համար Մոսկվայից եկել էր, հետո նրա հետ առանձին զրուցեցինք հնարավոր վարկածների մասին: Իսոն ասաց, որ Արթուրն էնքան թեմաների մեջ կար, որ չես կարա ասես` որտեղից կարար լիներ հարձակումը»,- գրել էր նա:

Համաձայն մեղադրյալի նախաքննական ցուցմունքի՝ Արթուրի հուղարկավորությունից հետո ինքն Իսոյի հետ զրուցել է սպանության թեմայով և հայտնել, որ ոստիկանները դուրս են եկել «Մերսեդես E » մակնիշի ավտոմեքենայի հետքի վրա, և երբ Իսոն լսել է այդ մասին, այլայլվել է: Հետո, ըստ Ասատրյանի, Իսոն պատմել է, որ ի սկզբանե իմացել է` ով է սպանությունը կատարել, և որ դա Մոսոն է եղել:

«Ես շատ զարմացա, որ լսեցի, ասացի` որ իմացել ես, ինչո՞ւ չես կանխել, ասացի, որ այս ամենից լավ հոտ չեմ առնում»,- նշել էր Ասատրյանն իր ցուցմունքում, նաեւ անդրադարձել, թե ինչու էր ձայնագրել իր ու Իսոյի խոսակցությունները և ինչու է դրանք մոնտաժել: «Արթուրի սպանությունից հետո իմ ու Իսոյի միջև տարօրինակ խոսակցություն գնաց, և ես իմ անվտանգության համար մեր խոսակցությունը ձայնագրել եմ sony տեսակի դիկտոֆոնով, ձայնագրությունը կատարելուց հետո ջնջել եմ այն հատվածները, որոնք գտել եմ, որ չեն առնչվում այս թեմաներին, իսկ որոնք անհրաժեշտ եմ համարել, անցկացրել եմ ֆլեշկայի վրա և պահել, իսկ ձայնագրիչը, կասետի հետ միասին վերացրել:

Ես սպորտզալում էի դրել ձայնագրիչը՝ խաղալիքների մեջ, Իսոյին հարցրեցի` Արթուրի սպանության հետ կապ ունե՞ս, երդվեց, որ չունի: Իսոն պատմեց, թե ինչպես է Մոսոն սպանել Արթուրին, ես էլ առաջարկեցի Մոսոյի հետ հանդիպում կազմակերպել: Ես այդ օրերին շոկի մեջ էի Արթուրի սպանության և Իսոյի հայտնածներից հետո: Եերբ նորից հանդիպեցինք՝ Իսոն ասաց, որ հանգիստ լինեմ, և որ ամեն ինչ նորմալ է: Հարցրեցի՝ կարող ա՞ Մոսոն ընդհանրապես չի եղել, ասացի` որպեսզի հավատամ, Մոսոյին նկարի կամ Արթուրի սպանությունից հարցուփորձ արա, ձայնագրի: Իսոն ասաց` ո՞նց ձայնագրեմ,  բա որ նկատի»:

Այս գործից  անջատված մասով անցնող մեղադրյալը նաև ցուցմունքում հավելել է, որ իր համար տարօրինակ էին Իսոյի ասածները, քանի որ ինքն ու Արթուրը լավ հարաբերություններ են ունեցել: «Ես մտածում էի, որ եթե գործը բացահայտվի, ինչպե՞ս եմ նայելու Արթուրի ընտանիքի անդամների աչքերի մեջ, քանի որ ես էի ծանոթացրել Իսոյին ու Արթուրին»,- գրել էր նա:

Համաձայն հարցաքննության արձանագրության` Տիգրան Ասատրյանը Արթուրի բաջանաղ Արթուրին ասել է, որ իր համար գործը բացված է:

Նախաքննական մարմնի հարցին, թե ինչո՞ւ այդ ամենի մասին չի հայտնել իրավապահներին, Ասատրյանը պատասխանել է, որ չի հայտնել, որովհետև վստահ չի եղել, որ իր ասածը ճիշտ է, բացի այդ` ցանկացել է իրեն վստահելի մարդու հայտնել՝ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին, որին ճանաչել է ուսանողական տարիներից, միշտ ջերմ հարաբերություններ է ունեցել նրա հետ:

Ասատրյան հայտնել է, որ Իսոյի կողմից իբր սպանված Մոսոյին ճանաչել է 2004-ից, բայց առանձնապես շփում չի ունեցել հետը, հետո է իմացել, որ Մոսոն անցել է Արմեն Տեր-Սահակյանի բանդայի գործով և  չի հավատացել, որ Մոսոյին Իսոն սպանել է:

«Ամսի 3-ին Իսոյին կանչեցի մեր տուն, նորից խոսեցինք, ասաց, որ Մոսոյին մեքենայով տարել, հարցերը լուծել՝ սատկացրել է: Ես չհավատացի նրա հեքիաթներին, կարծում էի, որ գլխիս տակ փափուկ բարձ է ուզում դնել»,- ասել է Ասատրյանը:

Նախաքննության ընթացքում նա պնդել է, որ Թևոս Սաֆարյանն ու Իսոն թշնամիներ կամ մտերիմներ չեն եղել: Իսկ այժմ ինքը Իսոյին համարում է իր թշնամին, քանի որ նա իմացել է Մոսոյի մտադրության մասին և չի կանխել: Նա հայտնել է, որ շատ է ցանկանում, որ Արթուրի սպանության դրդապատճառները պարզվեն:

Այսպիսով` ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը հնարավորություն չունեցավ հարցեր ուղղելու իր նախկին ընկերոջ` Տիգրան Ասատրյանի նախաքննական ցուցմունքների վերաբերյալ:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 3-ին: