Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով կարևորագույն վկային «փախցրել են» երկրից: Այս մասին այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց այս գործով ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը:
Նշենք, որ խոսքը վերաբերում է վկա, տաքսու վարորդ Հակոբ Ալեքսանյանին, ով, ըստ գործի նյութերի, 2014-ի փետրվարի 1-ի լույս 2-ի գիշերը Իսրայել Սարգսյանին «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխել է Կիևյան փողոց:
Համաձայն մեղադրանքի՝ Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին պատվիրել է Արթուր Սաֆարյանի սպանությունը, ապա հանցագործությունը թաքցնելու նպատակով սպանել է Մովսես Ներսիսյանին և դիակը նետել Քանաքեռավանի կոյուղու դիտահորը, հետո Մոսոյի մեքենան փետրվարի 1-ի գիշերը տեղափոխել է օդանավակայան՝ տպավորություն ստեղծելով, թե իբր Մոսոն հեռացել է երկրից, և Հակոբ Ալեքսանյանին պատկանող տաքսիով վերադարձել Երևան:
Ամիսներ շարունակ դատարանին չէր հաջողվոմ դատարան հրավիրել հիշյալ վկային: Եվ ահա այսօր հայտնի դարձավ, որ դեռևս նախորդ տարի Ալեքսանյանը մեկնել է ՌԴ: Այս հիմքով` դատարանն այսօր հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքը: Մասնավորապես` վկան հայտնել էր, որ 2014-ի փետրվարի 1-ին օդանավակայանի անվճար ավտոկայանատեղիում է կանգնեցրել իր տաքսին և գնացել սպասման սրահի մոտ, որտեղ իրեն է մոտեցել անծանոթ տղամարդ և ասել, որ տաքսի է իրեն պետք: Այնուհետև պատվիրատուի հետ գնացել են Երևան: Ճանապարհին, ըստ նրա, տղամարդը հիշել է, որ ինչ-որ բան է մոռացել օդանավակայանում, և հետ են գնացել: «Պատվիրատուի ձեռքին սպիտակ փաթեթ կար, հետո նրա հետ գնացինք դեպի Կիևյան, ընթացքում իրար հետ չենք խոսել»,- ցուցմունքում նշել է վկան ու նկարագրել պատվիրատուին: Ըստ նրա՝ պատվիրատուն սպորտային կազմվածք ուներ, մուգ աչքեր, գլխին գլխարկ կար, սև մազեր ուներ:
Դեպքից օրեր անց վկային հրավիրել են քննչական բաժին և նրան ներկայացրել 4 լուսանկար, նա ճանաչել է Իսրայել Սարգսյանին և պնդել, որ հենց նրան է փետրվարի 1-ի լույս 2-ի գիշերը օդանավակայանից տեղափոխել Երևան, իսկ Սարգսյանի հետ առերեսման ժամանակ նշել է, որ նրա դեմքը մոտը տպավորվել էր: Այս կապակցությամբ Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարգսյանը հայտարարեց, որ քննիչներն են վկային թելադրել:
Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանն էլ իր հերթին հայտարարեց, որ վկայի ցուցմունքները սուտ են: «Էդ անչափահաս լակոտը (խմբ. նկատի ունի վկային) չի կարա գա ստեղ՝ իմ աչքերի մեջ նայի ու իմ հարցերին պատասխանի, դրա համար էս քանի տարի ա` չեն կարողանում կարևոր վկային բերել ստեղ: Իրան փախցրել են ստեղից, ինքը գնացել ա, քանի որ չի կարա իրավապահների ասած խոսքերը ստեղ կրկնի: Դուք ո՞նց եք պատկերացնում, որ օդանավակայանում մի 7 հատ տաքսի կանգնած լինի, ես ոչ մեկը չնստեմ, գնացի ինչ-որ տաքսու վարորդ Հակոբի հանդիպեցի, ում տաքսին եսիմ որտեղ էր կանգնած: Ասենք` ես ո՞նց իմացա, որ ինքը տաքսու վարորդ ա, ճակատին տաքսու զնակ կա՞ր, կամ ինչպես է նկարագրել մազերիս ձևը և գույնը, երբ ասում է` կեպի էր դրված, կամ ինչպե՞ս էդ մթանը տեսավ աչքերի գույնը»,- ասաց ամբաստանյալը և հավելեց, որ ապացույցների հետազոտման ընթացքում տեսանյութերից պարզ երևացել է: «Ոչ ոք չի կարող ապացուցել, որ ես օդանավակայանում եմ եղել ու էդ տաքսին նստել»,- նշեց նա:
Այսօրվա նիստում հրապարակվեց նաև մեկ այլ` ոչ պակաս կարևոր վկայի՝ Անի Հովհաննիսյանի ցուցմունքը, որին նույնպես ամիսներ շարունակ հնարավոր չի եղել հրավիրել դատարան: Հիշյալ վկան նախաքննական մարմնին պատմել է, որ շատ մտերիմ հարաբերություններ է ունեցել սպանված Արթուր Սաֆարյանի հետ, և որ Արթուրը պարբերաբար իր տուն է գնացել: Ըստ նրա՝ Արթուրը Հայաստանում մշտական չի բնակվել, ապրել է տարբեր երկրներում՝ Իսպանիայում, ՌԴ-ում, իսկ Հայաստան է եկել եղբոր՝ Թևոս Սաֆարյանի գործերով: Վկան Արթուրի շրջապատից ճանաչել է վարորդ Արայիկին, Նորոյին, Տիկոյին: Բացի այդ` Արթուրը նրան հայտնել է, որ Թևոս Սաֆարյանը քրեական հեղինակություն է և այդ ընթացքում կալանքի տակ է գտնվել: Վկան պատմել է, որ, մինչ Արթուրի սպանության դեպքը, նրա հետ հանդիպել է և հեռախոսով շփվել: «Արթուրը սպանությունից մոտ մեկ ամիս առաջ եկել էր մեր տուն, խոսակցության ժամանակ զանգ ստացավ, հետո երբ հարցրի, ասաց, որ իր թշնամին է եկել Հայաստան: Թե կոնկրետ ո՞վ, նա չնշեց, գիտեմ, որ այդ մարդու հետ հանգիստ էր խոսում»,- հայտնել է վկան:
Այս կապակցությամբ ամբաստանյալն ասաց: «Դատաքննության ողջ ընթացքում խոսվում է միայն այն մասին, որ Արթուրը քրեական աշխարհում մեծ հեղինակություն ունեցող Կայարանցի Թևոսի եղբայրն էր: Նախ առաջինը` ես Արթուրին ճանաչել եմ որպես շատ կարգին տղա, որպես ընկեր, որպես ընտանիքի հայր, բայց դրա հետ մեկտեղ մի բան կասեմ` Արթուրը նենց չէր, որ կոնսերվատորիայում ջութակ էր նվագում, Արթուրն էլ վատ հեղինակություն չի ունեցել քրեական աշխարհում և կարող էր լուրջ թշնամիներ ունենալ, բայց դրա մասին ոչ մի տեղ չի խոսվել»:
Այսօրվա նիստում մեղադրողը միջնորդեց միջոցներ ձեռնարկել դատարան հրավիրելու այն 4 վկաներին, որոնց նկատմամբ պաշտպանության միջոցներ են կիրառվել: Խոսքը ոստիկանության 4 աշխատակիցների մասին է, որոնց տվյալները գործում ծածկանուններով են ներկայացված:
Նշենք, որ, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, քրեական դատավարությանը մասնակցող յուրաքանչյուր անձ, ով կարող է հաղորդել տվյալներ, որոնք նշանակություն ունեն հանցագործությունը բացահայտելու և դրա կատարողին հայտնաբերելու համար, ինչի հետևանքով կարող են վտանգվել նրա, նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի կյանքը, առողջությունը, գույքը, իրավունքներն ու օրինական շահերը, ունի պաշտպանության իրավունք:
Համաձայն հիշյալ օրենսգրքի՝ դատարանում պաշտպանվող անձին հարցաքննում են դռնփակ դատական քննություն կարգով և առանց անձի ինքնության մասին տեղեկություններ հրապարակելու:
Ծածկանուններով վկաներին դատարան հրավիրելու նպատակով այսօրվա դատական նիստը հետաձգվեց:
Թագուհի Մելքոնյան