կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-19 16:55
Իրավական

Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության գործով դատարան հրավիրված մեղադրյալը բարկացրեց Իսոյին

Պարզվում է` քրեական աշխարհում հայտնի հեղինակություն Թևոս Սաֆարյանը` Կայարանցի Թևոսիկը, չնայած կայանքի տակ գտնվելուն, եղբոր՝ Արթուրի վրա հրազենով հարձակումից անմիջապես հետո գնացել է հիվանդանոց,  սակայն Արթուրն արդեն մահացել էր այնտեղ: Այս մասին իր նախաքննական ցուցմունքում գրել է Սաֆարյանի սպանության գործով մեղադրյալ Տիգրան Ասատրյանը՝ նշելով, որ հիվանդանոցից Թևոսի հետ վերադարձել են Արթուրենց տուն:

Հիշեցնենք, որ Արթուր Սաֆարյանը սպանվել է 2014-ի հունվարի 27-ին, իսկ այդ ընթացքում Կայարանցի Թևոսիկը գտնվել է կալանքի տակ:

ՔԿՀ-ից ստացված պաշտոնական պատասխանի համաձայն՝ Թևոս Սաֆարյանը գտնվել է «Դատապարտյալների հիվանդանոցում» և չի մասնակցել եղբոր հուղարկավորությանը:

Արթուր Սաֆարյանի սպանության գործով այսօր դատարան էր հրավիրվել Տիգրան Ասատրյանը: Օգտնվելով իր դատավարական իրավունքից` նա հրաժարվեց դատարանում ցուցմունք տալ և որևէ մեկի հարցերին պատասխանել: Այս հանգամանքը զայրացրեց գործով ամբաստանյալ Իսրայել Սարգսյանին:

«Ես կցանկանայի նախ նրա նախաքննական ցուցմունքը հրապարակվեր, որովհետև ես էդ ցուցմունքի հիման վրա եմ այստեղ, և ես հարցեր ունեմ տալու: Ես ուզում եմ էդ հարցերի պատասխանը ստանալ: Ինձ առաջադրված մեղադրանքը Տիգրան Ասատրյանի ենթադրությունների վրա է, այսինքն` Տիգրան Ասատրյանի ցուցմունքը կմախքի պես վերցրել են ու վրան փորձել մարմին հավաքել, որը որ չի հավաքվում: Ո՞նց եք մտածում, ո՞նց պետք ա նայեմ էս ամեն ինչին: Հանրությունը պետք է իմանա` ինչ է եղել: Ես լիքը հարցեր ունեմ»,- ասաց Սարգսյանը և պահանջեց հարցաքննել Ասատրյանին:

«Ինձ ինչ-որ գողության ու խարդախության համար չեք մեղադրում, ինձ մեղադրում եք երկու սպանության համար, և ոչ մեկ չի կարա ապացուցել, որ էդ սպանությունը գոյություն է ունեցել: Եթե կարող եք ինչ-որ մեկի ենթադրությունների վրա ինձ մեղադրեք, կարաք Հայաստանի 50 տոկոսին տենց դատեք: Ես ոչ մի անգամ մարդ չեմ սպանել ու չեմ սպանի: Ես պետք ա իրան հարց տամ՝ էդ ո՞նց եղավ` Արթուրն իրան ընեկեր եղավ, մեզի` թշնամի: Ուրիշ տեղ ուրիշ բան ա ասում, գնում ա, քավոր սանիկություն ա՞ անում»,- վրդովված շարունակեց ամբաստանյալը:

Մանրամասները՝ yerkir.am-ի տեսանյութում: