կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-16 13:44
Իրավական

«Փոքր Մհեր» կրթահամալիրի` ինքնասպան եղած նախկին տնօրենը Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության գործով կարևոր վկա էր

Պարզվում է` սեպտեմբերի 24-ի առավոտյան Քանաքեռավանում գտնվող իր տան բակում ծառից կախված հայտնաբերված` «Փոքր Մհեր» կրթահամալիրի նախկին տնօրեն` 38-ամյա Էդգար Միքայելյանը Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով կարևոր վկա էր: Այս մասին հայտնի դարձավ այսօր՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով հերթական նիստի ժամանակ:

Գործով միակ մեղադրյալ Իսրայել Սարգսյանը հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ՝ նշելով, որ իր համար կասկածելի է Էդգար Միքայելյանի մահը:

«Էդգար Միքայելյանն ինձ շատ հարազատ մարդ էր, պաշտպանության նախարարության սպա, գնդապետ տղա, ֆիզիկապես ամուր տղա: Ինչ-որ անհասկանալի պատճառներով իրեն տան մոտ՝ ծիրանի ծառից կախված են հայտնաբերում, մինչև հիմա ոչ ոք չի կարողանում ապացուցել, թե ինչի համար է նա կախվել: Նա անձնական խնդիրներ չի ունեցել, իրա միակ խնդիրն եղել ա էս դատական գործով, որովհետև իրան ԱԱԾ-ի աշխատողները ձերբակալել էին, պահել էին ԿԳԲ-ի մեկուսարանում զուտ նրա համար, որ ես նրան զանգել եմ ու իբր հարցրել, թե Զովունի գյուղի մոտ կգտնվող կալոդեցն ի՞նչ ձևի է, և եթե ըտեղ մարդ գցեմ` ի՞նչ կլինի: Մեր մեջ նման խոսակցություն չի եղել, սակայն քննիչը նրան ստիպել է ցուցմունք տալ, որ` Իսոն զանգել է քեզ և նման բան ասել: Բնականաբար, Էդգարը չի ընդունել ճնշումները և դատախազին բողոք է գրել, սակայն նրա ընտանիքի վրա էլ է ճնշում կատարվել»,- ասաց նա և հավելեց, որ Էդգարի նման վկան իրեն դատարանում շատ էր պետք:

Իսրայել Սարգսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ այս գործում կան կարևոր վկաներ, որոնց քննիչը գործում չի ներառել, այդ թվում` ոստիկանության սպաների: Ամբաստանյալը մտահոգություն հայտնեց, որ հնարավոր է` մյուս վկաներին էլ կախված հայտնաբերեն:

«Ես հասկանում եմ, որ իմ՝ ստեղ գտնվելն ինչ-որ մեկի պատվերն ա: Ես ինձ մեղավոր չեմ ճանաչել և չեմ ճանաչի, որովհետև Արթուրն իմ ընկերն է եղել, և կյանքում նրա նկատմամբ էդ քայլը չէի անի: Ես չեմ ուզում ուրիշի տեղը ստեղ նստեմ, ես ստեղ չպիտի լինեի»,-ասաց նա:

Սարգսյանը նաև հայտնեց, որ ոստիկանությունում բարձրաստիճան սպաներից մեկն իրեն ասել է. «Գոռ Վարդանյանի հետ կինո՞ ես նկարում, արա’, դե տես` քո վրա ինչ կինո եմ նկարելու»: «Փաստորեն, իմ վրա ոչ թե կինո են նկարում, այլ սերիալ»,- ասց ամբաստանյալը:

Մանրամասները՝ yerkir.am-ի տեսանյութում: