կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-14 14:04
Քաղաքական

Դաշնակցության թեկնածուն լինելու պատիվը

Դաշնակցության թեկնածուն լինելու պատիվը

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ ռեյտինգային ցուցակով Շիրակի մարզում առաջադրվելու է Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը: Նա Yerkir.am-ի զրուցակիցն է:

Ի՞նչ իրավիճակ է նախընտրական Գյումրիում` հաշվի առնելով նախկին քաղաքապետի` քաղաքականություն վերադառնալու փաստը, նրա ու Մարտուն Գրիգորյանի հավերժական հակամարտությունը:

 - Այսօր ամբողջ հանրապետությունը կարծես մեկ մեծ նախընտրական շտաբ լինի /ծիծաղում է/: Գյումրիում իրավիճակը շատ հետաքրքիր է: Չեմ ուզում «լարված» բառն օգտագործել, ամեն դեպքում` խիստ քաղաքականացված մթնոլորտ է, բայց, ցավոք, ոչ թե գաղափարների պայքարի կամ մտքերի բախումներ առումով, այլ բառի ամենաիսկական իմաստով՝ թաղային, խմբակային հեղինակությունների, մոտիկությունների, բարեկամությունների, ծանոթությունների մակարդակով մարդկանց հավաքագրում է տեղի ունենում: Մոտավորապես այս իրավիճակն է: Նախկին քաղաքապետի հայտարարությունը, թե վերադառնում է քաղաքականություն, միանգամից շատ բան փոխեց Գյումրիում: Կարելի է ասել` աշխուժացրեց` լավ, թե վատ իմաստով, բայց փոխեց իրականության մեջ շատ հավասարակշռություններ, և նախկին որոշ հաշվարկներ միանգամից ի դերև եղան: Այո, պայքարում են տարբեր խմբավորումներ, տարբեր հեղինակություն ունեցող անձինք` իրենց համախոհներով: Սա մեծ իմաստով դժվարություն է ստեղծում այն ուժերի համար, որոնց հիմնական կռվանը, իրոք, գաղափարախոսությունն է և գաղափարներն ու ծրագրերը տեղ հասցնելը: Այս բոլոր` իմ ասած ուժերը նույնպես խոսում են ծրագրերից, գաղափարներից,  բայց միայն խոսում են մամուլի համար: Իրականության մեջ աշխատում են անհատական, ցանկացած մարդու հետ, ընտանիք առ ընտանիք` ուղղակի հավաքագրելով, համոզելով մարդկանց, որ ընտրեն իրենց: Մենք` Դաշնակցությունը ներկայացնող մեր թիմը, այլընտրանք չունի այս դաշտում՝ չպետք է ձեռքներս ծալած նստենք, պետք է փորձենք ընտրողին տեղ հասցնել մեր կերպարը, մեր միտքը, պետք է փորձենք հաջողել: Անկախ նրանից` նախորդ ընտրություններում հաջողել ենք կամ չենք հաջողել կամ ինչպես ենք հաջողել:

 - Ինչպե՞ս եք տեղ հասցնելու ձեր գաղափարները:

- Շատ դժվար է լինելու: Նախ` մարդկանց հետ անհատական աշխատելով, խոսելով: Իրավունք չունենք հուսահատվելու եւ հուսահատեցնելու: Կան խոսակցություններ, որ այս ընտրություններին դարձյալ ընտրակաշառքն իր դերը կունենա, վարչական լծակներն իրենց դերը կունենան, բայց մենք ամեն ինչ անելու ենք` մեր խոսքը  ընտրողին հասցնելու համար: Մենք պետք է դա անենք, մենք ունենք հստակ ընտրազանգված, ցավոք, քիչ է: Չեմ ուզում պատճառների մեջ խորանալ, թե ինչու է քիչ, բայց նախորդ ընտրությունների արդյունքը, թեկուզև ՏԻՄ ընտրությունների արդյունքները ցույց էեն տվել, որ ստաբիլ ընտրազանգված ունենք: Սա լավագույն մասսան է, որ այդ բարդ պայմաններում չի խաբվել փողին, չի խաբվել սին, առօրեական խոստումներին և իր կայուն քվեն տալիս է ՀՅԴ-ին: Այս մարդկանց չպետք է հուսախաբ անել, նրանք պետք է տեսնեն, որ իրենց չեն խաբելու և իրենց հավատարիմ են մնալու: Այս մասսան պետք է ավելանա, մեծանա:

ՏԻՄ ընտրությունների արդյունքներից հիասթափված  չե՞ք, որ այս անգամ էլ առաջադրվում եք խորհրդարանական ընտրություններում:

- Բարդ էր, հիասթափված չեմ, բայց ոգևորված էլ չեմ:  Բավարարված չեմ, իհարկե: Բայց ես ընտրությունների հաջորդ օրը խոստացել եմ իմ ընտրողին, որ մենք չենք փակվի մեր կաբինետներում, աշխատասենյակներում և ասենք, որ սա մի գործ էր, որը մենք չհաջողեցինք: Մենք պետք է անալիզ անենք, թե ինչու այսպես եղավ, և անցնենք առաջ:

 Աշոտ Կուրղինյանը կայացած բժիշկ է, լավ բժիշկ է: Հիմա միտում կա, որ իրենց ոլորտներում կայացած մարդիկ ցանկանում են մտնել քաղաքականություն, Ձեր տեղը բաց չի՞ մնա բժշկության ոլորտում:

- Նախ`  Աշոտ Կուրղինյանի համար ինչ  ասել է` մտնել քաղաքականություն. ինձ համար քաղաքականություն մտնելը եղել է ոչ թե ՏԻՄ ընտրություններին մասնակցությամբ կամ հիմա, որ պատրաստվում եմ մասնակցել ԱԺ ընտրություններին, այլ երբ 98 թվականին որոշեցի Դաշնակցության դրոշի վրա երդում տալ: Սա արդեն քաղաքականություն մտնել էր: Ազգային պայքարին իմ ընկերների հետ մասնակցելով, կռվի դաշտում լինելով, որի մասին շատ չեմ սիրում խոսել: Սա  ցանկացած ակտիվ քաղաքացու կեցվածք է, որ չի կարողանում անտարբեր մնալ մեր փոքրիկ հանրապետությունում անցած-գնացած ամեն ինչի նկատմամբ, որը, ցավոք, կարող է ուղղակի ազդեցություն ունենալ երկրի հետագա ճակատագրի վրա: Յուրաքանչյուրն իր մասնակցությամբ պետք է իր ներդրումն ունենա: Ես միշտ ասել եմ, որ ամենալավ հայրենասերը լավ բժիշկն է, լավ ուսուցիչն է, լավ լրագրողն է, ով բարեխղճորեն կատարում է իր գործը և նվիրված է իր ազգին, հողին, բայց եթե մարդը զգում է, որ ունի որոշակի պոտենցիալ, ունի որոշակի ասելիք և ընկերների հետ կարող է ինչ-որ հարց բարձրացնել, ցավոտ հարցերն այդ ձևով լուծել, նա չպետք է պասիվ լինի: Պատգամավորի աշխատանքը շատ պատասխանատու է, հատկապես` շատ ավելի կարևորվում է նոր Սահմանադրությամբ, և այդ պատասխանատվությունը իմանալով հանդերձ` ես շատ հպարտ եմ, որ իմ կուսակցությունը, որպես թեկնածու, ինձ տեսել է: Իսկ կլինե՞մ, թե՞ չեմ լինի` ցույց կտան ընտրությունները, բայց արդեն որպես թեկնածու լինելը, երբ դիմումի վրա գրված է` մասնակցել է Ազգային ժողովի ընտրություններին ՀՅԴ-ի կողմից` որպես ԱԺ պատգամավորի թեկնածո, սա արդեն ինձ համար պատիվ է: Հենց այդ` թեկնածու առաջադրվելու պատիվը ես ուզում եմ արդարացնել:

- Որքան էլ որ ասենք ռեյտինգային անձերի պայքար է լինելու, սակայն սա իրականում կուսակցությունների պայքար է: Դաշնակցությունն ունի՞ այդ վստահությունը ժողովրդի մոտ: Գյումրեցին կարող է Ձեզ սիրում է, հարգում և Ձեզ քվե կտա, բայց Դաշնակցությանը, որպես կուսակցություն, ընտրողը քվե կտա՞:

- Այս հարցը խոսում է  հենց այն մասին, թե ինչքան բարդ ընտրական համակարգ է: Ճիշտ է, ՀՅԴ-ն քրտնաջան ու հետևողական աշխատանքի, համբերատար, կեցվածք չփոխելու արդյունքում հասավ 100 տոկոս համամասնական ընտրություններին, բայց` 100 տոկոս մեծամասնականի տարրերով, սա իր մեջ ինչ-որ հետաքրքիր տարրեր պարունակում է: Մեր ազգային մտածելակերպը, հայաստանյան իրականությունն է, որ ռեյտինգային բաղադրիչը համարյա մեծամասնականի նման մի բան է դարձել: Նույն ընտրությունները, շատ քիչ տարբերությամբ, կան շատ երկրներում, բայց այնտեղ սա, միանշանակ, համարվում է համամասնական ընտրություն: Մեր հայկական իրականության մեջ, քանի որ դեռևս ամեն ինչ աղավաղված է, կարծես թե այս ռեյտինգայինը դարձավ մեծամասնական, բայց ունենք այն, ինչ ունենք: Շատ բարդ է, որովհետև այստեղ, իրոք, կան որոշ հակասություններ:  Մի կողմից կարող է լինել մեծ համակրանք կուսակցության նկատմամբ, բայց կուսակցության տվյալ ներկայացուցիչն ինչ-ինչ պատճառներով ուղղակի չունենա այդ համակրանքը ժողովրդի մոտ կամ կարող է լինել հակառակը` սիրեն, հարգեն, շատ լավ բժիշկ է, շատ լավ ուսուցիչ է, բայց մարդը չունի այդ սիմպատիան Դաշնակցության հանդեպ, և այդ ժամանակ տվյալ գործիչը չունենա այն ակնկալիքը, ինչին սպասում էր: Բայց սա մեծ հաշվով երկրորդական է, որովհետև առաջնայինը կուսակցությունն է: Ինչքա՞ն է հաջողել կուսակցությունն անկախության այս 25 տարիների ընթացքում, ինչքա՞ն է հաջողել Հայաստանի իրականության մեջ, իր պատմության մեջ  միանշանակ հաջողել է: Ցանկացած ռեյտինգայինում ներառված մարդ չպետք է մոռանա, որ ինքը Դաշնակցության ներկայացուցիչ է: Դաշնակցության դեմքը, Դաշնակցության ասելիքը շատ ավելի բարձր է, քան ցանկացած չինովնիկի, թեկուզ` դաշնակցական չինովնիկի: Այս ամենը եթե կարողանանք տեղ հասցնել, մեծ հաշվով` ընտրողի համար ավելի կարևոր կլինի կուսակցությունն իր ծրագրով:

Զրուցեց Ամալյա ԱՌԱՔԵԼՅԱՆԸ