կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-24 17:28
Տարածաշրջան

Ռուսական ինքնաթիռը խոցելով՝ մեր օդուժը պահեց 78 միլիոնի պատիվը. Դավութօղլու

Ռուսական ինքնաթիռը խոցելով՝ մեր օդուժը պահեց 78 միլիոնի պատիվը. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն քննադատել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշին, ով ՌԴ այցելության ընթացքում Թուրքիայի հասցեին խիստ հայտարարություններ էր հնչեցրել:

Ըստ Radikal-ի՝ Դեմիրթաշի՝ ՌԴ այցը որպես «վատ օրինակ» որակած Դավութօղլուն ասել է.«Մինչ ոմանք արտասահմանում Թուրքիայի անունն են փորձում բարձրացնել, ոմանք մեկնում են՝ Թուրքիայի հեղինակությունը գցելու: Տեսնում ենք՝ ով Թուրքիայի հետ ճգնաժամի մեջ է մտնում, սրանք նրանց կողքին են հայտնվում, ասես` այս երկրում չեն ապրում, ասես՝ այս երկրի խորհրդարանի անդամ չեն: Այս երկրին դեմ ամեն ինչ անելու համար հատուկ ջանք են գործադրում»:

Անդրադառնալով Թուրքիայի կողմից ռուսական ուղղաթիռի խոցումից հետո երկու երկրների միջև առաջացած ճգնաժամին՝ վարչապետը կրկնել է. «Թուրքիայի օդային կամ ցամաքային սահմանը ով էլ հատի, մեր իրավունքն է դրանց դեմ կանգնել»:

«Թուրքիայի օդուժը, պաշտպանելով մեր օդային սահմանը, ռուսական ինքնաթիռների դեմ պահել է Թուրքիայի և Ազգային մեծ մեջլիսի պատիվը, մեր 78 միլիոնի պատիվը: Իսկ ԺԴԿ-ի ղեկավարի՝ «Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռ խոցելը սխալ էր» հայտարարությունը իսկական խայտառակություն և դավաճանություն է: Այս ժամանակահատվածում, երբ ռուսական ինքնաթիռները հրթիռակոծում են  անմեղ թուրքմեններին, արաբներին և քրդերին, վազեվազ ՌԴ այցելելն ու նրանց աջակցելը բացահայտ դավաճանություն է մեր ազգի դեմ: Սա անփութություն է: Հիմա ժամանակն է լսել այն քաղաքացիներին, ովքեր ամեն կերպ քվեարկեցին այդ կուսակցության օգտին»,- ասել է Դավութօղլուն` կրկնելով, որ Դեմիրթաշի՝ Մոսկվայում Թուրքիային վարկաբեկելը մարդկության դեմ դավաճանություն է:

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ այցի ընթացքում Դեմիրթաշն ասել էր, որ Թուրքիան չպետք է խոցեր ռուսական Սու-24 ինքնաթիռը: